ընթերցասրահ

      Երեւի թե Վասպուրն ուներ չորսից վեց հատ ատամ, առավելագույնը ութ ու դա նրանից չէր, որ նրա անիմաստ կյանքի ընթացքում՝ մյուս ատամները փչացել էին, կոտրվել էին կամ հեռացվել էին։ Ոչ։ Նա այդպես էր ծնվել, ավելի ճիշտ՝ այդպես էր ստեղծվել, իսկ ավելի ճիշտ՝ այդպես էր առաջացել։ Նրա երախում, կտրիչների և աղորիքների միջև առկա էր մեծ տարածություն։ Վասպուրի կտրիչ ատամները տեղակայված էին ծնոտի երկայնքով՝ կազմելով բութ անկյուն։ Այսպիսի դասավորվածությունը թույլ էր տալիս Վասպուրին ավելի արդյունավետ ուտել իր կարտոլը, ի տարբերություն այլ մտածող մարդկանց։ Նրա բերանի ետնային մասում՝ արմատային և աղորիքային ատամները միասին մեծ մակերես էին կազմում եւ չորս կամ վեց ատամը միանգամայն բավարար էին, որ Վասպուրն իրեն լավ զգա այս աշխարհում։

     Այդ ատամներով Վասպուրն ուզում էր քյուֆթա ծամել։

     Բայց հարցն այն էր՞ թե ընդհանրապես որտեղ էր կանգնած այդ պահին Վասպուրը։ Չկա աշխարհում այնպիսի հմուտ արձակագիր կամ այն մակարդակի բազմատաղանդ վիպասան, որն ի վիճակի լինի նկարագրել Վասպուրի բնակարանը։ Եթե փորձես  նկարագրել, ուրեմն պիտի գրես հնացած եւ հիմար բառեր, ահա՝ կեղտոտ, տձեւ, փոշոտ, գորշ, բուրավետ…

      Որ ի՞նչ։

     Ախր դա… Նախ ամեն ինչը սովետի ժամանակի էր, ինչպե եւ ինքը՝ Վասպուրը։ Բնարանի ամբողջ հատակը կազմված էր տեղ-տեղ պոկված, իսկ տեղ-տեղ էլ վրա-վրա խփված պարկետից։ Պարկետը կեղտոտ էր, համարյա սեւ, բայց որոշ մասերում նկատելի էին 1978 թվականի ապրիլին քսված մաստիկայի հետքեր։ Պատերը տարբեր էին, մի պատին փակցված էր եղել ուզորով աբոյ (ոչ թե պաստառ, այլ հեից աբոյ), փակցված կիսատ-պռատ, ծուռումուռ ու շատ կեղտոտ, մյուս պատին արված էր բռիզգ։ Շատերը չգիտեն, թե ինչ է բռիզգը։ Բռիզգը դա սովետի ժամանակվա լավ ապրող մարդու նշան է։ Այսինքն ներկը այնպես էին փչում պատերին, որ տպավորություն էր ստեղվում, թե ինչ-որ մեկը պատին միզել է գունավոր թանաքով։  Բայց այ Վասպուրի կահույքը փայլուն էր, ինչն ավելի զզվելի էր դարձնում ընդհանուր միջավայրը։ Դա երեւի 70-ականների սկզբին «տակից» ճարված ռումինական սեռվանտ էր, որի մեջ դրված էր մի խռուստալից լոդկա (մակույկի ձեւով պատրաստված խորը պնակ), որի մեջ վասպուրը պահում էր տան բանալիները։ Կային նաեւ 12 հատ բոչկա-արաղի բաժակներ (հենց բոչկա, այլ ոչ տակառաձեւ բաժակներ), որոնցից հանվում էին միայն առաջի շարքի երկուսը։ Մնացածների մեջ տեղա-կայված էր Խռուշչվի ժամանակների փոշի։

