ընթերցասրահ

Մի խոսքով հոգնեցի, ավելի լավ է անցնեմ, մտնեմ դիմացի խանու… Ահա, խանութի պատի տակ կանգնած է մի… մի ոնց ասե՞մ… Ինչպես նկարագրեմ, որ պատկերելի լինի… կանգնած է մի միջոց, որով կասեցվում է սպերմատոզոիդների թափանցումը հեշտոց կամ արգանդի պարանոց։ Այսինքն, հեշտ կիրառելի, էժան եւ մատչելի հակաբեղմնավորիչ ռետինե պահպանակ… Մի խոսքով՝ гандон, ինչն էլ արդեն գլուխը թեքեց, հիմա մի բան կուզի։ Բայց աչքիս սա սովորական մետաղադրամատենչ չէ, սա ելուզակ չէ, սա կողոպտիչ էլ չէ, սա ավարառու է։ Դեմքն էլ մի տեսակ կլոր, մազերը տեղ-տեղ, բայց ավելի շատ վզի վրա… ու էլի տեղ-տեղ։ Գլխի վրայի տեղ-տեղ աճած մազերն էլ այնպիսի տեղերում էին տեղ տեղ աճել, որ ասես գլխի վրա ցցված երկու ականջները լինեին, որովհետեւ սրա իսկական ականջներն էլ էին տեղ-տեղ… Քիթն ու բերանն էլ կպած էին իրար… ոնց որ լինում է կրծողների մոտ։ Հա, սա կրծողների դասից էր, երեւի ճահճակուղբ էր, դրանք են լինում էդպես ցաքուցրիվ ու էդպես կեղտոտ։ Դեմքին էլ, իհարկե, կար երեք օրվա սափրվածք, դրան անվանենք թշնամական «թրաշ» բառով։ Բայց աշխարհում ո՞վ է տեսել նման բան, որ մարդ միշտ լինի չորրորդ օրվա թրաշով։ Սրանք ինչի՞ են միշտ չորրորդ օրվա թրաշով,- հարցնում եմ եմ հեռու ու մոտ ընկերներին, աշխարհներին, արեւներին։ Ինչի՞։ Կամ մորուք թողեք կամ սափրվեք, բայց ո՞նց է պատահում, որ դուք միշտ երրորդ կամ չորրորդ օրվա թրաշով եք։ Ո՞նց։ Ի՞նչ, հենց սափրվում եք՝ երեք օր տնից դուրս չեք գալիս, հետո մի օրով դուրս եք գալիս, զզվցնում եք բոլորին ու հետո էլի գնում-սափրվում եք ու էլի երեք օր մնում եք տանը, ինչի՞… Ինչի՞ եք դուք սենց բաներ անում, ինչի՞ եք դուք էսքան տհաճ։

Բայց էդ էլ հեչ։ Հանկարծ էս Ճահճակուղբը արտաբերեց այսօրինակ մի եղկելի արտահայտություն։

- Հարազատ, բանը… դե ես… հա… նեղն եմ, էլի, կողս մարդ չունեմ… կարող ա՞ մի հարուր դրամով օգնեիր…

«Հիմա ի՞նչ անեմ ես սրա հետ,- մտածեցի,- չբռնե՞մ մի հատ էնպես քացով խփեմ երեսին, որ դառնա երջանկահիշատակ։

Ախր որ ասեր՝ մի հարյուր դրամ տուր, կտայի, ավել էլ կտայի, բայց որ ասեց «հարազատս»… էլ չդիմացա։ Հարազատս-ը ո՞րն է, դու ինչի՞ ես պատահական, անմեղ անցորդին բռնում ու հարազատացնում քո հետ, այ արգասային տիզ։

Որոշեցի ատյանի առաջ կանգնեցնել սրան։ Բայց չգիտեի, թե ո՞ր ատյանի, առաջին, երկրորդ…

