Ինտերնետային հիգիենա

15/07/2013


Սա ՇԱՏ կարեւոր հոդված է՝ այսօրվա հայալեզու ինտերնետը ամենաթողությունից, գրագողությունից, անգրագիտությունից, խուժանությունից, զազրելի «մեկնաբանություններից» եւ այլ տհաճ բաներից փոքր ինչ զերծ պահելու համար։

Ուսումնասիրել եմ եւ կարող եմ ասել, որ 2010 թվականից սկած մինչեւ այսօր՝ հայալեզու ինտերնետը դարձել է սեփական անձը ամենավատ կողմից դրսեւորելու, ինքնահաստատվելու, ամենացածր, ստոր տեսակի մեկնաբանություններ ու վիճաբանական պոռթկումներ ցփնելու վայր։

Մի խոսքով՝ հայհոյատեղի։

Ես բնավ չեմ ուզում, որ այս հոդվածը իր տեսակով ուղղված լինի մյուս կայքերի դեմ, որովհետեւ կան բազում կիրթ, ճաշակով, խելամիտ կայքեր։ Ես կխոսեմ հիգիենայից եւ չեմ կարող չհիշատակել ցածր, ստոր, պլեբս-կայքերի մասին, որովհետեւ դրանցից է սկսվում ու վերջանում ամբողջ ինտենետային գաղջությունն ու պիրատությունը։

Լրատվություն կարդալու համար ես նույնպես մտնում եմ լրատվական կայքեր՝ tert.am, lragir.am, yerkir.am եւ այլն, բայց դրանք որոշ չափով կիրթ, ավելորդ մեկնաբանությունների տեղ չունեցող կայքեր են, եթե մեկնաբանություններ էլ կան՝ ապա, հիմնականում չափավոր։

Բայց մյուս կայքերը կարծես թե ստեղծված են նրա համար, որ ոչ թե մարդիկ լրատվություն ստանան՝ այլ, առաջին հերթին իրենց դնեն թամաշա, գրեն, ջնջեն, կռվեն, չէ՞ որ մարդկանց տեսակ կա, որը պարզապես ոչինչ է բոլոր տարիքներում ու նրանք անպայման պիտի դրսեւորեն իրենց, նրանք էլ են ուզում գրողի պես գրել, երգչի պես երգել, վիրաբույժի պես վիրահատել։ Այդ ապուշների նշանաբանն է՝ «Ամեն մարդ էլ կարող է»։

Ու քանի որ դրանք ակտիվ են, դրանք փոքր թիվ չեն կազմում՝ հայկական կայքերի 70-75 տոկոսը ստեղծվում է նրանց համար։ Դրա համար են խրախուսվում ամեն տեսակի «մեկնաբանությունները», որովհետեւ ժողովրդավարության եւ խոսքի ազատության մասին թերի պատկերացում ունեցող մարդու նշանաբանն էլ սա է՝ «Ամեն մեկը իրավունք ունի կարծիք հայտնել»։ Համաձայն եմ, ունի, բայց Ո՞ՐՏԵՂ, Ո՞ՆՑ, Ի՞ՆՉ ԵՂԱՆԱԿՈՎ, Ի՞ՆՉ ԲԱՌԵՐՈՎ…

Այ հենց սա էլ հիգիենայի բացակայությունն է։

Հասկացող մարդը չի շփվի դրանց հետ, չի փորփրի եւ քջջի էդ զզվանք առաջացնող վայրերը։

Այդ կայքերը հիմնականում ոչինչ չեն ստեղծում, չունեն սեփական ես։ Էստեղից-էնտեղից գողացած, վերնագիրը փոխած դատարկագույն լուրեր, գաղջ հոդվածներ եւ որ ամենաակնառուն է՝ ԸՆԴԴԻՄԱԿԱՆ, ԱԶԱՏԱՄԻՏ ու մանավանդ ՀԱԼԱԾՎԱԾ, ԾԵԾՎԱԾ երեւալու բնածին միտում։ Տհաճ, դատարկ ու անշնորհք մարդիկ են, նրանք ոչ կարող են մի բան հնարել, ոչ ստեղծել, ոչ էլ մատուցել։

