ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ Գործեր

03/08/2016


ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ Գործեր

ՃԱՄՓԱՆ

 

Քայլերգը՝ մարմաջ է,
դեմքերը տհաճ են,
մեր ձախը ու  աջը
կամ փոս է կամ գահ։

Խոսում է գաճաճը
երգում է թերաճը…
ահա որքան կարճ է
ճամփեն մինչեւ մահ։

ԱՆՈՒՆԴ ՄՈՒՍԱ

 

Նա այրող, սիրող, երբեմն կոպիտ
մարմնիդ կփարվի
սրտիդ կդիպչի, կթակի հոգիդ
ու կգալարվի։
Ուրախ, կենդանի, մազերը արձակ
տողեր է շարում,
երբեմն լռում, դառնում է արձան,
երբեմն՝ մարում։

Ճեմում է, ժպտում, ծիծաղում, երգում
մի քիչ հուզական,
հեւում ու նվվում, իր սիրած դիրքում՝
հորիզոնական։

Ու սրտիդ միջից կհանի նոր սիրտ՝
եթե կարկամես,
չկա՞, աղքատ ես, դատարկ ես ու բիրտ,
թե կա՝ արքա ես։

…Սիրում ես, շոյում, տրվում բացարձակ,
ասում ես՝ հուսա
…դու միշտ կենդանի, մազերդ արձակ՝
անունդ մուսա…

 

ԱՊՐԵԼ ԱՆԹԱՐԹ

 

Ապրել մի կյանք, մի ակնթարթ
քի՞չ է, միթե,
ու չլինել գազան ու մարդ,
լինել թիթեռ…

չշռայլել առանձնապես՝
խոստում, երդում
ու չկանգնել շատերի պես՝
կյանքի հերթում…

կրել հոգում մի բուռ շնորհք
մի փոքրիկ գանձ,
հղկել նրան, սարքել ողորկ
ու տալ մարդկանց…

տալ ու տրվել, ու վճարել՝
մեռնել թեկուզ
հետո հարբել ինչպես Չարենց
մինչեւ էգուց…

սիրուն ապրել արագ, սահուն,
խաղաղ ու հեզ,
սիրել սերը, չապրել ահում
հարուստի պես…

սիրել մի կին ու դառնալ կես
շոյել գոնե,
օդն ու ջուրը զննել ինչպես
Կլոդ Մոնե։

ապրել որպես հնչող տավիղ
օդում, ջրում,
տերյանական մթնշաղի
անուրջներում։

ԱՂՏՈՏ ՀՈԳԻ

 

Գռեհիկ հոգին,
խավից ստորագույն
հայացքը թոկին
ատում է թաքուն՝
մարդկանց մտածող

սիրում է նա լաց
զույգերի թախծող…
եւ նրա աղտոտ
հոգու ընդերքում՝
զազրանքը համայն
մտել է խոր քուն…

 

…դու, հողե արձան
ուղեղի կարիճ
տականք ողբացյալ
կարեկցող դահիճ…

 

…նա չի սիրում զգալ
սիրում է սգալ…

 

սիրում է նա խիստ
անապահովին,
հիվանդ, աղքատին
քրչոտ անփողին…
հղում է համբույր,
լիզել է ուզում
հսկա աշխարհի
մեռելներին բյուր…

հուզում է, հուզվում

…բայց եթե հանկարծ
մի կարիքավոր
իր դուռը ծեծի,
ուզի հացի փող,-
-Ոչ, կասի, կեցիր…
կխփի ափով
փոքրի թե մեծի,

կանիծի այնժամ
աշխարհին բոլոր
ուժերին համայն
ու կելնի հարթակ
…նա շատ է դատարկ
…նա շատ է էժան…
կուտի մեզ, կուտի
անկուշտ է, դաժան…

սիրում է իր պես
անձիրք, ինքնագործ
ձեռքը վերքերին
եւ իրենք իրենց
պոետ անվանող
գրիչով խարտոց…
ծուռ զազրանքներին…

…նրանք, որոնք որ
տառեր են ցփնում…
եւ կեղտոտ գրչի
վայրի գույներով
եւ ինչպես աղետ՝
դնում են, ծեփում
մերկ աղջիկների
մոմերի հանգող
նկար խայտաբղետ,

…թափառող էգեր,
տանջվում են, եփվում,
…աստվածաշնչի
ձեռքեր աղոթող,
մայրամուտի տակ
լպստվող զույգեր
վշտերից պայթող…

…եւ իր թույներով
նա էլ է շաղում
բանաստեղծություն…
խոսքերը աղում
բառերը փրթում
տողեր է կթում
թույն, թույն, թույն ու թույն…

 

 

…ու գռեհիկը
այդ քստմնելին
առնում է գիրկը
մի անտանելի
մորմոքների պարկ…
սիրում է ոռնալ
ախ իմ ազգ, իմ ազգ,
իմ ազգ դու մորթված
քեզ լաց կտրվի
քեզ ձոն, ողբ ու ասք,
արցունքս թող տամ
մենակ կոտորվիր
քո վրա կողբամ…

…ես ողբացյալ եմ
քայլող անցյալ եմ,
մեռել եմ, դիակ
քո սյունն եմ միակ…

 

դու, հողե արձան
ուղեղի կարիճ
տականք ողբացյալ
կարեկցող դահիճ…
ոռնոցի հանճար…
համբույրդ՝ հոգոց
աթոռը՝ խաչքար,
տոնդ՝ մեռելոց…
ու լույսդ մի մոմ
զավակդ՝ քո չափ
դղյակը քո գոմ
աղջիկդ վիշապ…

շորերն էլ միշտ մուգ
կերածը լեղի
գլխում էլ միշտ սուգ
տեղում ուղեղի…

Իսկ նա խոսում է,
ասում է եկա
լեզվով լպրծուն՝
համակիր ինձ կա՞
տալիս եմ երդում
իմ արատավոր
աղտոտ կրքերով,
ջնջում եմ, սրբում
ճիվաղ ձեռքերով
ուժը մտավոր…
սիրում եմ ես լաց
զույգերի թախծող…

…իսկ վաղուց լլկված
մտածողները՝
մտել են մի ծով
ու քնել խորքում…
խոր քուն է,
խոր քուն։