     Իսկ խոհանոցը, որտեղ կանգնած էր Վասպուրը… դա չի լինի նկարագրել։ Չի լինի նկարագրել ոչ կիսաջարդ գազախցիկը, ոչ ճղած կլինկորով երեքոտանի սեղանը, ոչ էլ պատից մխված շերեփը, որից Վասպուրն ընդհանրապես չէր օգտվում։

     Տվյալ պատմական փուլում նա ցանկանում էր չորս օր առաջ պատրաստված քյուֆթան տաքացնել, բայց չէր կարողանում, որովհետեւ չէր ստացվում ու վերջ։ Սկզբում գազը չէր միանում, հետո թավան լավ չէր նստում գազակոնքին, հետո Վասպուրը մատերը մտցրեց քյուֆթայի մեջ, որ շուռ տա, բայց այստեղ էլ շուռ եկավ ընդհանուր թավան, Վասպուրի ծխած ՆՈՅ-ն էլ ընկավ վառվող գազի վրա եւ սկսեց այրվել։

     Ու հենց էստեղ, երբ նրան ասվեց «Վասպուր, ինչի՞ միկրոալիքային վառարան չես առնում, որ ինչ ուզես՝ եկու րոպեում տաքացնես, Վասպուրը բառաչեց,-

     - Տո լավ ախպեր, սի…ր արա, էդ միկրովալնովկեն վնաս ա առողջությանը։

     Ինձ թվաց, որ սա այս խոսակցության ամենավերջին ապուշությունն էր, որ ես լսեցի, բայց պարզվեց, որ ոչ, դեռ կային, դեռ սպասվում էին եւս մի քանի ահասարսուռ ապուշություններ։

     Ու ես բարկացա։

     - Իսկ ինչո՞վ է միկրովալնովկան վնաս առողջությանը, Վասպուր, ինչո՞վ։ Ուտելիքը սառնարանից հանում ես, դնում ես մեջը, հինգ րոպեից տաք-տաք հանում ես եւ ուտում, ի՞նչ վնաս է լինում քեզ դրանից։

     - Դրանք ուլտրաճառագայթներ են, ախպեր, դա ուտելիքին մեռցնում ա ու դա ռակի բուն ա։

     «Ռակ» ասելով, Վասպուրը նկատի ուներ քաղցկեղ հիվանդությունը, բայց ես չգիտեի, որ քաղցկեղը նաեւ բուն է ունենում։

     Բայց շատ մտածելու ժամանակ չկար, սենյակը լցված էր ծխով, Վասպուրի ՆՈՅ-ն էլ դեռ վառվում էր կրակի վրա։ Մոտեցա, վերցրի ջրով լցված մի բաժակ ու դատարկեցի գազօջախի վրա։ Վասպուրի ծխախոտից, որ մինչ այդ մահացած նախնիների ոսկորների հոտն էր բուրում, հիմա սկսեց բուրել լոռեցի Սաքոյի եւ Նեսոյի քարաբաղնիսի միջի Կիրակոսի քրտինքի հոտը միասին։

     Դա հոտերի փունջ էր, դա հայ ժողովրդի դարավոր մորմոքների եւ մաքառումների բույրն էր ու Վասպուրը սիրում էր այդ բույրը։

     - Վասպուր, - զգուշորեն հարցրի,- էս ի՞նչ վիճակ է, ինչի՞ մի օդափոխիչ չես դնում սենյակումդ, ախր խեղդվում ես, դրսում 38 աստիճան շոգ է, մի հատ սառնորակիչ դնեիր, ախր քրտնում ես, ախր մեղք ես, կհիվանդանաս։

     - Էդ որն ա՞,- վրա տվեց Վասպուրը,- կանդիցիաները՞։

     - Հա, հենց կանդիցիաները։

     - Էդի փչում ա մեջքիս, մեջքս բռնվում ա ու էդ ընդհանրապես անբնական, ապուշ բան ա ու թոքերի բորբոքումը մեկից մեկ ա էդ միացնելուց հետո։

