ընթերցասրահ

     - Մի խոսքով, Բալաբեկ, ուզում եմ քեզ վերջին անգամ ասել, որ չի կարելի կյանքում լինել զզվանք։

     - Այսինքն։

     - Վատ բաներով ու վատ բառերով չի կարելի արդարացնել սեփական անասնությունը։ Ես քեզ թվարկեմ բառերի մի ցուցակ ու դու հարյուր տոկոսով իմացիր, որ այդ բառեր գործածողի մայրիկը չի փայլել բարոյական հատկանիշներով…

     - Այս՞ինքն՝ չի փայլել։

     - Այսինքն՝ էդ բառերը գործածողի մաման… ո՞նց ասեմ, լավ կին չի եղել, էլի, օջախի աղջիկ չի եղել, Բալաբեկ։ Կարելի է ասել, որ նա սեռական ծառայությունների համար վարձատրվող կին ա եղել։

     - Հա՜…

     - Ուրեմն, այն բառերի ցուցակը, որոնք սովորաբար արտաբերում են սեռական ծառայությունների համար վարձատրվող կանանց զավակները։

     «Կերակրատաշտակ, լափաման»՝ տես, սա սոված չմոներն են ասում բոլոր իրենց աշխատանքով ապրող մարդկանց մասին, ասում են «Իշխանական լափամանից օգտվող տականքները», նման բան չգրես հանկարծ, որ չասեն, թե մամադ սեռական ծառայությունների համար վարձատրվող կին ա եղել։ Նաեւ չասես ու չգրես՝ «Մտավոռական, պալատական ծաղրածու», որովհետեւ նման բան գրողը աղքատ, փնթի, անգրագետ, քրտնած ու դասակարգային պայքարի ելած պրոլետարիատ-չմո ա լինում։ Հա ու մեկ էլ սրա-նրա մասին վատ բան գրելուց, նրա մասին չգրես «Թուրքի լամուկ», նման բաներ գրում են ֆեյսբուքում իրենց սարսափազդու նկարի փոխարեն վախից ծաղիկի ցողունի նկար դրած, գեշ, այլանդակ, սմքած ու նեխած հեշտոցակիր պառավները, որոնք կարող են եւ 30 տարեկան պառավ լինել։ Իրենք տանը հայերեն բառերով թուրքական մուղամ են լսում, բայց մտնում են ֆեյսբուք ու իրենց չսիրած մարդու մասին գրում են turki lamuk… պատկերացնում ե՞ս, թե ինչ աստիճանի սմքած հեշտոցակիր պառավներ են սրանք… անգամ եթե տղամարդիկ են՝ միեւնույն է… ուրիշ ոչ մի մարդ նման բան չի գրի, բացի սրանցից

     Ու ես հենց էնպես չեմ շեշտում սմքած հեշտոցակիր երեսնամյա պառավներին, որովհետեւ հենց այդ պահին, երբ կանգնած էի քաղաքամայրի փողոցներից մեկում՝ նկատեցի իրար կողք կանգնած երկու երեսնամյա տատիկներ, որոնցից մեկը մյուսին ասաց,-

     - Ամալյա, բայց ջոկում ես, թե ինչքան (վատ ածական) …հնդիկներ են լցվել Հայաստան։

     - Ահավոր ա, Ռուզան ջան, բա դրանք իրանց բարքերն են բերում, դրանք գիտե՞ս ինչ վտանգավոր են։

     - Հա, բա էդ եմ ասում, դա դեմոգրաֆիական աղետ ա մեր էս ժողովրդի համար։

     - Էդ չգիտեմ, բայց մեր դրանք մեր ժողովրդի աշխատատեղերն են խլում, է, դրանց դեմ պետք ա մի բան անել։

