ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ 2014

10/12/14 15:18

Վահրամ Սահակյան

Դրամատուրգարձակագիր


Կապ չունի

Մոնիկա Բելուչիին ես վերջին անգամ ե՞րբ եմ տեսել: Դուք տեսնո՞ւմ եք` ում նկարն է իմ տանը դրված, տեսնո՞ւմ եք իմ ձայնասկավառակները, ֆիլմերը կամ գոնե մոտվորապես գիտե՞ք, որ ես ջազ, դասական եմ լսում: Ի՞նչ կապ ունի Մոնիկա Բելուչին ինձ հետ: Չկա…


Զարմանում եմ

Հայ տղամարդը 30 տարեկանից սկսում է սպիտակել, ճաղատանալ, ծերանալ: Ամեն դեպքում այդպես է պատահում մեր արվեստագետների 70-80 տոկոսի հետ: Սպիտակ մազերով, բրդոտ մորուքով և ճաղատ: Չեմ սիրում այդ բրդոտներին: Ես մարմնական միայն մեկ խնդիր ունեմ` վերջերս գիրացել եմ, բայց դա կապված է նյութափոխանակության հետ: Բժշկական միջամտություն է հարկավոր, այն այս պահին կատարում եմ, որպեսզի փորս չհասնի Լոռի, Փամբակ, գոնե մինչև, ասենք` Ապարան, Հրազդան: Իսկ հոգևոր առումով մարդը 50 տարեկանում խելոքանում է: Ինձ ասում են` ին՛չու քննատադություն չկա, կամ youtube-ում` տեսանյութ: Նախ ասեմ, որ դրա ժամանակն անցել է: Մարդիկ սովորել են մի կարծրատիպի: Իսկ ես` լինելով դերասան (իմ դիպլոմում գրված է դրամայի դերասան), տարբեր մասնագիտական կարողություններ ունեմ, սիրում եմ հանդես  գալ տարբեր ոճերով: 

Ես գրում եմ պիեսներ, կատակերգություներ, դրամաներ, բանաստեղծություններ, քնարական ու, այսպես ասած` քաղաքացիական, պատմվածքներ, գրքեր: Եվ խոհարարությամբ եմ զբաղվում: Այնպես, որ շատ տարբեր եմ լինում: Կարծրատիպերը շատ տարածված և վտանգավոր բան են: Նոյեմբերին ինձ հրավիրել էին մի հեռուստաընկերություն, հարցնում էին. «այ` Դուք հայհոյում եք բոլորին…»: Ես հարցրեցի, թե դա վերջին անգամ ե՞րբ են տեսել: Ես կատակով կամ այլ դեպքերում մինչև 2009/10 թվականներն եմ այդպիսի բաներ արել: Ինչո՞ւ եք կանչել: Մի՞թե դա հետաքրքրում է հեռուստադիտողին: Չի հետաքրքրում: Հեռուսատադիտողին, մանավանդ ամսագրի ընթերցողին չի հետաքրքրի թե Վահրամ Սահակյանն ինչ կարծիքի է Մոնիկա Բելուչիի մասին: Նրանց կարող է հետաքրքրել, թե ես ինչ սոուսներ եմ պատրաստում, ինչ կոկտեյլներ ու սուրճ եմ սիրում, ինչ սիգարներ եմ ծխում: Զարմանում եմ: Ես տարիներ շարունակ ապրել եմ Ֆրանսիայում: Այնտեղ կային շատ ու քիչ հայտնի արվեստագետներ, այ մարդկանց դա կհետաքրքրի: Դա վիրավորական հարց է ինձ հմար; Օրինակ` եթե ասեիք` ի՞նչ կարծիքի եք Խորեն Աբրահամյանի մասին, ես կհասկանայի:


Չի կարելի

Իմ կարծիքով հասարակական կյանքում չի կարելի խոսել ինտիմ հարցերի մասին, վատ խոսել կամ հայհոյել այլ ազգերի, չի կարելի գերադասել քո ազգությունը, չի կարելի կոպիտ արտահայտություններ անել: Ամենահավոր բանը. Ասենք` խոսում ես ինչ-որ մեկի հետ, երրորդը գալիս է և քեզ ճանաչելով կամ առանց ճանաչելու մտնում է խոսակցության մեջ` լինի խանութում, ընկերական շրջապատում, թե աշխատավայրում: Չնայած ես երբեք չեմ ունեցել աշխատավայր, չեմ աշխատել ու ոչ մի կուտակային ինձ վրա չի ազդում:

Ավտոտեսուչը մեքենայի միջից աղիողորմ ոռնոց է արձակում` ինչ-որ մեքենայի կանգնելու-չկանգնելու համար: Չի կարելի: Նա պետք է որպես մարդ գիտակցի, որ չի կարելի մի մեքենայի համար ոռնոցով անհանգստացնել ամբողջ բնակչությանը: Քնած ու հիվանդ մարդիկ կան, առողջ մարդիկ կան, որ երաժշտություն են լսում: Դու ո՞վ ես, որ մի մեքենայի համար ոռնում ես: 

Այդպիսի բաներ եմ նկատել: Շատերը  դրանից բարկանում ու սրտնեղում են: Կարծում եմ` այդպես պետք է լինի: Ես արտասահմանում չեմ տեսել, որ ոստիկանը խանգարի քաղաքացուն: Եթե ես ավտոմեքենայի ամրագոտին չեմ կապել, ինքը ձեռքով կհասկացնի, որ գցեմ: Այն դարը չի, որ կանգնեցնի վարորդին ու սկսի պետություն-պետություն խաղալ: Հասկացանք` օրենքը կա, օրենքը պետք է հարգել` լինի լավը, թե վատը: Բայց չի կարելի իրեն դնել մի 400 տարվա պետության տեղ: Այդ ամենը գռեհիկ է նայվում:


Ալեհեր բրդոտները

Ես ինձ թույլ չեմ տա անշնորհքություն անել: Արվեստագետի անշնորհքությունը, անկրթությունը, անքաղաքավարությունն այն է, որ վատ գիրք է գրում, վատ ֆիլմ է նկարում: Եթե ինքն իրեն նման բան է թույլ տալիս, ուրեմն հիմար է: Որովհետև չի հասկանում, որ դա չի կարելի: Վերջերս կարդացի մի քանի հոգու` 30-ամյա գրողների, բանաստեղծների, ու զզվեցի: Հեռավոր գյուղից եկել ես քաղաք ու հետ ես դարձել, գյուղացի պոետ ես: Գյուղում պետք չե՞ն պոտեներ, ինչո՞ւ ես եկել այստեղ: Համո Սահյանն էլ էր եկել գյուղից, բայց նրա գրածը պոեզիա է, շունչ է: «Մենք գրող ենք, մենք այս ենք, մենք այն ենք», իսկ իրականում ինքնագործ էլ չեն: Հետո այդպես մեծանում են ու չարիք են դառնում իրենց ու մյուսների համար: Նախ` փչացնում են ինչ-որ խավի ճաշակ, ու իրենք էլ ամբողջ կյանքում մնում են ինքնագործ, սրան նրան հայհոյող ու նեղսրտող, կոմպլեքսավորված լակոտներ: Դառնում են 60-70 տարեկան լակոտներ: Այ այդպես` սպիտակ մազերով, բրդոտ էլ կվերանան: 

Ես հիմարությունը նմանեցնում եմ տեսողությանը. եթե մարդ վատ տեսողություն ունի ու մեկ մետր է տեսնում, ակնոց էլ չկա, դրանից այն կողմ նա չի տեսնի, չի իմանա իր մասին ինչ են խոսում, ինչպես են վերաբերվում իրեն, ոչինչ չի իմանա: Օրինակ` կան փտած գրողներ, որոնք չգիտեն, թե աշխարհում ինչ է կատարվում: Ազգայնամոլության վրա չի կարելի գրականություն կառուցել: Իսկ ավելի ճակատագրական է դյուրահավատությունը: Հավատանք քաղաքական գործիչ անվանվող իշուկներին, հորթերին: Այսպես գնալ, տանջվել ամբողջ կյանքում, մասնակցել ցույցերի: Կարելի է ասել, որ դա իմ գործը չէ, բայց ինքը հետո ասում է` էսքան կանգնեցինք: Է` չկանգեիր: Առաջին անգամ խաբվեցիր` խաբողն է մեղավոր, երկրորդ անգամ խաբվեցիր` ինքդ ես մեղավոր: Մարդը սխալների վրա  է սովորում, բայց չի կարելի ամբողջ կյանքը սխալների վրա սովորել, սովորել, սովորել: Հետո կգա մի տարիք, որ կհասկանաս` այդ սովորածդ գործածական չէ, որովհետև քո մեռնելու ժամանակն է արդեն:


