ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ

ԻՆՉՊԵՍ ՍՊԱՆԵԼ ԹԱՏՐՈՆԸ

                 Նախ զգուշացնեմ կամ հիշեցնեմ, որ ես ոչ թատերագետ եմ, ոչ գրականագետ, ոչ էլ արվեստաբան, որ այս գրվածքում շաղ տամ վերացական եւ ցաքուցրիվ մտքեր  կամ կցված լինեմ «արվեստագետներից» բաղկացած որոշակի ոհմակների եւ դրանց շահերից ելնելով՝ քննադատեմ եւ խայտառակ անեմ ինչ-որ մի անձի կամ մեկ այլ ոհմակի։

     Ես ստեղծագործող եմ, թատերագիր, գրող, իմ ամբողջ կյանքում աշխատել եւ ստեղծել եմ ներկայացումներ, որոնք ոչ տարիներով չեն իջել բեմերից, ոչ միայն ներկայացվել են Հայաստանում եւ արտերկրի գրեթե բոլոր հայաշատ վայրերում, այլեւ այդ ստեղծագործություններում արտահայտված մտքերն ու նախադասությունները վերածվել են ասույթների եւ տասնամյակներ շարունակ հնչել են հանդիսատեսի շուրթերից։

     Եւ հիմա (թող մեծամտություն չթվա կամ եթե թվում է՝ թող թվա) ես կարծում եմ, որ ունեմ բավարար վաստակ, որպեսզի ինձ թույլ տամ խոսել  մեր թատերական աշխարհի թե լավ կողմերի եւ թե ախտոտվածության մասին։

     Լավ կողմերի մասին կխոսեմ կարճ. հանրապետությունում կան բազմաթիվ երիտասարդ եւ միջին տարիքի տաղանդաշատ դերասաններ, որոնք ուղղակիորեն չեն կարողանում գտնել իրենց ճշգրիտ տեղը, իրենց թատրոնը, թատերախումբը, բեմադրիչի։ Վերջիններս էլ չեն կարոողանում գտնել հեղինակի։ Բայց «չեն կարողանում» բառակապակցությունը տվյալ պարագայում տեղին չէ, որովհետեւ մեր թատրոնների ղեկավարների մեծամասնությունը բնակվում է ոչ թե իրենց տանը, այլ 20-րդ դարում, շատերն էլ 19-րդ։ Հնացացած են թեապրելակերպով, թեմտածողությամբ եւ թետեսքով, թեփտածությամբ։ Իսկ դերասաններընրանք կամ գնում-կորչում են սերիալներում կամ հպատակվում են վերոհիշյալ անտաղանդներին ու նրանց դուքաններում դառնում են անշնորհքության կամակատար։

      Ու այդ ամենից ելնելով՝ չեմ կարող չխոսել հիմա «Մայր թատրոն» անվանվող հաստատության աննպատակ ու անհիմն գործունեության մասին։

     Նախ խոսենք խաղացանկից։ Օրինակ, ի՞նչ նոր բան է ներկայացրել այդ թատրոնը վերջին 3-4 տարիների ընթացքում։ Ինչո՞ւ եմ շեշտում «նորը»։ Որովհետեւ թատրոնը եւ ընդհանրապես արվեստը՝ ժամանակի շունչն է եւ հանդիսատեսը, որը նայում է խաղացանկի պաստառին, առաջին հերթին մտածում է՝ «Իսկ ի՞նչ նոր ներկայացում կա, ի՞նչ նոր հեղինակներ կան, ի՞նչ նոր բեմադրիչի գործ կա, ինչպիսի՞ նոր դերասաններ են ներգրավված դրանցում»։ Բայց թատերասերը տեսնում է «Պեպո» (թե ինչ է նշանակում Պեպո՝ էդ էլ մարդ չգիտի, գոնե ասենք լիներ Պետո կամ Պետյա)… հա,  որի մասին գիտի 10 տարեկանից,  երբ դպրոցում заставит -ի ենթարկվելով «կարդացել» է այն (թեեւ կարդա-չկարդա՝ դժվար բան հասկանա այդ թիֆլիսա-հայա-ադրբեջանական բառակույտերից՝ «Դե փիքր արա Պեպան, որ բիրթումը բեհեսաբ նամաղուլ անես»)… Հետո տեսել է դրա ֆիլմը ու հասկացել է, որ 100 թումանի անվերջանալի բազարը լավ չի վերջանում ու Պեպոյին տանում-փակում են։  