Ասացի, բեր սրա նկատմամբ մի հատ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված դիտավորյալ սպանություն կատարեմ։ Հը՞։ Իսկ միգուցե միանգամի՞ց ենթարկեմ մահապատժի։ Բայց մահապատիժ չկա, հանել են անհեռատեսները։ Դիտավորյալ սպանություն կատարելն էլ գլխացավանք է։ Ուրեմն կարելի է սրան անզգուշությամբ մահ պատճառել։ Հա, ի՞նչ։ Ինքը կարող է տասնամյակներով բոլորին զզվեցնելով ցավ պատճառել, ես չեմ կարո՞ղ իրեն մի անգամ անզգուշությամբ մահ պատճառել։ Մի անգամ, ավել չէ։ Մի հատ պատճառեմ, որ էս ախմախն էդպես անպատճառ չապրի աշխարհում։

Եւ անկեղծորեն հարցրեցի։

- Դու ե՞րբ ես ուզում մեռնես։

- Ի՞նչ…

«Աչքիս սա ընդհանրապես ոչ մի բան չի հասկանում»,- մտածեցի,- «Բեր բռնեմ ու կենդանի թողնելով պատժեմ սրան… թողնեմ, որ մի քառասունութ տարի էլ տառապի… Բայց ախր հանցանք է կատարել, ո՞նց թողնեմ»։

Ու հարցրի,-

- Ընդհանրապես դու ինչքան ե՞ս ուզում բանտում նստես, մի տարի՞, երկո՞ւ, թե՞ երեք։

- Ո՞նց նստեմ, ախպեր…

Հիմա էլ ասեց «ախպեր»։ Չէ, ա իր պատժի վրա հոդվածներ է ավելացնում, հա…

- Որպես պատիժ։

- Բայց խի՞

- Խի՞, ասեմ։ Թափառաշրջիկությամբ կամ մուրացկանությամբ զբաղվելը կամ այլ պորտաբույծ կյանք վարելը` պատժվում է ազատազրկմամբ մեկից մինչեւ երկու տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով: Դու ինչքան ե՞ս ուզում նստես։

- Ե՞ս։

- Կամ դու կամ քաղաքապետարանի «Համայնքների ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության անդամները, որոնք քո նմանների մեկուսացումը թողած՝ ընկել են տնտեսական զարգացման նախաձեռնությունների հետեւից… Ինչի՞ են դրանք անընդհատ ինչ-որ բաներ նախաձեռնում ու միշտ չի ստացվում… Բայց լավ, ես քեզ ներում եմ։

- Բա հիմա ես ի՞նչ անեմ, ախպեր…

Էլի ասեց։

- Ինձ մի ասա ախպեր, ինձ մի ասա հոպար, ինձ մի ասա հարազատ,… Ինձ անվանիր «Փողոցային մուրացկան բռնող, սպանել ցանկացող, բայց սխալմամբ բաց թողող բարի մարդ»։

- Վայ… Բայց…

- Ասա, ի՞նչ էիր ասում, բան էիր ասում։

- Ասում էի բա ի՞նչ անեմ, ուտելու փող չունեմ…

- Ինչո՞ւ չունես։

- Ոնց… Բա վերջին քսան տարում թալնել են, լափել են երկիրը…

- Դե դա վերջին քսան տարո′ւմ, բայց ոչ հիմա։ Եկող քսան տարում քո համար լավ է լինելու։

- Կոնկրետ ե՞րբ։

- Հիմա ասեմ երբ։ Տես։ Կարդացել եմ. սոցիալական ապահովության վարչությունը բարելավելու է բնակչության սոցիալական շերտերի կենսամակարդակը:

- Ո՞ւ…

- Ու ընտանեկան, սոցիալական նպաստներ են բաժանվելու, հրատապ օգնություններ եւ դրամական ավանդների փոխհատուցումներ են լինելու։

- Բայց էդ սաղ ե՞րբ ա լինելու։

- Այ էստեղ պիտի քեզ տխրեցնեմ։

- Խի՞։

- Որովհետեւ դա արդեն եղել ա։ Կարդացի, որ էս ամսին եղել ա։

- Բա ե՞ս։

- Դու մնացիր за бортом.