Սահմանագծից այն կողմ

Կան լավ ու վատ աշխարհներ: Եթե դու քեզ շրջապատում ես այնպիսի մարդկանցով, որոնք քեզ հարազատ մարդիկ են, լինի ընկերուհիդ, կինդ, նրանց հետ զբաղվելը նորմալ է: Եթե ընկնում ես հիվանդության մեջ, զգում ես, որ կարող ես մահանալ ու դու ես դրա մեղավորը, դու ես մրսել, հարբել, կռվել ու վնասվել, կամ ինչ որ տեղից հիմարության պատճառով սայթաքել ես ու ընկել: Զգում ես, որ կարող է ամեն ինչ ավարտվել, վիրահատություն կարող է լինել, վատ երազներ ես տեսնում, տեսիլքներ են երևում` ինքնըստինքյան տեղափոխվում ես ուրիշ աշխարհ: Եթե Աստված տա` այնտեղից վերադարձար, ուրեմն պարտավոր ես ապրել այնպես, որ արհավիրքներ այլև չհանդիպեն քո կյանքում: Դա կարող է օգուտ տալ քեզ, կարող է և օգուտ չտալ, եթե այլևս չես կարողանա որևէ բան փոխել: 

Մի քանի բան եմ ափսոսում: Շատերն ասում են, որ իրենք չեն ափսոսում, բայց ամեն ինչը հիմնականում զուր է: Ափսոսում եմ այն տարիները, որոնք անցել են անիմաստ: Այսինքն քեզ թվացել է, որ այդ տարիներին դու ինչ-որ ֆիլմ պետք է նկարես, գործ անես, գիրք գրես, բայց այնքան ես բարդացրել դա, այնքան ես դրա մասին մտածել, որ հետո չես հասցրել գրել: Այդ երկու տարին, որ մտածել ես, պետք է անիր այսինչ բանը, բայց արել ես այլ բան: Եվ այդ մեկ այլ գործը կարող էիր անել մեկ ամսում: Պետք չէր այդ երկու տարին կորցնել այդ գաղափարի վրա: Ես սա ասում են երիտասարդությանը: 

Ժամանակին աշխատում էի «Ար» հեռուստաընկերությունում: Այնտեղ ամեն մեկին թվում էր, թե իր արածը ոչ ոք չի կարող անել, ամենակարևորն ինքն է: Վայ` իմ հաղորդման ֆորմատը: Է` փոխիր ֆորմատը, քեզ ո՞վ է բան ասել, ո՞ւմ է պետք, կամ ո՞ր մի հեռուստադիտողը գիտի քո ֆորմատը: Մի խոսքով` կյանքն այսպես անցնում է: Ես երբեք չեմ մտածել մնալ արտասահմանում, բայց ես չեմ էլ մտածել մնալ Հայաստանում: Ես այն մարդը չեմ, որ ասեմ. որտեղ լավ է` այնտեղ կմնամ: Ուղղակի կյանք է: Ես չեմ մտածել` գալ, գնալ, մնալ: Ես շատ լավ խոսում եմ հայերեն ու ֆրանսերեն: Եթե ինչ-որ բաներ համընկնեին, չխանգարեին, ես հիմա հաստատ կապրեի Ֆրանսիայում: 


