…Ծնվեցինք անցյալ դարի լույսի տակ,

Ապրեցինք կարծես պատվով ու շիտակ,

Կարդացինք գրքեր (դե որ դառնանք մարդ),

ու մարդ դառնալը չլինի շատ բարդ։


Հետո ուզեցինք, որ լինենք անկախ,

Արհամարեցինք չարիք մութ ու վախ,

Ուժով բացեցինք նոր ճամփա կանաչ՝

Ու մի նոր երկիր բացվեց մեր առաջ։


Հոգնատանջ օրեր, պատերազմ ու ցուրտ,

Բարկություն, մոլուցք, ահից սառած շուրթ,

Ինչ-որ մի չափով՝ հաղթեցինք թուրքին,

սակայն երկիր էր պետք սարքել կրկին…



…Բայց երկրին տիրեց մի շունչ՝ դեմքը շեղ,

ամեն ինչ փրթվեց, թե ծառ թե տաշեղ…

Գործով հաստատեց մի խոսք կարեւոր՝

ու կտրեց հողի լույսը դարավոր…


…Առաջնորդները էլ չելան հարթակ,

այլ պատերազմի թավշյա քողի տակ՝

երկիրը մաս-մաս, հատ-հատ ծախեցին՝

…գործարան, թատրոն, գոմ, եկեղեցի։


…Ու որ չզոհվենք երկրի մթի տակ,

Որ էլի ապրենք անկեղծ ու շիտակ,

Որպեսզի լինենք ու որ մնանք մարդ,

Ընտրեցինք դրսի ճանապարհն անհարթ։


Եւ աշխարհ տեսանք՝ կիրթ ու ողջամիտ,

Ուր թեեւ կար հոգս, բայց կար նաեւ միտք,

Բայց օտար երկրում համարվեցինք մարդ՝

Էստեղ կծկվեցինք որպես մահապարտ…


Հետո լույս տվին՝ երեք թե չորս ժամ

(Թեեւ լույս ուներ ամեն մի խուժան)

Փորձեցինք կրկին նոր ճամփա հարթել՝

Բայց մարդկանց հոգին զնդան էր արդեն։


…Հետպատերազմյա երկիրը հայոց…

…ստորացում , թալան, արցունք անհոգոց…

Շուն գեներալներ՝ փնթի, անթրաշ…

…ու խեղանդամված մի սերունդ անքաշ։


Տեսանք ամենը, գուցե չզգացինք…

«Ինչ էլ որ լինի՝ կարոտ չենք հացի»

Թե ծնվել ենք մարդ՝ մարդ ապրենք պիտի,

թե չէ՝ դժոխքում ի՞նչ կա, ո՞վ գիտի…


Որ առաջնորդն էլ նստեց էս գահին

Ազգին համարձակ նվիրեց մահին,

Բայց ինչ էլ եղավ, ասացինք՝ հուսանք

սակայն ավելի վատ բաներ տեսանք…


…Գավառից բոբիկ եկած պատանին՝

ո՞նց էս մայր երկրին քաշեց պատանքի…

Գրպան ու գլուխ՝ դատակ ի ծնե,

սակայն իր մորից միլիարդ փախցրեց…


Տեսանք բոսյակներ անտաշ ու անխելք

Սրտներում անեծք, ձեռքերի մեջ զենք…

եւ առաջնորդներ՝ գնդակից խոցված,

հոգեւոր հայրեր՝ արյունով օծված։


Եկավ թալանի մի նոր տասնամյակ,

Փող կրծողների մի նոր գումարտակ,

Անտաղանդ, բռի, սերունդ նողկալի,

Բողոքողների վաշտեր տաղտկալի։


Արդեն մեկը չէ, մեծ զորք են կազմել

որտեղ պատահի՝ շնթռել են, բազմել

Տարածում են վիշտ, սփռում սով, կարիք՝

Ու նվաստացնում մի-միանց մայրիկ…


Եվ ուր էլ նայենք՝ ուղիղ, աջ թե ձախ՝

օդի տեղ մուր է, գինու տեղ քացախ

Դարձավ այսօրվա միլիոնատերը

Նախկին սովետի անտուն-անտերը…


Վարաքը լցվեց ու կազմեց շրջան,

Որքա՞ն թույն լցվեց ազգանվան մեջ «յան»

«Ընդդիմություններ»՝ առանց պարանոց…

Ու հինգ տարին մեկ՝ միտինգ ու ոռնոց։


Տեսանք ամենը, գուցե չզգացինք,

Ապրեցինք ուղիղ, ոչ միայն հացիվ,

բայց խավը ստորին վեր ելներ պիտի

Ի՞նչ կա դժոխքում։ Տավարն ի՞նչ գիտի՞…


Արդեն քսան տարի՝ ով ապրեց, մեռավ,

Ով տիրեց երկրին՝ քանդեց ու կերավ…

Գահին նստողը՝ ագահ, անկարող,

Ընդդիմադիրը՝ պատվեր կատարող…


Ով որ մտավ դաշտ՝ սփռեց թույն ու վիշտ,

Բոլորը անդուր, կեղտոտ, ամբարիշտ,

Բոլորն անխտիր, կրտսեր թե ավագ…

Երկիր վաճառող պոռնիկի զավակ…


Մեր հույսից մնաց՝ միմիայն մի հետք

Անկախությունը, ասեք, ո՞ւմ էր պետք…

Եթե կեղտարյուն թերմացքը ազգի՝

պիտի տիրանար ցորենի հասկին։


Ի՞նչ պատասխանենք տղեքին զոհված,

որ մեզ թողեցին՝ հող, ազգ, ջուր ու հաց…

Ասենք՝ կտրեցի՞ն ձեր թողած հացի՞ց…

Ասենք՝ խղճո՞վ է թուրքը սրանցից…


Իսկ նրանք կասեն դեպի մեզ հակված՝

«Գարշանքը արյան մեջ է թաքնված,

թշնամին սա է, վարաք է ներքին,

սրանց ջնջեինք, անցնեինք թուրքին»…


…Ծնվեցինք անցյալ դարի լույսի տակ,

Ապրեցինք ազնիվ, անկեղծ ու շիտակ,

Բայց օդում լցվեց տառապանք ու ցավ,

Մենք ճամփա անցանք, որն անեծք դարձավ…


Մայիս, 2012 թ


ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

մայիս, 2012

ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