     - Բա լավ, մի հատ վիճակիդ նայի, էս քո կեղտոտ միջավայրին նայի, տես, գազօջախիդ տակի հատակը եւ կողքի պատը ամբողջ ձեթի մեջ է, էս քեզ դուր է՞ գալիս։

     - Ինչ ա՞ որ,- զարմացավ Վասպուրը ու ես միանգամից հասկացա, որ նա ամեն ինչում ճիշտ է, որովհետեւ նրա «ինչ ա որ» արտահայտությունը վկայում էր այն մասին, որ այս ամենն իրենն են, իրենը, նա դա է սիրում, նա ուրիշ բան չգիտի, չի ընկալում եւ չի ընկալի։ Նա չգիտի, թե ինչ բան է տգեղ, որովհետեւ չի ըմբռում, թե ինչ է գեղեցիկը, նա չգիտի, թե ինչ է նորը, որովհետեւ հինը իր համար ներկայինն է։

     Նրա ներկան անցյալ է, նրա տգեղը սովորականն է, նրա գեղեցիկը չկա։

     - Ինչ ա որը չգիտեմ, ասացի, բայց ասենք, վատ կլինե՞ր, որ էս գազօջախիդ կողքի պատի վրա մի լվացվող պաստառի կտոր փակցնեիր, որ ամիսը մեկ մաքրեիր։

     - Պաստառը էդ աբոյն ա՞,- էլի հարձակվեց Վասպուրը,- ստեղ աբոյ քաշեմ՝ գազը կտա կվառի-կթափի, համ էլ էդ աբոյի տակ ասում են թախտաբիթի ա հավաքվում…

     - Դե, ինչ ասեմ, յուղաներկեիր մի հատ։

     - Յուղաներկը սխալ ա, էդ վախտ պատը չի շնչում, դա վնաս ա առողջությանը։

     Այսինքն, դուրս էր գալիս, որ Վասպուրի այս զզվելիագույն կեղտոտ, տոթ, ծխով լեցուն, հակահիգիենիկ եւ հակամարդկային անտուրաժը առողջարար էր, իսկ եթե պատը լիներ մի փոքր մաքուր՝ Վասպուրի մոտ միանգամից կսկսվեր դիզենտերիա, սալմոնելոզ, ամեոբիազ, բալանտիդիազ և նրա կղանքը կդառնար խյուսանման եւ լորձա-արյունային։

     Վասպուրը կհիվանդանար ու կմեռներ մաքրությունից։ Դա հարյուր տոկոս։ Իսկ եթե նրա սենյակը լիներ նաեւ գեղեցիկ՝ նա կմահանար անկարողությունից, որովհետեւ չէր կարողանա մուրճն ու քլունգն առնել ու այն աստիճանի քանդել ու այլանդակել բնակարանը, որ տգեղացնի ու հանգստանա։

      Էս պահին Վասպուրը մի հատ էլ կպցրեց նոյի ջրհեղեղից հետո գտնված, չորացված ու կարգի բերված ծխախոտը եւ սենյակն այս անգամ լցվեց նախապատմական բույրերով։

     -Իսկ էս ծուխն ու էս էխի հոտն էլ է՞ քեզ համար առողջարար, սիրելիդ իմ Վասպուր,- լրիվ իզուր հարցրի ես։

     - Հա բա ի՞նչ անեմ, կարող ա՞ ստեղ քաշեմ, հելնեմ հայաթում ծուխ թողե՞մ։

     - Չէ,- հանգստացրի ես նրան,- հիմա քիչ ծուխ հանող կամ ընդհանրապես ծուխ չհանող բաներ կան։