- Հը՞…

- Դու մնացիր նավակողից դուրս։

- Չհասկցա… Լավ… Բա հիմա մի հարուր դրամ չես տալո՞ւ։

- Ես քեզ հազար դրամ էլ կտամ… չէ, հի′նգ հազար կտամ, մենակ պիտի խոսք տաս, որ անծանոթ մարդկանց ախպեր, հոպար ու հարազատ չես ասի։

- Խի՞ է։

Չէ, սա ոչխար էր, սա ճահճակուղբ չէր։ Սա թերատամնավոր մրջնակեր էր, բայց մրջյունի փոխարեն կենսական թափոններ էր ուտում։

Որոշեցի մանրակրկիտ բացատրել։

- Որովհետեւ քո օրգանիզմը չի բավարարում դիմացինի եւ շրջապատի սանիտարա-համաճարակային սպասարկման պահանջները։ Դու անթրաշ ես, կեղտոտ, վրայիցդ էլ ներքին եւ արտաքին կոյուղիների հոտ է գալիս… ու այսքանից հետո՝ դու բանական, մտածող եւ հայրենիք կերտող մարդուն ասում ես հարազատ։

- Հա, ի՞նչ։

- Դա նրան դուր չի գալիս, ի՞նչ,- գոռացի։

- Բայց խի՞, է՞…

- Արա, որովհետեւ դու ոսկրամսագունդ ես, ես, չես ջոկո՞ւմ… Ու դու, անգրագետդ, անլվադ, փոշոտդ… կանգնում ու ուզում ես քեզ սղացնես ու սվաղես մյուս մարդկանց… Կրթված մարդկանց հետ ուզում ես հավասարեցնես քեզ… ավելին՝ ուզում ես հարազատացնես քեզ էդ մարդկանց հետ…

Եւ հենց այստեղ Ճահճակուղբի երեսին գծագրվեց քաղաքացիական անհնազանդության շրջադարձային բեկումից ծնունդ առած բռնկում։ Եւ նա մլռտագռմռաց հետեւյալը,-

- Ախպեր, հմի դուրս ա գալի, որ դու էլ ես հա՞ էդ թալնողներից ու լափողներից…

- Այսինքն…

- Հա, բա դե դուրս ա գալի, որ դու էլ ես իրանց կոմից…

- Իրանց կոմը ո՞րն ա։

- Հմի դու ժողովրդի կոմից ե՞ս, թե դրանց…

Հաա… Ուրեմն սա միայն հարյուր դրամ չէր ինձնից խնդրում։ Սա երկու բան էր պահանջում՝ հարյուր դրամ եւ քաղաքացիական դիրքորոշում։ Նա չէր հասկանում, որ անծանոթ մարդուց չի կարելի պահանջել փող եւ քաղաքացիական դիրքորոշում։ «Սա հենց էսպես փողոցներում թափառող փողատենչ չի»,- հասկացա ես,- «սա տուն էլ ունի, համակարգիչ էլ ունի… ու սրա նման խոզազավակներն են, որ մտնում են ֆեյսբուքները ու գրում «Ed takanqner@ mer poxer@ lapel en, ed turki lamukner@ u dranc xamajkner@ vor 20 tari talanecin joxovrdin»…

Ու էլի սկսեց,-

- Դե ես ոչ մի բան չունեմ, փող չունեմ, որ դեղ առնեմ…

Ըհը, հիմա էլ դեղը մտավ։ Ընդհանրապես դեղը սրանց առաջին զենքն է, եթե դեղը չի անցնում, ավելանում է հիվանդ մերը, մեռնող էրեխեն եւ ավարառու ավազակի համար նախատեսված այլ պիտույքներ։

- Չունես, չունես… եթե դու մի բան չունես, դա անմեղության կանխավարկածն ա, ասեմ, իմանաս…

- Հմի ես չեմ ջոկում, քեզնից մի բան ուզինք սարքիր հոռոմի տե… բա սաղս էլ հայ ենք, սաղս էլ պտի իրար օգնենք նեղության պահին… դու էլ կարաս ընկնես չէ՞ սենց վիճակի մեջ… հմի չես ուզում օգնած ըլես՝ կարաս չըլես, բայց չեմ ջոգում թե խի ես սենց խոսակցություն վարում… երեւի որ ձենդ տաք տեղից ա գալի՝ դրանից ա… դրա համար էլ մունաթ ես գալի հասարակ ժողովրդի վրա… կարող ա՞ գիտես մենք ստե մուկ ենք տշում… հմի որ դու մի երկու բան ավելի գիտես՝ մենք ստե խոսալու իրավունք չունե՞նք… մենք էն բաներից չունե՞նք արա… էն ոնց էին էն թազա բառերը… հա՝ , արժանապադվություն ու հպարդություն… հը՞… Հմի դու ո՞ւմ կոմից ես, ժողովրդի՞, թե էդ լափողների։

