ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ

ԳՈՐԾԵՐ

ազատ թարգմանությունը

Վահրամ Սահակյանի

(placeholder)
(placeholder)

Ը Ն Թ Ե Ր Ց Ա Ս Ր Ա Հ

ՊԵՏՔ Է ԿԱՐԵՆԱԼ


Պետք է կարենալ ժպտալ համարձակ,

երբ հեռանում է սերդ անբաժան,

այս փոքրիկ կյանքում` դատարկ բացարձակ,

ունայնության մեջ։ Անհույս ու դատարկ։

Ինչ էլ պատահի` պետք է կարենալ

արիության մե´ջ պահպանել ոգին,

լինել նվաղած, լինել տառապյալ,

բայց թողնել-գնալ, չշռջվե´լ կրկին…

…Ճակատագրի դեմ, որն իր   բարձունքից`

երջանկության տեղ նվիրեց մի ցավ…

Պետք էր կասեցնել աղբյուրն արցունքի,

սակայն ես, իմ սիրտ` չկարողացա…

Պետք է կարենալ սեղանն այն լքել,

որտեղից` էլ քեզ սեր չի´ մատուցվում.

խրոխտ կեցվածքով վիճակը փրկել`

ելնել ու գնալ, չուզե´լ հատուցում։

Պետք է կարենալ թախիծն այդ մթին

պահ տալ վարկյանի թանձր քողի տակ,

մտրակահարե´լ ճիչը զայրույթի`

վերջին խոսքերը դնելով վանդակ…

Անվրդով լինել պետք է կարենալ`

անգամ երբ սիրտդ լու´ռ են գողանում…

Պետք է կարենա´լ, պետք է կարենա´լ,

Բայց ես, իմ միակ` չե´մ կարողանում։


ՆՐԱՆՔ ԸՆԿԱՆ

Նրանք ընկան անձայն, չիմանալով ինչու`

այրեր ու կանայք, մանուկներ դեռ չապրած,

Նրանք, որ բոլորն էլ ապրել էին տենչում`

տապալվեցին հողին, ասես մարդիկ հարբած։

Նրանք ընկան այրված, հայացքները աստծուն,

եկեղեցու շեմին, այգիներում ծաղկած,,

և անապատում անջուր։ Անարցունք`

խառնվեցին փաշուն։ Արյունոտ ու ձաղկված…

Եւ չկար մեկը, հայտներ աշխարհին,

որ մի ազգ է խեղդվում իր իսկ արյան մեջ.

Եվրոպան իր ջազն էր զլում կատաղի,

շեփորով խլացնում մանկանց լացը խեղճ։

Նրանք ընկան անխոնջ, և ոչ ոք չցնցվեց,

մարգարե դարձան առանձ հարության.

իսկ միլիոնավոր դիերը ծածկեց

քամին։ Ավազով և մոռացությամբ։

Նրանք չտեսան աչքերը մահի,

զոհվեցին որպես սավառնող թռչուն,

որին գնդակը թռիչքի պահին

հասնում է, դիպչում, իսկ հետո` հրճվում…

Եւ հազարներով ցած ընկան նրանք,

Եւ միլիոններով քշվեցին անվերջ.

հույսի շողերով աչքերում անհագ`

ներթափանցեցին մութ գիշերվա մեջ։

Բայց նրանք ընկան հավատով այն մեծ,

թե որթիքն իրենց, մահից ազատված`

կշարունակեն մանկությունն իրենց

հույս-երկրներում ողջամիտ մարդկանց։

…Ես մի մասնիկն եմ այդ ժաղավրդի,

որ շիրիմ չունի, չունի և ավարտ,

որն ավելի շուտ մահը կընդունի,

քան թե աշխարհում կապրի անհավատ…

…Նրանք ընկան հավերժ, ժամանակի հետ

և Հավերժությունը իրե´նցը արին,

Մահը չհասցրեց տարիք հարցնել

այդ չգիտակցված քաջության պահին…

Քանի որ նրանք մեղք էին գործել`

կոչված լինելով Զավակներ Հայի։

ԼԻՆԵԼ

Լինել, լինե´լ,

և ծնունդը միշտ վերհիշել`

լուսաբացին ճերմակագույն,

ուր կար այրվող մի վառ գիշեր…

Լինել հուշեր։

Լինել, լինե´լ.

լռությունից թռչել հանկարծ,

սրտի հալվող սառույցների`

ցո´լքը լինել համատարած…

Լինել ծնված։

Լինել և սե´րմ, լինել պտու´ղ`

անապատում այս չորացած,

լինել որպես ծաղկուն մի ճյուղ`

ջերմ ապրիլյան ծառից ելած…

Լինել կապված։

Լինե´լ նորից.

էությունը գիտակցելով`

լինել անքուն և անվարան,

մի սեր լինել արևալի,

սիրել մինչև պահը մահվան`

գուցե նաև է´լ ավելի…

Լինե´լ, դառնալ

արձագանքը հին փորձության,

և բառ լինել երբեք չօծված,

լուռ ընդունել տանջանք ու ցավ`

այդ խոսքերով չօգտագործված…

Լինել, լինե´լ`

և խուսափել դարանակալ

խարդավանքից հանկարծահաս,

հրաբուխներ պատրաստակամ

մարել։ Սանձե´լ ժամանակն այս։

Լինել անհաս։

Լինել… Մեռնել,

որ իրենց պես նորի´ց ծնվեն

կեղծիքներն այս անհանգրվան,

մահկանացու´ լինել էլի,

սիրել մինչև պահը մահվան,

գուցե նաև է´լ ավելի…

Գուցե նույնիսկ փորձել զատել

հոգին մարմնից։ Եւ անկաշկանդ`

սիրել մինչև պահը վերջին…

Գուցե նաև ավելի շատ։


ԴՈՒՌԸ ԲԱՑՎՈՒՄ Է

Դուռը բացվում է,

դու հրաժեշտ ես

տալիս իմ կյանքին,

երկյուղում եմ ես,

ընկնում եմ գիրկը

լուռ հոգևարքի…

Երբ գնում ես դու,

ճանապարհը մութ

տանում է քեզ վեր,

խենթանում եմ ես։

Խենթանում եմ, սեր`

Դուռը փակվում է,

իսկ ցավը բացվում,

և դաժան քամու

կողմից մասնատված,

նավակ եմ դառնում,

անհույս մոռացվում,

«Ու՞ր գնաց, տեսնես…»

Խենթանում եմ ես։

Ես անկարող եմ,

թեկուզ երկու ժամ,

ապրել միայնակ,

միայն աչքերիդ

հայելու մեջ եմ

առնում կերպարանք։

Այնտեղ եմ միայն

ես երջանկանում,

կամ դժբախտանում։

Սիրտս գործում է,

միայն քո խոսքով,

իսկ երբ դու չկաս`

ես ինձ վանում եմ,

ես չեմ ասում` ես…

Եւ խենթանում եմ,

խենթանում եմ ես։

Դուռը բացվում է,

վերադառնում ես….

վերադառձել ես`

իմ դուռը բացել,

և նվաճում ես

մարմինս, որից

դեռ չես ձանձրացել….

Ես կորցնում եմ ինձ,

դարնում եմ մի սեր……

Վերադառնում ես

ին հուսո դռնից,

և ես, գրկելով

մարմինը քո մերկ,

հզոր քամու պես`

սիրուց խենթանում,

խենթանում եմ ես։