ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ – ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15/02/2016


ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ – ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՃԱՄՓԱՆ

 

Քայլերգը՝ մարմաջ է,
դեմքերը տհաճ են,
մեր ձախը ու  աջը
կամ փոս է կամ գահ։

Խոսում է գաճաճը
երգում է թերաճը…
ահա որքան կարճ է
ճամփեն մինչեւ մահ։

       Դեկտեմբեր, 2013 թ

 ———————–

 

 

ԱՍԵՍ ԱՅՍՏԵՂ ԵՍ

 

Мело, мело по всей земле
Во все пределы.
Свеча горела на столе,
Свеча горела…
Б. ПАСТЕРНАК

Ասես այստեղ ես` ո´չ հեռու,
և տանը տոն է,
մի մոմ է անհանգիստ վառվում,
վառվում է մոմը։

Ձգում է նա անհույս կայծեր`
կտրում է կապը,
չկաս։ Ելել է, արթնացել
կտրուկ տագնապը։

Վայկյանն ասես դարձել է վիշտ,
րոպեն կարոտ է,
մեկ ժամն առանց քեզ` ամպ է խիստ,
մեկ օրն ամպրոպ է։

Գարունը իմ կույր սրտի հետ
փակեց պարտքերը,
Աշունն էլ լոկ թողեց անհետ
քո լուռ պատկերը։

Եւ լույս չեկավ, որ փարատեր
ամպրոպ-օրերս,
Ես չզգացի, որ շաբաթներ
չկաս, կորել ես։

Եւ տանը կա չասված մի լուր,
կորել է տոնը,
իսկ մոմն արդեն հանգել է լուռ,
Հանգել է մոմը։

Մարտ, 2002 թ

 

ՏԱՐԻՆ

 

Տարին անցավ ինչպես առու…
չանցավ ցավով, անցավ անցա′վ,
չար, մթագին այս անտառում՝
մենք ունեցանք փոքրիկ բացատ…

…բացատ, որում սեր արթնացավ,
որին տարին, շոյեց, անցավ…

 

…տարին բերեց սառը օրեր
հետո գարուն ու սեր անծայր
ու որոշեց գնալ-կորել
քանզի սիրուն չդիմացավ…
…չդիմացավ, եկավ, անցավ
սիրեց նա մեզ, մեղմ ու անցավ…

 

…չհոգնեցրեց տարին երբեք
խաղաց  հողմի, քամու դերը
պատուհանս սարքեց  երկփեղկ
ուր փակվեցինք ես ու սերը…

…սերը թեթեւ, փոքրիկ սերը
որը մերն էր, միայն մերը…

 

…ճախրեց ոգի, եռաց արյուն,
եթերներում ապրող դարձա…
ո՞րն էր ուժը այս լուռ տարու
այքան նոտա, երգեր, արձակ…

խոսքեր երգով, շնչով, արձակ
սա էր տարին, որը անցավ…

Դեկտեմբեր, 2014թ

 

 

ԱՐՏԱՍԱՆԵԼԲԱՌԵՐՆԱՅԴ

Հիմա…
…գուցե ջոկեմ՝ սա վերջն է,
սկսեմ կամաց մեռնել,
բայց դա զուտ նոր էջ է,
որին կուզես բեռնել…

ստիպել տանի այն ցավը,
ինչ դու ես կամենում,
տնօրինես կենցաղը՝
այստեղ եւ ամենուր…

Հետո կգա հրամանը՝
ելեք, զինվեք, ընկեք,
կելնի մահվան շամանը,
որ չի լռում երբեք,

…ու կանգ կառնի ուղեղս,
որ դու թռչես միջից..
ազատ թողնես քո տեղը՝
հանուն ամեն ինչի…

հետո՞…

գուցե գործե՞ց ուղեղս
ոգիս կտրուկ հալվեց
ու դատարկվեց հին տեղը
որ դու հյուրընկալվես…

ու դա ստիպեց ելնել ինձ
այլ ոչ սողալ անմիտ…
առաջ մղել ոտքերս
կանգնել չեղած ճամփին…

…չկկոցել աչքերս,
դեմքիդ նայել հանդարտ,
արտասանել բառերն այս,-
– Դե կանգ առ, ակընթարթ…

               Մարտ, 2008 թ.

 

ՁՈՆ ՄԻՋԱԿՆԵՐԻՆ

 

Դու, միշտ սիրող եւ ինքնագործ
կամ դու ստեղծող, միջակ, միջակ
չունես շնորհք, տաղանդ ու փորձ
բայց սարերից իջար, իջար…

Եւ բառերդ ծուռ ու խրթին
հոգոցներդ սին, սրտամաշ
բառակույտը քո գործածած
…«կապտաերիզ, զարդածիծաղ, , 
տրտմություն կամ բոժոժապատ»…
ի՞նչ է ուզում հոգիդ ծանծաղ
ու ճակատդ բետոե պատ…

…դու քանդող ես ու ավիրող
եւ ուզում ես լինել հուզած
բայց ճղճիմ ես, ոնց երիզորդ
ու լպրծուն, ոնց մեդուզա,

…ամեն քո ծուռ տողի վերջում
գործածում ես բառը «աղոթք»
մեռելահոտ քամի փչում,
հոգով քո գաղջ, մարմնով հողոտ…

…անվերջ տալիս անունն Աստծո
իբր շարժում հուզմունք ու գութ
լավ է մեկին խեղդել բարձով,
քանց թե կարդա տողերդ բութ։

…ու տգեղ ես, մարմնով, դեմքով
քո կենցաղն է գորշ ու տգեղ
թե բերում է ստեղծածը քո
բառակույտ է, թրիք ու գեղ…

…քեզ կարդում են ինչպես տարափ՝
գեշ օրորդներ դարավոր կույս
տգեղ կանայք վաղ փետրաթափ,
քննադատներ, չասեմ, դու սուս…

…ունեք անգամ գրախոսներ
ձեզ գովում են, քաջալերում
ձեր պես պարարտ, կրտած խոզեր
ձեզ չոլերից ներս են բերում։

Ի՞նչ անուն տալ գրախոսին
որի լեզուն չի ընկնում փաթ.
պետք է լինել տղա բոզի,
որ ձեզ ասել՝ «մի նոր տաղանդ»…

…կազմեք խմբեր, դարձեք աղանդ
իրար սարքեք սանիկ, քավոր
լինել մենակ եւ անտաղանդ
միշտ էլ շատ է վտանգավոր…

…խմբով շրջեք, միշտ իրար հետ
ձեր նախիրով ելեք հարթակ,
որ չբռնեն ձեզ tet a tet –
ու սատկացնեն մի պատի տակ

…հերիք գրես, հերիք խաղաս
հերիք խոսես, հերիք երգես,
հերիք բառեր, գույներ աղաս,
հերիք քեզնով կյանքը հերքես…

…կեղտ արտածես ամեն բառում
խոսքեր թքես անմիտ ու հին
այդպես կյանքը բռնաբարում
քո առջեւ ես բերում մահին

…այ դու սիրող, այ ինքնագործ
որ փոշու պես սարից իջար,
դու որ չունես ոչ ուժ, ոչ փորձ
մոլախոտ ես դու մի անճար,

…որ սողուն ես, բայց ոչ թե օձ
այլ միմիայն մլակ, միջատ
քանզի կյանքում փուչ ես, միջակ
միջակ, միջատ, սարից իջաք…

 

Մարտ, 2015թ