Երեխաների կրթությունը

Ես իմ երիտասարդ երեխաների մասնագիտական կրթությանը չեմ խառնվել, ոչ էլ խորհուրդ եմ տալիս, որ ուրիշը խառնվի: Թող անի` ինչ կցանկանա: Մի բան եմ նկատել. եթե մի բան շատ ես սիրում մանկուց, դառնում ես սիրող: Եթե երաժշտություն ես սիրում, բայց տաղանդ չունես, ստիպված պետք է դառնաս դիջեյ, կամ FM աշխատող: Դու ստիպված ես այդ ուղին ընտրել ու էշ-էշ դարձել ես այդպիսին: Սիրում ես ֆուտբոլ, բայց ոչ ֆուտբոլիստ ես դարձել, ոչ մեկնաբան, ոչ էլ աջ-եզրային մրցավար: Այսպես կյանքն անցնում է: Այդպես ավելանում են սիրող դերասանները, որոնք փոքր ժամանակ արվեստ են սիրել, թատրոն, կինո, դերասանների նկարներ են հավաքել: Ես թույլ չեմ տա, որ իմ երեխան դերասանների նկարներ հավաքի, ֆեյսբուքյան էջում ներբեռնի չգիտեմ ում նկարը: Ես դա թույլ չեմ տա: Հակառակ դեպքում նա կտրվի դրան ու կդառնա սահմանափակ, միօրինակ ճիճու: Սիրում ենք, սիրում ենք, սիրում ենք… մի քիչ քիչ սիրեք: Մի՛նվագեք, մի՛ երգեք, մի՛ խաղացեք, մի՛ պարեք. դա անող կա: Նրանց պատճառով, ովքեր այսօր սերիալներում են խաղում, մեծ ներկայացումները` «Իմ մեղքը», «Խաթաբալադան», չեն լինում: Դերասանները ցրված են սերիալներում, չես կարող նրանց հավաքել, մի կես տարի փորձի բերել: Նրանք անիմաստ ցրված են:


Փող

Փողով հնարավոր է առնել այն, ինչ սիրում ես: Եթե ես գումար ունենայի, տուն ձեռք կբերեի, գոնե կյանքիս վերջին տարիները կապրեի սեփական տանը: Ես ամբողջ կյանքում վարձով եմ ապրել: Մի խոսքով` ամեն ինչ: Միայն չասեք, որ սեր չի կարելի առնել: Գիտե՞ք ինչ, ես ուզում եմ ասել, որ գռեհիկ վերաբերմունք կա դեպի գրականությունը, կարեկցանք առաջացնելու մղում: Պրիմիտիվ, հին բառեր են գործածքւմ: Ես չեմ սիրում դա: 


Իմ գրական հերոսը

Ինձ շատ հարազատ է Լուի-Ֆերդինանդ Սելինի «Ճամփորդություն դեպի գիշերվա եզրը» վեպի հերոսը` Ֆերդինանդ Բարդամյոն: Նա ճամփորդում է: Ես նույնպես: Բոլոր այն աշխարհները, որոնցում նա լինում է, իր աշխարհների մասնիկներն են: Կցանկանայի, որ երիտասարդությունը կարդար այդ գիրքը: Ասում են` չկա: Բոլորը սովորել են օնլայն ֆիլմեր նայել, ցածր որակով, աչքերը փչացնում են, խլանում, ոչ ոք հավաքածու չունի: Չի կարելի այդպես, եթե սիրում ես գիրքը` ունեցիր, եթե երաժշտություն ես սիրում` ձայնապնակներ ունեցիր: Ես 50 տարեկանում կարողանում եմ ջազային ապրանքները բերել, գտնել, թարգմանել, իսկ իրենք ասում են` չկա: Կամ էլ ինտերնետով mp3 են լսում: 

Ես հիմա մի վեպ եմ գրում, որը երևի լույս կտեսնի սեպտեմբերին, վերնագիրը դեռ չեմ որոշել: Այն հիմնականում ճամփորդությունների վրա է հիմնված: Հիմնականում 80-ական թվականներն են: Այդ ժամանակ ես ապրել եմ իմ երիտասարդությունը: Եթե ես մի քիչ ուշ ծնվեի, նման լավ երիտասարդություն չէի ունենա: Շատ երազային պատկերներ կան, ինչ-որ կոպիտ բաներ կան: Բայց պոեզիա էլ կա: 