Ես անձամբ ոչ մեկին վիրավորելու միտում չունեմ (այդ կայքերը մտնում եմ միայն զվարճանալու համար), բայց մի՞թե վիրավորական չի, որ իրենց նույնատիպ ու զզվելի բառապաշարով ու զազրելի հոդվածներով, հարցականներով ու ՑՆՑԱՑ-ներով՝ տարիներ շարունակ դրած փչացնում են մարդկանց ճաշակը եւ այլասերում երիտասարդությանը։

Դա շատ ցածր ու վիրավորական արարք է թե այցելուների եւ թե լրագրող մասնագիտության դեմ ընդհանրապես։

Ինտերնետային հիգիենա պահպանող մարդը, մեկ-երկու անգամ ծանոթանալուց հետո՝ այլեւս չի մտնի նման աղբանոցներ։

Եթե մի տեղ մի բան է մեկնաբանել եւ ինչ-որ մի այծ տակը հայհոյել է իրեն՝ չի պատասխանի ու էլ մեկնաբանություններ չի գրի (ո՞ւմ հետ են կռվում՝ ոչ ոք չգիտե)։

Ինչ-որ կայքում, ինչ-որ բան հավանելուց հետո՝ ՉԻ ՈՒԶԻ անպայման դա պատճենել, տանել ու ցփխել որտեղ ասես, ՉԻ ԱՆԻ նման բան։

Շատերն են մտահոգված, շատերն են բողոքում այս ամենաթողության դեմ, բայց իրենք չեն հասկանում, որ ՀԵՆՑ ԻՐԵՆՑ ՄՏՆԵԼՈՒ, հենց իրենց like-երի, հենց իրենց կռիվ-վիճաբանությունների պատճառով է, ՈՐ ԴՐԱՆՔ ԿԱՆ։

ՉԷ՞ ՈՐ ԱՅԴ ԿԱՅՔԵՐԻ ՏԵՐ-ՏԻՐԱԿԱՆՆԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ, ՈՐ ԻՐԵՆՑ ՀԱՅՀՈՅԵՆ, ՍՏՈՐԱՑՆԵՆ, ՆՐԱՆՔ ԴՐԱՆՈՎ ԵՆ ՍՆՎՈՒՄ։

Հո ի՞զուր չի ասված՝ քֆուրով ծնված, քֆուրով սնված…

Ինտերնետային հիգիենան այն է, որ մարդը մտնում է իրեն հետաքրքրող կայքերը, կարդում է, ուսումնասիրում է ու դուրս է գալիս։ Վերջ, ուրիշ հիգիենայի կանոններ չկան։

Եթե կան մարդիկ, որ կցանկանան ինչ-որ հոդված պատճենել ու դնել ասենք՝ իրենց ֆեյբուկյան էջում, թող մի պահ մտածեն՝ «ԱՐԴՅՈ՞Ք ԼԱՎ ԲԱՆ ԵՄ ԱՆՈՒՄ», «ԱՐԴՅՈ՞Ք ԵՍ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉԵՄ ԽԱԽՏՈՒՄ»։

Չգիտեմ, կիրթ, ճաշակով ու գրագետ մարդիկ կան։

Ու նրանք են մեր երկրի, մեր Պետության, մեր ազգության ներկայի ու ապագայի դեմքը։

Նրանք քիչ են, բայց հայ են…

Ու պետք չի, որ շատ լինեն…

Ամենայն անկեղծությամբ զգուշացնում ենք, որ այս եւ մյուս բաժիններում զետեղված հոդվածները, պատմվածքներն ու մյուս նյութերը) գրանցված են այտեղ,, որտեղ որ հարկն է, ու եթե որեւէ ճիվաղ հատվածաբար կամ ամբողջությամբ, ու սեփական մեկնաբանությամբ ու Աստված մի արասցե՝ գլխագիրը փոխած մի տեղ զետեղի՝ կենթարկվի ոչ միայն վարչական, այլ նաեւ քրեական պատասխանատվության։ Բավական է ապրել ուրիշի հաշվին։