     - Դե հեն ա, պետիցիա էին սարքել դրանց դեմ, ես մտե-ստորագրել եմ…

     - Դե տեղը կասես, որ ես էլ ստորագրեմ…

     Չգիտեմ, թե էլ ինչեր խոսեցին այս երկու պտղաբանջարանոցային կուլտուրաները, բայց ես հիշեցի դրանից մի քանի օր առաջ կատարված մի շատ հետաքրքրական, բայց ոչ արտառոց միջադեպ։ Դա տեղի ունեցավ մեր մայրաքաղաքի բակերից մեկում, որտեղով հաճախ էի անցնում եւ ամեն հաճախ անցնելուց՝ ավելի քան հաճախ նկատում էի, որ բակի զրուցարանում՝ նստած են… նստած չեն, է՞, փռված են բլոտ խաղացող հաղթանդամ տղամարդիկ, որոնք բլոտ են խաղում արաղ խմելով, խաղում են դանդաղ, խաղում են անհագուրդ եղանակով։ Այդ օրը նույնպես, փռված կերպով բլոտ էին խաղում չորս հատ առողջ եւ երիտասարդ տղամարդ, այսինքն չորս հատ բեղմնականխարգելակ, ասել է, թե չորս հատ անցանկալի հղիությունը կանխելու միջոց։ Բլոտ էին խաղում, արաղ էին խմում ու ծխում էին։ Թե ինչպես կարելի միանգամից անել երեք բան. բլոտ խաղալ, խմել ու ծխել՝ մնում է անհայտ։ Խաղում էին շատ դանդաղ, ծուլորեն, որովհետեւ, երեւի հոգնած էին։ Տպավորություն կար, որ չորսն էլ դրանից առաջ թափել են երեսուներկու վագոն չուգուն, քաշել են ութ շոգեքարշ եւ փորատել են նվազագույնը հինգհարյուր կիլոմետր լեռնային թունել։

     Մի խոսքով, բլոտ էին խաղում, արաղ խմում եւ խոսում էին,-

     - Ախպեր, բայց լուրջ եմ ասում, էդ արտասահմանցիները որ լցվել են Հայաստան՝ լրջով խփում են մեր գործին։

     - Ովքե՞ր, ախպեր, էն հնդիկները, պակիստանցիները՞։

     - Հա, բա, դրանք սաղ էժան աշխատուժ են, չէ՞, սաղ գործերը արդեն մանդրից իրանք են վեկալում։

     Չցանականալով խանգարել աշխատավոր դասակարգի սոցիալական մտահոգություններից եւ բողոքներից կազմված մտքերի շղթան՝ ես կանգնեցի մի փոքր հեռվում, ծխախոտ հանեցի եւ սկսեցի այֆոնս փորփրել։ Այսինքն՝ իբր ծխում եմ, այֆոն եմ փորփրում, ոչ մեկին վնաս չեմ տալիս, ոչ մի բան չեմ տեսնում, եւ մանավանդ՝ ոչ մի բառ չեմ լսում։

     - Սենց որ գնա, ախպեր,- շարունակեց մյուս ազնիվ, աշխատատենչ եւ թանկ վճարվող աշխատուժը,- մենք էլ վափշե գործ չենք ունենա։

     - Բա, հեսա մանդրից ձմեռն էլ գալիս ա ու պռոստը փող չկա։

     - Չկա, ո՞րտից ըլի։

     Ու մեկ էլ հանկարծ հնչեց մի այսպիսի ձայն։

     - Ո՞նց չկա, է, արա, խի՞ չկա։ Լավ էլ կա։

     Ասողը դեղին կեպկայով մի տղամարդ էր, որն իմ հեռախոս փորփրելու պահին՝ եկել-կանգնել էր սրանց գլխավերեում։ Հետո պարզվեց, որ դա նույն բակում ծնված, մեծացած, այնուհետ Լոս Անջելոս գնացած, էնտեղ երկար ապրած ու հիմա որպես տուրիստ եկած իրենց ընկերն էր։ Ու նա շարունակեց,-

     - Ախպեր, փող կա, գործ կա, այ սենց, ես տասհազար դոլար դնում եմ։

     Տասհազար դոլար բառի վրա չորս կոնտացեպտիվներն էլ մարմիններով շարժվեցին, ձգվեցին, ելման դիրք ընդունեցին եւ հուսատենչ հորթի հայացքով նայեցին ամերիկացուն։

     - Ուրեմն տեսեք,- ասաց վերջինս,- solar energy սիսթեմ կա, դրանք արեւի էներգիայով տաքացող կաթսաներ են, դրանք պիտի բերվեն, դրվեն ձեր էս տանիքի տակ, որ ձմեռը վառեք, տաքանաք, լողանաք ու գազի փող չտաք։ Կաթսաների տեղն էլ գիտեմ, կարանք գնանք, առնենք, բերենք, որ դնեք։

     - Ո՞նց դնենք,- հարցրեց մեկը։

     - Մենք դնե՞նք,- հարցրեց մյուսը։

     - Հա, փողը մոտս ա, գնում ենք, առնում ենք, բերում ենք ու դուք տեղադրում եք։

     Այստեղ հնչեց չորս ձայն։

     - Ո՞նց ենք տեղադրում…

     - Երգար գորձ ա՞ էտի…

     - Մենք ե՞նք տեղադրում…

     - Խի՞, ախպեր…

     Ամերիկացին կրկին բացատրեց,-

     - Տեսեք, էդ կաթսաները որ դնեք՝ գազի փող համարյա չեք տալու, ձմեռվա վրա ամսիը 50-60000 կարաք խնայեք։