     Չէ, ես շատ լավ հասկանում եմ, որ եթե թատրոնը կրում է մեծն թատերագիր Գ. Սունդուկյանի անունը, այնտեղ, իհարկե, պետք է լինեն նաեւ հիշյալ հեղինակի գործերից։ Ավելի շուտ՝ պետք է լինեին, շուտվանից, բայց ոչ հիմա։ Թատերասերը տեսնում է «Մեծապատիվ մուրացկաններ» եւ ընկնում է դեպրեսիայի մեջ, որովհետեւ գիտե դրա մասին, վաղուց գիտեՈւ ինչքան էլ դրա բեմադրիչը (գլխավոր բեմադրիչը) «նորարարություններ» ներմուծի (մի բան, որ շատ կասկածելի է, որովհետեւ հին մարդը եւ նորարարությունը՝ դա այն երկու երանիներն են, որոնցից մեկը Չարբախում է լինում, մյուսն էլ Երկրորդ Մասիվի Տիգրան Մեծի այլանդակ արձանի հետեւը պախկված։       

       Բայց դա էլ ոչինչ։ Եթե թատերասերը ավելի ուշադիր նայի պաստառին, ապա կտեսնի ժամանակակից արվեստի մի աննկարագրելի շեդեւր, որն անվանվում է «Հարսնացուն հյուսիսից»։ Այսինքն սովետական անագորույն տարիների մի կատակերգական ֆիլմի թատերանմանակում (որը ինչ-որ ժամանակ եղել է այդ թատրոնում) եւ որը ներկայացվում է, որպես աննախադեպ պրեմիերա։ Դրա սյուժեն էլ հո բոլո՞րս գիտենք։ Հայ գեղցի տղեն բանակ տեղը խլրտումներ է ունենում մի ռուս անմեղագույն մատրյոշկայի հետ, հետո ասում է լավ, բեր պսակվեմ սրա հետ, մեկ է խիյար գյադա եմ ու իմ գեղի վիշապակերպ աղջնակներն անգամ ինձ չեն տասեր, էլի։ Ազգուտակն էլ հավաքվում գնում է Ռուսաստան, կատաղում-կատաղացնումէ տեղի անմեղ բնակչությանը, բայց վերջում աղջկան տալիս են, որ էդ մի ուտող բերանից էլ պրծնեն։ Էսքան բան։ Ու հիմա դա պիտի լինի թատրոնում, Մայր թատրոնում, ոչ թե ասենք հայր, հոպար, քեռակին կամ այլ թատրոններում։

     Թող չմտածեն, թե ես միտումնավոր կերպով վիրավորում եմ թատրոնի ղեկավարությանը, դերասաններին, լույսի վարպետներին եւ բեմի բանվորներին։ Ընդհակառակը։ Մտածում եմ՝ բա էդ անձնակազմը, որտեղ կան թե հասուն տարիքի եւ թե երիտասարդ տաղանդաշատ ուժեր, ուժեր, որոնք տենչում են, երազում են մի նոր, մի թարմ հեղինակի պիեսում խաղալ, երազում են, որ մի նորովի մտածող ու գրագետ բեմադրիչ իրենց հնարավորություն կտա դրսեւորվել, ասել իրենց խոսքը արվեստում՝ Ի՞ՆՉ ԱՆԵՆ ՆՐԱՆՔ։ Գան կանգնեն անտաղանդ բեմադրված հնոտիք-ներկայացման հետնամասում որպես ֆոն պահող զանգվածային տեսարանների մանեկե՞ն։

     Ես հիշում եմ, երբ 80-ականներին բեմադրվեց Պերճ Զեյթունցյանի «Անավարտ մենախոսությունը»։ Բեմադրվեց պիես, որը հենց 80-ականների մասին էր, մեր առօրեա կյանքի մասին ու հանդիսատեսն այն ընդունում էր որպես բնականոն երեւույթ, մենք ապրում ենք 1985-ին ու դիտում ենք 1985-ի կյանքի (մեր կյանքի) մասին բեմադրություն։