Հա… Ուրեմն սա մուրացկան չէր, սա արժանապատվությո′ւն ուներ եւ այդ արժանապատվությունը նա պահում էր իր երկու ամիս չփոխած գուլպաների մեջ։ Ես, իհարկե, անպատասխան թողեցի Ճահճակուղբի այս պրոլետարա-բոլշեւիկյան բոցաշունչ պոռթկումը, քանի որ զզվեցի նրանից։ Չէ, ամենասկզբում էլ էի զզվել, բայց այդ մլռտոցից հետո՝ գարշեցի, զազրեցի, անգամ սրտխառնուք սկսեց։ Եւ այդպես, սրտխառնած վիճակում շարժվեցի առաջ, բայց առջեւիցս ճահճակուղբերի նոր դասակներին էին քայլում, ավելի թարմ գերեզմաններից ելած զոմբիներ։ Եւ այս նոր զոմբիները, չգիտես ինչու ավելի կայտառ էին, ավելի շարժում եւ մի տեսաւ ավելի մարդամոտ։ Նրանց աչքերում ասես մի աններեւոյթ հույսի բոցկլտում կար, ինչ որ էյֆորիկ երանգներ կային… անպաճույճ հայերենով ասած՝ բերկրաթմբիրային երանգներ… Բոլորն ասում են, որ այդ բերկրաթմբիրը բնական բան է, ասում են, որ կարեւոր բան է… մի խոսքով ասում են լավ բան է, բայց չեն ասում, թե ինչու է լավ բան։ Ասում են՝ ազգային զարթոնք է։ Բայց ախր, ժամանակ առ ժամանակ զարթոնքներ ու բերկրաթմբիներ են, որ լինում են այս ժողովրդի մոտ։ Բերկրաթմբիր՝ մի երեսուն տարի առաջ… բերկրաթմբիր՝ դրանից վեց տարի հետո… հետո էլի ու էլի լիքը բերկրաթմբիրներ…

Բայց հիմա որ լսում ես նրանց փողա-վարկա-պարտքային թոթովանքներն ու մորմոքները, ուզում ես հասկանալ. հիմա էս մարդիկ խանդավառված ե՞ն, թե՞ ոչ։ Բերկրաթբիրում ե՞ն, թե դեպրեսիայի… այսինքն՝ ընկճախտի մեջ։ Ի վերջո՝ հպարտ ե՞ն, թե՞ հպարտ չեն էս մարդիկ։ Եթե հպարտ են՝ ինչո՞ւ առա′ջ հպարտ չէին եւ ինչո՞ւ հետո′ հպարտ չեն լինելու, իսկ եթե հպարտ չեն՝ ինչի էին առաջ հպարտ եղել եւ ինչո՞ւ են հետո հպարտ լինելու։ Հասկանանք, էլի, ինչո՞ւ։ Հպարտ չեն, քանի որ փող չունե՞ն, թե հպարտ են, քանի որ խելք չունեն։ Բայց ասում էին (իրենք), որ հպարտ են եւ անպարտելի։ Հպարտությունը պարտք են արել ու հիմա էլ պարտավորված որ դառնան անպարտելի՞։ Թե՞ անպարտելիության համար հպարտորեն պարտավորվել են լինել պարտական։ Մի խոսքով, ստացվում է այսպես.

Պարտավորված են հպարտությամբ եւ անպարտ են պարտավորվածությամբ։


---------------------------------------

ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԿԿԱՅԱՆԱ ՄԱՐՏԻ 18-ԻՆ, ԺԱՄԸ 19։00-ԻՑ ՍԿՍԱԾ, ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՃԵՄԱՍՐԱՀՈՒՄ

(հատված «ԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ»

նոր վեպից)

ՃԱՀՃԱԿՈՒՂԲԸ ԵՎ ՆՐԱ ՊԱՀԱՆՋԱԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