ԿՈՄԻՏԱՍԸ, ՄՅՈՒՍ ՄԵԾԵՐԸ ԵՎ ԴՈՒՔ
(հատված
«ԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ»
նորագույն վեպից)

Ես մտածում էի կովի մասին, մտածում էի Ջաբրայիլի մասին ու բոլոր մտքերս խառնվել էին իրար։
«Մենք հարգում ենք մեր մեծերին»,- անընդհատ ասում են սրանք։ «ՄԵնք, մեր մեծերը», ավելացնում են, ազգովի գնում, կանգնում են օդակայանում, որ Ազնավուրին դիմավորեն։ Մեծերից մեծին։ Եւ դա ուրախալի է։ Բայց ինչի՞ համար եք գնում, կանգնում։ Որ ձեր սմարթֆոններով նկարվեք ու ֆեյսբուք գցե՞ք։ Հա՞։ Ճիշտ եմ, չէ՞։
- Բայց այ ձեր ցավը չտանեմ ես,- բարձրաձայն սկսեցի մտածել,- ձեր քաղաքում, օրինակի համար՝ կա՞ մի սրճարան, որտեղ Ազնավուր հնչի։ Կամ որ նույն մեծերին հարգելով մտնում եք ու Ազնավուրի, Մանսուրյանի կամ մեկ այլ մեծի մասին ինչ-որ ապուշ հոդվածի տակ կեղտոտ խոսքեր եք գրում, ինչ է, թե նա չեզոքություն է պահպանում… չի միանում ձեր մուրացկանական պայքարների լաց ու կոծերին… ինչ է թե նա ձեզ «սիրողների ու պաշտողների», բայց հետո լավներդ ֆաքողների պես չի ասում՝ «Վայ, ինչ մեղկ է իմ ժողովուրդը, նրան խաբում են, ծեծում են, վայ, ինչ կեղտոտ մարդիկ են դա անող իշխանությունները»։ Ի՞նչ։ Էդպես չի՞։ Հանե՞մ ցույց տամ, թե ինչեր եք գրում։ Ցույց տամ, ընդամենը մի հատ՝ ահա, Mane Ushxanyan - Ba xi Aznavur@ joxovrdi poxer@ lapoxneri masin ban chi asum caxvac mtaVORakan@… Սա ո՞վ է գրել։ Ազգի մեծերին սիրող է՞ գրել։ Բայց ախր այս գարշատառեր շարողը մի հոգի չի, տաս հոգի չի ու հազար հոգի չի։ Սրա նման հարյուր հազար կա… սրա նման ստորածին լիրբ… սրա նման հավի չանչերով գրող… սրա նման կեղտաշուրթ երեսով… սրա նման քրտնախաշ կրծքերով, սրա նման նեխաբույր արգանդով… որից իր նման խառնածիններ են ցկնվել կամ դեռ ցկնվելու։ Իր նման ճղճիմ, պուճուր գարշանքիկներ, չորրորդ օրվա թրաշով ծնված՝ ճիվաղ մուղամքաշներ… Որ կլկլացնեն իրենց բայաթին… Արարատի սուրբ գագաթից մինչեւ Ամուլսար…
Այստեղ էլ չդիմացա։ Կանգ առա։
Ու գոռացի,-
- Հե՜յ, այ առաջին քրիստոնյաներ… էս քաղաքում ընդհանրապես քանի՞ տուն կա, որտեղից կիրթ երաժշտություն է հնչում։ Քանի՞։ Մի քսա՞ն, երեսո՞ւն։ Բա մնացածից ինչի՞ է թշնամական մուղամախառն վայնասուն հնչում, ապիկարներ, ինչի՞…
Ձայնս կորավ, ինչպես եւ այս խոսքերը կկորչեն, կգնան։