Հիմա էլ կան պիեսներ, իբր ժամանակակից թեմաներով, ասենք Արցախյան պատերազմի մասին, բայց երբ այն նայում ես՝ ուղղակի նայելդ չի գալիս ու վերջ։ Ինչո՞ւ պիտի մեր հանդիսատեսը հիմա չտեսնի 2017 կամ 18 թվականների կյանքից որեւէ պիես։ Ինչո՞ւ։ Ինչի՞ց է վախենում այդ թատրոնի բեմադրիչը։ Իշխանությունների՞ց, որ իր կարծիքով կարող է լավ չհասկանան, իրեն նեղեն, բյուջե չտրամադրեն։ Այսինքն, 80-ականներին Խորեն Աբրահամյանը չէր վախենում սովետական բիրտ իշխանություններից ու ԿԳԲ-ից, իսկ այժմյանը վախենո՞ւմ է։ Չեմ կարծում։ Էստեղ ուրիշ բան կա։ Ավելի շուտ՝ չկա։ Չկա ողջ եւ առողջ հեղինակի հետ աշխատելու կուլտուրա։ Կա միայն այսօրինակ վախ՝ «Ի՞նչ գործ ունեմ, հազիվ մի քանի դրամ բյուջե են տվել՝ էն էլ մի մասը տանք հեղինակի՞ն, համ էլ հավես կա՞, դրա հետ գործ անես, ասի՝ էս նախադասությունը մի հանի, սա թող, հետո էլի փող ուզի, խի մենք փող ունե՞նք։ Հենա Սունդուկյանի սաղ պիեսները սունդուկիս մեջ են, Պարոնյանի գործերն էլ դեմս դրած, ինչ ուզեմ կանեմ, ոչ կզզվացնեն, ոչ փող կուզեն, որովհետեւ մեռել են»։ Բայց այ այստեղ կցանկանայի ասել՝ «Բայց տղա ջան, մեռնեմ էն կաբինետիդ թատերական գահին նստելուդ ձեւին, ախր Բրեժնեւն էլ ա մեռել, էդ էէլ կա, չէ՞, բա հիմա 2018 թիվն է, երկրում մեծ փոփոխություններ են եղել, բա դու, որպես բեմադրիչ ու ղեկավար պիտի մի բանով չարձագանքե՞ս, բա էսքան տարի անցուդարձ է եղել քո երկրում, դու գեթ ՄԻ ներկայացման դրվագ արել ե՞ս, որ մի թեթեւ արտացոլում գտնեն դրանք։

Ես համարյա չեմ շփվել մշակույթի նախարարների հետ, կախվածություն չեմ ունեցել նրանցից, բայց նրանց փոխարեն կհրապարակեի մի այսպիսի հրովարտակ՝ «Եթե որեւէ պետական թատրոն ամեն տարի չբեմականացնի գոնե երկու ժամանակակից հեղինակի պիես՝ фиг вам բյուջե, գնացեք ձեր թատրոնների փոշոտ половик-ները լիզեք։  

     Բայց ամպագոռգոռ բաներ ասելուց հո լա՞վ եք։

     Բա էդ դուք չէ՞ք, որ ձեր ելույթներում եւ ամենուր մի էսպիսի գռեհիկ ու քստմնելի արտահայտություն եք գործածում՝ «ԹԱՏՐՈՆԸ ՊԻՏԻ ԼԻՆԻ ԱԶԳԱՅԻՆ»։ Նախ, թատրոն հասկացությունը, սիրելիդ իմ գեղարվեստական ղեկավար՝ ՊԻՏԻ բառը չի ընդունում։ Երկրորդ, եթե «պիտի» լինի ազգային, բա ո՞րն է քո արարած ազգայինը, Պեպոյի «Բեհեսաբ նամաղուլը՞» թե՞ կարող է մի հատ էլ «Նամուս» բեմադրես, ինչն ընդհանրապես հայերեն բառ չի։ Թե՞ Արտավազդ Արքայի պես ուզում ես ռեկվիզիտի փոխարեն Կրասոսի գլուխը հանես ու շպրտես հանդիսատեսի վրա։ Իսկ եթե ՊԻՏԻ-ով ես ուզում խոսել, ապա կասեմ՝ այսօրվա թատրոնը պիտի լինի բազմամշակույթ եւ միջազգային,  պիտի ունենա դասական, բայց ավելի շատ ժամանակակից խաղացանկ, պիտի ունենա թատերական նորագույն հնարքների տիրապետող ամենաքիչը հինգ տաղանդաշատ բեմադրիչ, երեսունից ավել տաղանդավոր դերասան եւ թատրոնի ղեկավարը պիտի առաջին հերթին հաշվի նստի նրանց հետ, այլ ոչ բոլորին նետի մի անկյուն, ինքը կանգնի արդեն փուլ եկող իր պատվանդանին։

     Ու միայն Մայր թատրոնի վիճակը չէ, որ ողբերգական է։ Այլ թատրոններում էլ կտեսնես, ասենք «Ռեվիզոր»։ Ինչի՞, ախր, դու էդ ինչ պիտի անես այդ հանրահայտ կատակերգության հետ, ո՞նց պիտի նոր շունչ հաղորդես, որ հանդիսատեսն ուզի դա դիտել։

     Ու ինչի՞ն են նայում թատերագետներն ու արվեստաբանները։ Ինչի՞ մասին են խոսում, ո՞ւմ մասին են խոսում։ Ասե՞մ։ Ասեմ։ Նրանք խոսում են Փափազի, Ավետի, Հրաչի ու մյուս հին դերասանների մասին։ Այսօր, 2018-ին, հեռուստատեսությամբ։ Նրանք անգամ Խորեն Աբրահամյանի կամ Մհեր Մկրտչյանի մասին չեն խոսում։ Փափազ ու վերջ։ Բա այ թատերագետներ, ձեր գործը ո՞րն է, դուք նայում ե՞ք ժամանակակից աշխարհին, թատերական արվեստի նոր եղանակներին։ Որեւէ փառատոնի մասնակցում ե՞ք դուք, նոր բեմադրիչի, հեղինակի, դերասանի մասին մի բան գիտե՞ք։ Ես 80-ականներին ավարտել եմ Թատերական ինստիտուտը ու նույն թատերագետները, որ այսօր խոսում են Փափազից՝ ինձ եւ իմ համակուրսեցիներին էլ էին նույն բանը պատմում։

     Դուք չեք մեծանո՞ւմ, տղերք։ Թե՞ էնքան եք մեծացել, որ արդեն էլի փոքրանում եք։

     Դուք չեք հասկանո՞ւմ, որ եթե նստեցիք որեւեէ թատրոնի գեղարվեստական ղեկավարի գահին՝ առաջին բանը որպիտի անեք՝ դա այն պիտի լինի, որ անհապաղ հրավիրեք թարմ ուժերի, տաղանդաշատ բեմադրիչների, երիտասարդներին մղեք առաջ, նոր գործեր բեմադրեք։

     Այլ ոչ տասնամյակներով նստեք աթոռին, սրան նրան հրաման տաք, մյուսների բեմադրած պիեսները խաղացանկից հանեք (որովհետեւ 1. լավն են, 2-րդ՝ ձեր բեմադրածը չեն)… Հետո 30-40 տարի շարունակ պետությունից թոշակի նման փող ստանանք ու տարին մեկ էլ մի հատ 150 տարվա հնության «պիես» բեմադրեք, որոնք, գուցե լավ գործեր լինեն, բայց մարդիկ հոգնել են դրանցից, հոգնել։ Ու եթե հիմա լավ ներկայացումներ էլ փորձեք անել՝ մեկ է, չեք կարող, քանի որ անուս եք, չկարդացած։ Երեւի ձեր կարդացած միակ գիրքն անվանվել է «Ինչպես սպանել թատրոնը»։

     Ու նորից եմ կրկնում՝ մարդիկ ձեզնից հոգնել են։ Իսկ եթե մի քիչ էլ որ հոգնեն, այդ հոգնելուն կհաջորդի հոգնան, դա էլ մի մոռացեք։


ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