     - Արա, ես գիտեմ դրանց մասին, - կռնչաց Վասպուրը,- ես դաժե ծխել եմ մի էրկու հատ։

     - Ե՞ւ, վատ էր։ Չէ, ինքը վնասակար է, բայց դե ծուխ չկա, հոտ չկա, մոխիր չկա…

     - Լավ էր, ախպեր, հագեցնում էր, բայց դե կողից ասին, որ էդի սինթետիկա ա, սաղ խիմիկատներ են, ես էլ շպրտեցի։

     - Իսկ էդ ո՞վքեր են, որ էդպես կողքից գալիս, կողից ասում ու գնում, Վասպուր, դրանք ո՞նց, վստահելի մարդիկ ե՞ն, բժիշկներ են, գիտնականներ են, գիտության թեկնածուններ են։

     - Կոնկրետ ինձ ընենց մարդ ա ասել, որ էդ դու սուս։

     - Չէ, ես սուս եմ, բայց ուզում եմ իմանալ, թե ինչ ընենց մարդ։

     - Ինձ բաջանաղս ա ասել, իսկ բաջանաղիս խոսքը իմ համար օրենք ա։

     - Հասկացա, բայց ինքն ինչ մասնագիտություն ունի բաջանաղդ, ի՞նչ գիտական կոչում ունի։

     - Բաջանաղս 28 տարի Արեշի գյաջի գործարանի ավագ վարպետ ա էղել, հիմա ինքը հանքարդյունաբերության նախարարության բազալտի բաժնի վարիչի վարորդն ա ու եթե ինքը մի բան ա ասում՝ ուրեմն մի բան գիտի, որ ասում ա, թե չէ մարդիկ կան, որ բան են ասում, բայց ոչ մի բան չգիտեն, որ ասում են։

     - Մի բան ասեմ, չես նեղանա՞, Վասպուր,- հարցրեցի ու առանց պատասխանի սպասելու ասացի,-

     - Բայց ինչ հիմմմմար գյադա ես դու, Վասպուր…

     Էստեղ Վասպուրը կես քայլ հետ գնաց, դեմքը ճերմակեց եւ աչքերի բիբերը խամրեցին։ Ինձ թվաց, թե նրա մոտ առաջացավ սրտի միտրալ փականի պրոլապս, այսինքն երկփեղկ փականի արտանկում, բայց պարզվեց, որ ավելի վատ բան է կատարվել։ Նրա կոկորդագեղձում առաջացավ ձայնաճեղքի ջղաձիգ լարինզոսպազմ,  որը սեղմված ձայնային ճեղքով օդի դժվար թափանցման առաջին եւ վերջին նախանշանն է։ Վասպուրի դեմքը մեկ անգամ էլ  գունատվեց, գլուխը թեքվեց հետ, պարանոցային մկանները լարվեցին, բերանը մնաց բաց։ Դա տեղի ունեցավ անսպասելիորեն շատ արագ, այնպես որ նա չհասկացավ, որ իր կոկորդի կարկամումը՝ ողնուղեղային չորուկի առաջին արտահայտումն է։ Ուշադիր նայելով Վասպուրի խորտակվող մարմնին՝ մտածեցի, թե ի՞նչն է պատճառը, որ մարդը չի զարգանում, ինչի՞ց է նա ունենում զարգացման արատ։ Ինչի՞ց։ Զարգացման արատի պատճառը ո՞րն է։  Հնարավոր չէ գուշակել, թե այդ պահին ինչով է սնվել մայրը, դա նշանակություն չունի։ Նշանակություն չունեն նաեւ ալքոհոլը, ծխախոտը, թթվածնի անբավարարվածությունը…  անգամ իոնային ճառագայթումները։ Ավելի նշանակալի է, թե ինչեր է խոսել մայրը կամ ինչեր են խոսել նրա շրջապատում։ Իսկ խոսքը դա հսկայական ուժ է։ Որովհետեւ, եթե հղի կնոջ մոտ շարունակ գործածվեն «Մեր թշվառ ազգը», «Մեր դարավոր թշնամին», վրեժ, կոտորած, մահ» բառերը՝ նրա որովայնում նոր առաջացող պտղի մոտ տեղի կունենա հետսաղմնային զարգացման արգելակում։ Իսկ եթե նույն ժամանակ հղի կնոջ ամուսինը գոռգոռա նրա վրա ու մանավանդ եթե ասի՝ «Այ անասուն»՝ արգանդում կդադարի գաստրուլացումը, այսինքն սաղմնային զարգացման այն փուլը, որի արդյունքում սաղմը դառնում է երկշերտ։ Ու հենց դա էլ եղել է Վասպուրի մոտ, նա չի դարձել երկշերտ, նա մնացել է միաշերտ։

Եւ ոչ միայն նա։

Նրա նման եւս մի քանի հարյուր հազար միաշերտ։

Տխուր է։

Անհաղթահարելի տխուր։

Այո։ Ես մի անգամ էլ նայեցի Վասպուրի անհաղորդ եւ բթությունից շառագունած դեմքին եւ պարզ դարձավ, որ այս մարդն ունի ավելորդ, պակասող կամ վնասված քրոմոսոմներ, քանի որ նրա դեմքին դրոշմված բոլոր դժբախտությունները ծագել են դեռեւս իր նախասաղմնային, ներարգանդային զարգացման ընթացքում։

Հայրը մորն ասել է «Անասուն», անգամ խփել է եւ արդյունքում ծնունդ է առել մի սարսափելի բան։

Բա էլ ինչի՞ է մարդկությունը պայքարում ընտանեկան բռնության դեմ։

Նրա համար, որ ընտանիքի հայրը չլինի անասուն եւ մորը չասի «անասուն», որքան էլ, որ երկուսն էլ լինեն անասուն։

Ընդհանրապես, ընտանեկան բռնության դեմ պայքարելն անհարժեշտ է, որպեսզի ամուսինը կիրթ վարվի կնոջ հետ, կինն էլ ամուսնու հետ, որպեսզի նրանք սիրով բեղմնավորվեն եւ սիրով երեխա ծնեն, ասենք ծնեն՝ Հովհաննես, Արամ, Սարգիս, Տիգրան, այլ ոչ Վասպուր։

Բայց Վասպուրը լռում էր։

Լռում էր, որովհետեւ նա իր ծագման մասին ոչինչ չգիտեր, նա չգիտեր, թե ովքեր են եղել իր նախնիները։

Նա չգիտեր, բայց ես գիտեի։


     Վասպուրի նախապապը առաջացել էր կապիկից եւ շատ գոհ էր։ Դեհ, բոլորին է հայտնի, որ մարդկանց մի փոքրիկ մասին ստեղծել է Աստված, իսկ մյուս մեծ մասն առաջացել է կապիկից։ Ընդ որում՝ կապիկից առաջացներն ամենաշատն են խոսում Աստծուց, բայց դրա մասին կխոսենք հետո, երբ ներկայացնելու լինենք Վասպուրի մյուս նախապապին՝ տեր Խառնակին, որն ապրում էր 14-րդ դարի միջնադարյան Հայաստանում, բայց քանի որ միջնադարյան Հայաստան չկար, կնշանակի, որ Վասպուրի նախապապը չապրում էր միջնադարյան Հայաստանում։

     Եւ այսպես, Վասպուրի նախնախապապը, որն առաջացել էր կապիկից եւ շատ գոհ էր՝ ապրում էր միջին պալեոլիթի եւ նախակերամիկական նեոլիթի արանքներում, մթա 12-րդ հազարամյակի սկզբներում։