Ի՞նչ ասես, սիրում են։ Անգամ սուպերմարկետներում սրանց համար այնպիսի երգեր են միացնում, որտեղ արաբական ելեւեջներ կան, որովհետեւ գիտեն, որ դա սիրում են։ Նրանք չեն կարող գեղեցիկ բաներ սիրել, գեղեցիկ կին սիրել, գեղեցիկ երգ սիրել, գեղեցիկ բանաստեղծություն սիրել, նրանք կարող են թրիք ու աթար սիրել։
Սրանցն այն սերն է, որը միայն աթարին է կպնում։
Սիրում են կլկլոցը, սիրում են մահմեդականը ու սերիալների անուններն էլ են դնում դրանց ոգով… …հատուկ մտածված դնում են ազիզյաններ, որովհետեւ գիտեն, լա՜վ գիտեն, որ էդ էս չմոներին դուր է գալու, նրանք սիրում են «Վախ, ազիզ», նրանք ռաբիզ են, նրանք չեն սիրի Խաչատրյան, Մաթեւոսյան… նրանք կսիրեն ազիզյան…
Էս ի՞նչ եք դիտում, ի՞նչ եք լսում, ի՞նչ եք երգում, ո՞ւմ համար եք երգում…
Կոմիտասն ասում էր` դուք ձեր տանը մեջ երգեք. օտարն ականջ ունի` կլսի, աչք ունի` կտեսնի:
Բայց դուք կթողնեի՞ք, որ Կոմիտասը նման բան ասի։ Երբեք չէիք թողնի։
Ձեզ պետք չի, թե ինչ կխոսի Կոմիտասը, ձեզ պետք է, թե ինչ կխոսեք դո′ւք Կոմիտասի մասին։
Բա, հիմա զարմանալի է՞… ասացեք, բոլոր ժամանակների արհեստավարժ հայրենասերներ. զարմանալի է՞, որ հայ երաժշտությունը, արվեստը, կենցաղն ու ոգին մաքրազերծող, մահմեդականն ու հայկականը իրարից զատող Կոմիտասը գտնվում էր հոգեբուժարաններում։
Զարմանալի չի, որովհետեւ ձեզ խանգարում են ողջ մնացած հանճարները։ Դուք շատ կուզեիք, որ Կոմիտասն էլ Զոհրապի նման եղեռնի զոհ դառնար… հա, կուզեիք, որ միանգամի′ց լացն ու կոծը դնեիք, այլ ոչ թե մի քսան տարի հետո։
Եւ Կոմիտասը ձեզ պետք էր, բայց գժանոցում։ Զազրելի թուրքի յաթաղանից մազապուրծ, ցնցված, բայց խելքը չկորցրած, ազդված, բայց սթափ ու մտածող մարդուն տարաք ու փակեցիք գժանոցում։ Ինչի՞ համար։
Որ արդեն իրեն լավ զգացող Կոմիտասը նստեր սեղանի առջեւ եւ սկսեր ինչ-որ բաներ գրել, բայց հանկարծ ներս մտներ ոմն բժիշկ Թորգոմյան ու զայրանար՝ «Ձեզի չըսի՞, թե պիտի չաշխատեք»։ Բայց ինչի չաշխատի, այ վնասարար, ինչի՞։ Չաշխատի, որ դուք ձեր սինքլոր ազգային ջոջերով, ձեր գեղցի փողատերերով, ձեր անհավատ տերտերներով, ձեր խափեբա քաղաքական գործիչներով, հնչակ-դաշնակ-կաչաղակներով ու ձեր անտաղանդ երգիչ-բանաստեղծներով՝ ինչ ուզեք անեք, ում ուզեք անեք… որ մուղամ քաշեք, «Մասիս սար» արտասանեք… հետո ձեր նման պղծված սերունդներ ցկնեք ու բազմացնեք… դրանք էլ դնեն ու Երեւանից Լոս Անջելես բայաթի քաշեն, «Ախ իմ մորթված ազգ» ասմունքեն ու վերջնականապես ապականեն էս ազգի հոգին, պղծեն ժողովրդի էությունը։
Ու դուք էլ հանգիստ, բարձրաձայն ու զրգան ձայնով հայտարարեք,-
- Կոմիտասը դա մեր ազգի հանճար է, որը…
Ե՞ւ։
Հա… Բժիշկը զայրանում է… «Ձեզի չըսի՞, թե պիտի չաշխատեք»… Որից հետո մի լավ բարեկամ՝ Աստվածատուր Հրենցը ասի «Այդ պահեն կսկսվի Կոմիտասին ատելությունը մարդոց դեմ, բոլոր անոնց դեմ, ովքեր իր բարեկամներն են եղել երեկ»:
Որ երբ փորձեն իրեն այցելել, Վարդապետն ասի,-
-Մարդ չեմ ուզեր, գնա՛: Գնա՛ կըսեմ մենակ մնալ կուզեմ: Եղբա՛յր իմ, տունս չէ աս, ազատ չեմ ուզածիս պես ապրելու, մարդ չեմ ուզեր, գնացե՛ք, ելե՛ք դուրս:
Որ հետո, իր սանուհիներ Բեքմեզյան քույրերը, սովորական հաց ու շոկոլադ տանեն իրենց ուսուցչին ու հետո գրեն «Սպիտակ հա՜ց,- կարոտալի աչքերով կանչեց Կոմիտասը եւ կերավ ագահությամբ»:
Մեծահարուստներ, բարեգործական ընկերություններ… Ո՞ւր եք, այ ծախու ոհմակներ… Ո՞ւր եք։ Ձեզ պետք է, որ Վարդապետին այնպես խնամեն, այնպես կերակրեն, որ իր մոտ բարեկամին ասե՞ր,-
- Այն հացը որ իմ առջեւ կդնեն՝ շունը չուտեր… իմ ոչ միայն հացը ուտվելիք հաց չէ, այլեւ հաճախ հացին ու ապուրին միջեն մազի թելեր, չվանի կտորներ կհելնեն…
Որ մարդուն հարցնեին, թե ինչ է ուզում, նա էլ պատասխաներ,-
– Ես իմ տունս կուզեմ, իմ ընտանիքս, իմ գրասեղանս ու գույքս կուզեմ: Ինչո՞ւ համար գորգերը քաշեցին տարան իմ տունե, ո՞վ արտոնեց իրենց: Ո՞ւր են Փանոսի նկարները: Ես իմ բանալիներս կուզեմ.. Իմ ժողովուրդես զիս ինչո՞ւ զրկեցին.. Ո՞ւր է իմ դաշնակս, ո՞ւր է իմ խոհարար վարպետս, ո՞ւր ցրվեցին իմ աշակերտներս…
Բա ինչի՞ եք ասում, որ Վարդապետը լռում էր, ինչի՞ եք նման ֆրազներ գործածում, ինչ-որ ֆիլմեր նկարում ու ինքներդ նայում՝ վարդապետի լռություններ ու ձեր արած …ություններ… Դե իմացեք, որ եթե Վարդապետը լռում էր, ապա միայն այն պատճառով, քանի որ զզվում էր ձեզնից, ձեր նման հայրենասերներից։
Որ հետո Վարդապետի ողջ մնացած բարեկամները նյութական օժանդակություն կազմակերպելու համար դիմեն Երուսաղեմի պատրիարքին, գրելով «Հայ ժողովրդի սոխակը վանդակված է եւ զուրկ կորեկեն», ու որին «Մեր սնդուկը դատարկ է»,- պատասխանի պատրիարքը:
Ավելի ճիշտ՝ պատասխանի պոռնիկի տղա պատրիարքը։
Հա՞, էսպես ճիշտ է՞ մեծին վերաբերելը։
Մեծերից մեծին։
Որ հիմնադրամ կազմակերպեն Թիֆլիսում… ու հետո, նրան խաբելով փորձեն տանել Փարիզ… որ ուղեկիցները հետո գրեն՝ «Կոմիտասը դիմադրում էր, չէր ուզում ավտոկառք նստել ու անընդհատ «անառակներ», «ստորներ» բառերն էր արտասանում… որ հետո ծաղկեփունջ նվիրեն, նա էլ վերցնի ու շպրտի ծովը: Ու հետո, կյանքի վերջին 20 տարիները անցկացնի Փարիզի Վիլ-Եվրայի հոգեբուժարանում, որովհետեւ ասել էիք, թե շիզոֆրենիայով է տառապում։
Բա էսքանից հետո՝ Կոմիտա՞սն է տառապում շիզոֆրենիայով, թե՞ դուք, ազգի փրկիչներ, հայրենասերներ, կուսակցական աղբանոցներ, «մեր մեծերը» ֆրազը զուգարանի թղթի տեղ գործածող մարդահալածներ…
Բա հենց սրա պատճառով է, որ երբ մեկի մասին ասում են «Բայց ինքը հայրենասեր տղա» ա՝ ուզում եմ տանել Մեծ Հայքի Տուրուբերան նահանգը ու տուրուբերան անել… կամ էլ ենթարկել ամենավերջին ատյանի կողմից սահմանված պատժի, որը լատիներեն, հին հունարեն եւ սկյութերեն կոչվում է «տիրոջմեր»…
Բարկացա։ Ցանկություն չունեմ խոսելու։
Չնայած ինչո՞ւ չխոսեմ։ Ո՞նց չխոսեմ։ Ո՞նց չխոսեմ, ախր ես հայ մարդ եմ, ես հայկական արվեստ եմ սիրում, իսկ շրջապատում չեմ տեսնում, չեմ լսում հայկական արվեստ։ Ո՞ւր եք տանում-կորցնում էդ հայկականը, որտե՞ղ եք թաքցնում։ Ափսոս չի՞։ Ինչի՞ եք օտարների… կամ անգամ բարեկամ-օտարների ստեղծածը բերում ու խառնում ազգայինին։ Օրինակ ես շատ եմ սիրում եւ հարգում այլ ժողովուրդների երգարվեստը։ Սիրում եմ ռուսական, իտալական, վրացական, եզդիական եւ քրդական երգեր։ Բայց ես չեմ սիրում, երբ քրդական ազգային երգը դարձնում եք հայերեն ու երգում՝
«Ելնենք Սասուն իջնենք Վան
ք…նեմ ձեր տիրոջ մաման»…
Ինչի՞ եք նման բան անում։
Այնքան լավ, այնքան մաքրամաքուր ազգային երգեր կան… Համասյան կա… մշակում է դրանք, կատարում է… եվրոպացիներն են լսում, ամերիկացիներն են լսում… իսկ դուք կլկլաոռնոց եք լսում… ամեն վայրից կլկլաոռնոց է հնչում… լինի հարսանիք, լինի փողոց, կնունք, ծնունդ, թաղում։ Բայց եթե ամեն կողմից 3D կլկլացնում եւ ոռնում եք, դուրս է գալիս, որ շատե′րդ եք այդպիսին… մոտավորապես տասից յոթը։ Ի՞նչ է դուրս գալիս։
Ի՞նչ է դուրս գալիս, արա՜…
Գիրքը կարող եք ձեռք բերել հետևյալ հասցեներում՝
ԶԱՆԳԱԿ - Աբովյան փ., 7,
ԶԱՆԳԱԿ - Կոմիտասի պող., 49/2
ԶԱՆԳԱԿ - Ծիծեռնակաբերդի խճ. 3 «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնի 2–րդ հարկ` «Սինեմա սթար» կինոթատրոնի տարածք)
ԲՈՒԿԻՆԻՍՏ - Մասնաճյուղ՝ «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնի 1–րդ հարկ` ՍԻԹԻԻ դիմաց)
ԶԱՆԳԱԿ - Փափազյան 8 («Ռիո մոլ» առևտրային կենտրոնի 2–րդ հարկ` «Սինեմա սթար» կինոթատրոնի տարածք):
ԲՈՒԿԻՆԻՍՏ - Մաշտոցի պողոտա 20
ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - Աբովյան 8