ԷԴՊԵՍ  ԱԶՆԻՎ Է



Առանց բնի ու տանիքի,

կապրենք հազիվ մենք,

թող միշտ մի բան չհերիքի՝

էդպես ազնիվ է…


Անկախ ժամի, ու տարիքի,

սերը կասի հեզ՝

-Տրվիր դու ջերմ այս ալիքին,

թող նա տանի քեզ։


Ու երբ հասնես այն բարիքին,

որ երազել ես.

կզգաս հանկարծ՝ այս տարիքում

վաղուց անզեն ես…


ԱՆՈՒՆԴ ՄՈՒՍԱ


Նա այրող, սիրող, երբեմն կոպիտ

մարմնիդ կփարվի

սրտիդ կդիպչի, կթակի հոգիդ

ու կգալարվի։


Ուրախ, կենդանի, մազերը արձակ

տողեր է շարում,

երբեմն լռում, դառնում է արձան,

երբեմն՝ մարում։


Ճեմում է, ժպտում, ծիծաղում, երգում

մի քիչ հուզական,

հեւում ու նվվում, իր սիրած դիրքում՝

հորիզոնական։


Ու սրտիդ միջից կհանի նոր սիրտ՝

եթե կարկամես,

չկա՞, աղքատ ես, դատարկ ես ու բիրտ,

թե կա՝ արքա ես։


…Սիրում ես, շոյում, տրվում բացարձակ,

ասում ես՝ հուսա

…դու միշտ կենդանի, մազերդ արձակ՝

անունդ մուսա…




ԱՆՑՈՐԴ


Փողոց, որ անծայր է

եւ օդն արդեն սառը

արեւը անուժ է,

քայլերն էլ դանդաղ…

  Խամրած է ծիծաղը

  հնչյուն է սեր բառը

  իսկ խիճն էլ մի հուշ է

  սառած ու անթաղ։


Անցորդ դու մրսել ես

դու բիրտ ես… դու՝ ցածր

ծախում ես հույսերը

գնում ես պատրանք…

  Ու կին, որ անսեր ես

  դու կին սիրտը կարծր

  տենչում ես այդ սերը՝

  տալիս ես ապտակ…



Տենչում ես, կառչում ես

արյունդ սառել է

հոգիդ խուլ ու փակ է,

անկիրթ ես, դաժան…

…թերեւս վերջում էլ

   լսես այս բառերը՝

   Ապրելը… դա թանկ է

  քո կյանքն է էժան…




ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«ԱՆՈՒՆԴ ՄՈՒՍԱ»

ԺՈՂՈՎԱԾՈՒԻՑ

ԱՊՐԵԼ ԱՆԹԱՐԹ


Ապրել մի կյանք, մի ակնթարթ

քի՞չ է, միթե,

ու չլինել գազան ու մարդ,

լինել թիթեռ…


չշռայլել առանձնապես՝

խոստում, երդում

ու չկանգնել շատերի պես՝

կյանքի հերթում…


կրել հոգում մի բուռ շնորհք

մի փոքրիկ գանձ,

հղկել նրան, սարքել ողորկ

ու տալ մարդկանց…



տալ ու տրվել, ու վճարել՝

մեռնել թեկուզ

հետո հարբել ինչպես Չարենց

մինչեւ էգուց…


սիրուն ապրել արագ, սահուն,

խաղաղ ու հեզ,

սիրել սերը, չապրել ահում

հարուստի պես…


սիրել մի կին ու դառնալ կես

շոյել գոնե,

օդն ու ջուրը զննել ինչպես

Կլոդ Մոնե։


ապրել որպես հնչող տավիղ

օդում, ջրում,

տերյանական մթնշաղի

անուրջներում։


ՊԱՅՔԱՐՈՂՆԵՐԸ, ԱՆԿԱՐՈՂՆԵՐԸ


Պայքարողները

  (անկարողները),

կոպտում, ոռնում են, աղաղակում,

Գետնին պառկած են

  (գյադա ու քած են)

պատվիրված ներվ են մեր քաղաքում։


Պայքարածներն ու

  (վարկ առածները),

մարդկանց տանջում են բողոք-երթում,

իրոք կռվածը

  (կյանքը կրվածը)

հանգիստ կանգնած է

կյանքի հերթում։



Անապահովը

  (չգիտես ովը)

սիրված հերոս է  ու կարեկցված,

հրճվում  է գեղը

  (աղքատ, տգեղը)

կարեկցողին էլ՝ շպրտում ցած։



Իսկ անտաղանդը

  (ձիրքից հիվանդը)

երգում, խաղում է, գրում է գիրք,

իսկ ժողովուրդը

  թափած իր բուրդը

նրան տալիս է հարգանք ու դիրք։



Ցանցում ապրողը

  (վիրտուալ գողը)

խեղճին սիրում է, օգնում, like-ում,

բայց կյանք քամողը

  (էդ Like անողը)

իր շուրջն ատում է ռեալ կյանքում։



Պայքարողները

  (անկարողները),

ցանում են վիշտը, կռիվ, դավեր

…ցանում-ցանում են

  ու կործանում են

էս փոքրիկ հողը՝ դարեր ի վեր…



(placeholder)
(placeholder)

Ը Ն Թ Ե Ր Ց Ա Ս Ր Ա Հ