     Նա ապրում էր էվկալիպտի ծառի վրա։ Այո, ծառի վրա, բայց ոչ այն պատճառով, որ մյուս ցեղակիցներն ապրում էին ծառի վրա։ Մարդիկ վաղուց արդեն իջել էին ծառերից եւ իրենց համար հանգիստ պտտվում էին երկրագնդի վրա։ Բայց Վասպուրի նախապապը մտածում էր (հասկանում ե՞ք՝ նա մտածում էր), որ դա… այսինքն, երբ ցեղախմբի մյուս անդամները՝ Բանգրշանդրը, Չունգուդագը եւ Քանդուքարը հավաքվում էին նրա ծառի տակ ու գոռում էին՝ «Հեե՜եյ, Քրբուբար, իջիր ծառից», սա կռնչում էր,-«Ո՞ իջ ծավտա գազամազա ֆռռ», ինչն էլ կարելի էր թարգմանել, ինչպես՝ «Ո՞նց թե իջնեմ ծառից, արա, ըտեղ վտանգավոր ա, լիքը գազան-մազաններ են ֆռֆռում»։

     Այո, բոլոր խոսում էին մարդու լեզվով, բայց Վասպուրի նախապապը բառակույտերից կազմված ծղրտոցներ էր արձակում։ Ու այդպես չէր իջնում։

     Մի խոսքով, առավոտ էր, նախակերամիկական նեոլիթի կիսալուսապայծառ առավոտներից մեկը։ Ու ցեղախմբի անդամները, երեք տղամարդ եւ երկու կին, մոտեցան էվկալիպտի ծառին ու գոռացին՝ «Արա, այ անասուն, իջի մի քիչ էլ դու գործ արա, կարող ա՞ գիտես, որ մենք ստեղ պիտի քո տեղը չլվենք»։ Էստեղ Վասպուրի պապը մի զորավոր հայհոյանք տվեց սրանց, նախակերամիկական նեոլիթի ամենադաժան հայհոյանքը,-

     - Քունա քունա ձե մեր ձե մեր…

     Կարծում եմ, որ այս արտահայտությունը թարգմանության կարիք չէր զգում։ Անդամներից մեկը փորձեց սիրաշահել՝ «Իջի, իջի միս ուտենք, տես, դրել ենք, որ խորովվի»,  նախապապը թե,- «Ադա վտա մսա էփ ա խոր չէ պապ միս հում հում սա վատ վտա վտա»… Սա թարգմանվում էր՝ «Չէ, արա, էփած միսը վտանգավոր ա, միսը պետք ա հում ուտել, իմ պապերը հում էին ուտում»։

     Ցեղախմի անդամներից մեկը նրան հարցրեց,-

     -Այ ախպեր, բայց կարա՞ս բացատրես, թե ինչի՞ չես իջնում։

     Այստեղ, երկրագնդի պատմության մեջ առաջին անգամ արտասանվեց մի արտահայտություն, որը մինչ այսօր համարվում է հայ ժողովրդի միակ են անփոխարինելի նշանաբանը։

     Վասպուրի նախապապը մաքուր հայերենով ասաց,-

     - Լավ եմ անում։

     Սա առաջին «Լավ եմ անումն» էր, որ հնչեց երկիր մոլորակի վրա։ Ու քիչ անց, երբ ցեղախմբի անդամ Քանդուքարը նրան ասաց,-

     - Արա, բայց ինչ հիմար գյադա ես դու։

     Այստեղ էլ, Վասպուրի նախապապը առաջին անգամ երկրագնդի պատմության մեջ արտաբերեց երկրորդ ազգային նշանաբան հանդիսացող արտահայտությունը։ Նա ասաց,-

     -Դու ես։


ԳԻՐՔԸ ԼՈՒՅՍ ԿՏԵՍՆԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏ ԿԱՄ ԱՊՐԻԼ ԱՄԻՍՆԵՐԻՆ


ԵՎՍ ՄԻ ՀԱՏՎԱԾ ՆՈՐ ՎԵՊԻՑ

Ուշադրություն.

Շատերի համար վեպի ընթերցումը վտանգավոր է

եւ  կարող է առաջացնել կախվածություն

ԸՆԹԵՐՑԵԼ ՆԱԽՈՐԴ ՀԱՏՎԱԾԸ