ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՑ ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

27/02/2016


ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՑ ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

Երեք բանաստեղծություն

ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՑ

 

-Ո՞վ է նա, այս անվերջ անհանգիստը
դերասան չի, այլ հողմ։ Խենթ է նա…
…բայց հայտնվում էր մեր մեջ այդ արտիստը,
որ ցավից մեր՝ հանկարծ չխենթանանք։

Նա բացում էր սրտի վարագույրը,
ու սփռում ծիծաղի գանձարան,
դառնալով ամենքի սիրած հյուրը՝
իր հոգին դարձնելով կացարան։

Եւ հանկարծ՝ մի բախում,  կյանքը խիստ է,
չներեց ընթացքին եւ թափին…
ու խփվեց ու ցնցվեց այդ արտիստը
փորձության հարվածվեց իր ճամփին։

Եւ նորից մի թատրոն։ Թեեւ նիստ է,
ուր կեղծիքը հեռու չէ ճշտից…
…չի խաղում այս անգամ մեր արտիստը,
երերում ու հեւում է վշտից։

Ու նաեւ երերաց մեր այս հողը,
…մեղադրում, պաշտպանում են համայն
…ոչ նրանք են, ոչ դու տուժող կողմը
տուժողները դա մե′նք ենք միայն։

Ցանկանում ենք փակվի′ վարագույրը
չենք ուզում քեզ տեսնել այդ դերում,
թող մի քիչ հանդարտվի մեր հին հյուրը,
մենք նրան կսպասենք պարտերում։

Նա բախվեց… Ու բախվում է նա միշտ էլ,
ու հայտնվեց խորքերում անձավի…
…մեր արտիստը պարպեց ամբողջ վիշտը
որ ապրենք մենք առանց մի ցավի։

————————

 

ԿԵՂԾԻՔՈՒՄ

 

 

Ճամփեքին քամիներ ու հողմեր…
Առջեւում փորձանքի մի տեսիլ
…իսկ հետո մեղադրող բյուր կողմեր…
տուժածներ ամբարիշտ, ագրեսիվ…

Տուժող կողմ… նրա շահ պաշտպանող…
իսկ ի՞նչ շահ կա հիմա ամենում՝
ձեր մեղքերը ջնջել Վարդանով՝
այ թե ինչ եք միայն կամենում…

Մեղադրո՞ւմ եք։ Ասեք, թե ինչու
իսկ դո՞ւք ով եք եւ ի՞նչ, ինչատե՞ր…
վերեւում Նրա երգն է հնչում՝
դուք կծում եք ինչպես միջատներ։

…Միջատներ, միջակներ, ինչքան կան,
թե ատող, թե սիրող, «սատարող»
նետվեցին ու հասան մինչ էկրան,
ոռնացին, ծվվացին այս տարով։

Հերոսներ շատացան «Դեմ» խոսող,
գռեհիկ լացկաններ ողբացյալ,
ու լուրերը գետի պես հոսող
խեղդեցին թե ներկա, թե անցյալ…

Գրեցին՝ Պետրոսյան ենք բոլորս
մենք հերոս ենք, արի ենք, հասնող…
ոռնացին, գոռացին մինչեւ օրս…
անիմաստ, անօգուտ, վնասող…

Դա դրսում։ Իսկ ներսի մեղադրողը՝
կեղծիքներ է թափում անընդմեջ…
…ո՞վ եք դուք… ու սրա բեմադրողը…
ասացեք՝ ո՞վ է մարդը ձեր մեջ։

Տուժողներ, հուշողներ, որ «արդար» եք
որ հիմա կծելով եք տարված.
թե Նրան պատահել է վթարը՝
դուք ծնվե′լ եք արդեն վթարված։

Լավ, տուժել եք արդեն, թե՞ դա քիչ է,
էլ ումի՞ց եք հիմա հանում ոխը
ձեր ուզածը արդեն, ասեք ի՞նչ է
եթե ոչ միայն փողը ու փողը…

Նա շնչում է, հնչում է, հավետ,
դուք շնչում եք, ասեք, թե ինչու,
ծնվեցիք նկուղում ոնց առնետ՝
կսատկեք հողի մեջ ոնց ճիճու…

Նա ուղիղ է, դուք ծուռ եք, թերի,
Նա ապրում է միայն  տարերքում…
դուք որդեր եք, ճորտեր եք,  գերի…
դուք ոռնում եք անվերջ, Նա երգում։

Այո, Նա… Նա ապրում սրտով,
այո, դուք… գոյություն եք ձգում…
ստի մեջ, ստի տակ եւ ստով…
…կեղծիքից, կեղծիքով, կեղծիքում։

 ————–

ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԻԹՈՎ

 

 

Դեռ ութսուններից բացեցիր նոր էջ,
յոթանասունից՝ եթե հիշեի,
մարդկանց հոգին ես թարմացնում անվերջ
Վարդան Պետրոսյան դու Եղիշեի։

Դեռ շատ կդիտեն մարդիկ, կկարդան
կծափահարեն՝ թողած ցավ ու դարդ,
թե′ որպես արտիստ, թե′ որպես Վարդան։
…դու որ մարդ էիր ու մնացիր մարդ։

Մեր կյանքը ունի դառնագույն փաստեր,
թե ոնց բարձրացան նրա հատակից՝
հենց քո տարիքի մի քանի աստղեր՝
ու  փշրվեցին փառքի ապտակից։

Կա մի նոր սերունդ՝ անուժ ու տափակ
գրում են, խաղում, նկարում, երգում,
բեմին, էկրանին եղել են քարկապ
միլիոնով բռակ՝ մեր վերջին բերքում։

Ու մեր սերունդն էլ դուրս եկավ դատարկ,
ծախեցին իրենց հոգին չքավոր,
լիզեցին ամեն շպրտված փշրանք…
…էլ կուսակցական, էլ պատգամավոր…

Ու գերի դարձան հագուստ-կապուստի,
մեկն իրեն դասեց հանճարների շարք,
մեկն ասեց՝ բավ է, անցնեմ հանգստի…
հանդիսատեսին թողելով շշմած…

Դու՝ ամեն վայրկյան անվերջ աճելով՝
տվիր Կոմիտաս, Շառլ ու Վիսոցկի…
Երեւան, Փարիզ…  թե Լոս Անջելոս…
…էլ ի՞նչ մի հայը մյուսից կոծկի…

Դեհ, դեպք պատահեց, լինում է վատթար,
մարդիկ կան կորած, մարդիկ՝ վտարված
ի՞նչ է քո համար մի ավտովթար,
երբ ազնիվ մարդկանց կյանքն է վթարված։

Բեմը մարտադաշտ, իսկ հողը քեզ հիմք
հանդիսատեսը քեզ գերի անզեն…
ու լինել քո պես  հիսուն, հիսունհինգ…
քսանամյաները միայն կերազեն…

Իսկ Պետրոսյանը՝ Պետրոսյան է միշտ
լինի դա Փարիզ, Գյումրի թե Մարսեյլ,
թե մարդն ինքն իր մեջ շիտակ է ու ճիշտ
հանդիսատեսին չի թողնի անսեր։