     - Ո՞նց։

     - Կարաք էդ փողը չտաք։

     - Իսկ ինշքա՞մս կարանք չտանք։

     - Դե կոնկրետ էդ իմ ասած կաթսաները կարան մի ութ-տաս տուն սպասարկեն։

     - Բայց մենք ստե չորս հոգի ենք, էտի քեզ չորս բնարան, չիլնի՞ որ ավելի փոքրը դնենք, մնացած փողն էլ մնա մեզ։

     - Արա, էդ փողը ո՞նց մնա ձեզ, էդ փողն իմ մոտ ա, դա ձեր կաթսաների փողն ա։

     - Բա խի՞ են դրանք ըտենց մեծ։ Չկա՞ որ մեր չորս հոգուս հմար ըլի։

     - Չէ, էդ չափսն ա, տաս բնակարանի համար ա։

     - Հմի մենք չարչարվենք, դնենք, ուրիշները տաքանա՞ն, Վզո։

     - Ուրիշները չէ, դուք, ուղղակի ձեզնից բացի՝ կարան նաեւ մի քանի ընտանիք էլ տաքանան ու լողանան, վատ ա՞։

     - Վատ չի, բայց խի՞ մենք իրանց տեղը փող ծախսենք, ախպեր…

     Ամերիկացին գժռեց,-

     - Արա, փողը ես եմ տալիս, դուք պտի մենակ դա բերեք ու տեղադրեք, էսքան բան։

     Այստեղ կրկին գնաց նույն տեքստը՝

     - Ո՞նց ենք տեղադրում…

     - Երգար գորձ ա՞ էտի…

     - Մենք ե՞նք տեղադրում…

     - Խի՞, ախպեր…

     - Ո՞նց խի,- բղավեց ամերիկացին,- չեմ ջոկում, դուք ինչի՞ չեք ուզում ոռներդ տեղից շարժեք, որ գնանք դա բերենք, ինչի՞… չեք ուզո՞ւմ ձրի տաքանաք ու լողանաք։

     - Ուզում ենք, ախպեր, բայց ավելի լավ չի՞ ասենք դրա տեղը էդ փողը վեկալենք։

     - Վայ քո… Հնարավոր չի, ես էս փողը ուզում եմ ներդրում եմ անում գործի մեջ, որ ձեզ օգուտ տա, որ տամ ձեզ՝ մի շաբաթում ծախսելու եք ու ձմեռն էթաք վարկ վեկալեք։

     - Գորձի մե՞ջ խի ես ներդնում անում, ախպեր, հենա մեր մեջ ներդրում արա

     - Վայ քո արա,- բարկացավ ամերիկացին, հիմա դուք չեք ուզո՞ւմ գնանք բերենք դնենք։

     - Հավես չկա, ախպեր, ցրի թող էթա…

     - Նստի, նստի մի բաժակ բան խմենք…

     Ամերիկացին չնստեց, թքեց ու գնաց, իսկ իրենք մնացին էդպես նստած։ Մնացին էդպես նստած, մնացին բլոտ խաղալով ու արաղ խմելով, հնդիկ քրֆելով, վարկ վերցնելով, «գործ չկա» ասելով։ Էդպես մնացին ու խորտակվեցին դարերի արանքներում, սուզվեցին ու լռվեցին իրենց ճոռոյության, քրոնիկ ծուլության եւ մտավոր հավկուրության սարդոստայնում։

     Սուզվեցին ու լռվեցին այնպես, ինչպես ինչպես այն կենդանին էր սուզ… Հա, դրա մասին չեմ ասել։ Այդպիսի մեկը կար...



(հատված «ԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ» նորագույն վեպից)


(placeholder)

ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԱՀԱՑԱԾ

ԲՆԻԿՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԳՈՐԾԸ

ԽԼՈՂ ՆԵՐԳԱՂԹՅԱԼՆԵՐԸ

Գիրքը կարող եք ձեռք բերել հետևյալ հասցեներում՝

 

ԶԱՆԳԱԿ -  Աբովյան  փ., 7,


ԶԱՆԳԱԿ -  Կոմիտասի պող., 49/2


ԶԱՆԳԱԿ - Ծիծեռնակաբերդի խճ. 3 «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնի 2–րդ հարկ` «Սինեմա սթար» կինոթատրոնի տարածք)


ԲՈՒԿԻՆԻՍՏ - Մասնաճյուղ՝ «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնի 1–րդ հարկ` ՍԻԹԻԻ դիմաց)


ԶԱՆԳԱԿ - Փափազյան 8 («Ռիո մոլ» առևտրային կենտրոնի 2–րդ հարկ` «Սինեմա սթար» կինոթատրոնի տարածք):


 ԲՈՒԿԻՆԻՍՏ - Մաշտոցի պողոտա 20


ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - Աբովյան 8