Ամեն բան փոխվում է տարիքի հետ

Մարդ կա` մեծանում` ապուշանում է: Դատարկ մարդը սկսում է ապրել միայն անցյալի հուշերով: Ես մարդիկ եմ նկատում, որոնք այնքան են հիմարացել, որ ոչ մեկի չեն հետաքրքրում նրանց գրածները: Ով ում ինչ արեց 90-ականներին, ինչ քաղաքական խարդավանք էր, ով ում մորթեց: Դա հետաքրքրո՞ւմ է այսօրվա երիտասարդությանը: Ոչ:  Այդ դատարկամիտը չի կարողանում մոռանալ իր հիմար անցյալը: Մարդուց է կախված, թե ինչ կլինի հետո: Եթե մարդ հասավ 50-ի ու անում է այն, ինչ 20, 30, 40 տարեկանում էր անում, ուրեմն կարող էր և չապրել: Գոնե որպես արվեստագետ:


Աստծո հետդու-ով

Աստված մեծ հասկացություն է, հարգանքի հետ կապ չունի: Ընդհանրապես` ում շատ ես սիրում պետք է դու-ով դիմես: Ո՞նց կարող եմ Դուք-ով դիմել իմ ընկերուհուն, որին շատ եմ սիրում: Իմն է, չէ՞, սեփականաշնորհված է: Աստծո առջև կանգնեմ` ինչ կասեմ… Թող դա իմ և Նրա  մեջ մնա: Չի կարելի: Աստծո մասին պետք է խոսի միայն Նարեկացին:


Պետք է փոխել

Հայաստանում փորն է պետք փոխել: Դա է ինձ հուզում: Հայաստանում, եթե այս այսպես մնա, ես շատ գոհ կլինեմ: Եթե էլի փոփոխություն լինի, եթե նորից ոռնանք… Շատ դժվար է: Երևանն առաջացել է 20-րդ դարի կեսին: Մենք ոչ քաղաք ենք ունեցել, ոչ էլ որևէ բան: Քաղաքը սարքեցին, հետո քանդեցին, հիմա քիչ թե շատ մնացել է: Էլ ի՞նչ փոխես այստեղ: Մարդկանց մտածողությունը պետք է փոխվի: Երիտասարդն ասում է` Եվրոպա: Տղա ջան, դու մի քանի ամիս գնա Եվրոպա, ոչ որպես տուրիստ, ապրիր, մետրոներում քնիր, իմացիր մարդկանց: Դատարկ մարդու ուղեղում տպավորված է «փչացած Եվրոպա» ֆրազը, կամ հակառակը` այնտեղ լավ է, իսկ Հայաստանում ու Ռուսաստանում` վատ: Կամ` Եվրոպան վատն է, մենք ենք լավը: Մի խոսքով, ես ատում եմ այդ կարծրատիպերը, ավելի ճիշտ` ուշադրություն չեմ դարձնում: 

Եվրոպան բաղկացած է պետություններից: Ես չէի եղել Նորվեգիայում, Ֆրանսիայից գնացի այնտեղ: Գիշերը զբոսնում եմ իրենց մայրաքաղաքում` սրճարանում մարդ չկա, տներում նստած են: Մարդիկ շատ աստվածավախ են: Ինձ դուր չեկավ, ես սիրում եմ մեծ քաղաքներ` Փարիզ, Մոսկվա: Դրանք միանգամայն տարբեր երկրներ են: Շվեդիան ուրիշ է, Նորվեգիան` ուրիշ: Գերմանիան ու Նիդեռլանդները գուցե նման են, բայց Դանիան ուրիշ երկիր է: 

Միօրինակ մարդը սարսափելի է: Ոչ կարդացած է, ոչ երաժշտություն գիտի, ոչ գիտություն: Նա գիտի մի բան. Այն, ինչ լսել է 18-22 տարեկանում: Եվ այդպես ապրում է մինչև կյանքի վերջ: Այդպիսի մարդկանց ես չեմ հանդիպում, բայց գիտեմ, որ կան: Ես չեմ ասում, թե նրանք վատն են: Երիտասարդությունը թող օգտվի նոր տեխնոլոգիաներից, ինտերնետից, թող ճանաչի, հասկանա, վայելի: Կյանքը ոչ միայն աշխատելու, այլև վայելելու համար է: Կդառնաք 50 տարեկան և կհասկանաք, որ ամբողջ կյանքում աշխատել եք, պայքարել եք` չգիտես ինչի դեմ, իսկ կյանքն անցավ: Վերջ: