ՊՈԵԶԻԱ – Վահրամ Սահակյան

17/12/2015


ՊՈԵԶԻԱ – Վահրամ Սահակյան

Եթերային, թիթեռային թեւերով
դու հպվեցիր, հմայեցիր, հարբեցրիր
փոքրիկ, կոկիկ, թռար հոգուս վերեւով
դեմքիս, երգիս, սիրով կիրքդ պարպեցիր…

թեեւ ցավով, բայց ցավագին դու չանցար
գրավեցիր ու դրեցիր քո դիմաց
եւ կրակոտ քո կրքերով կարեցար
տարին դարձնել անդառնալի անդրադարձ…

բղավեցիր, նվաղեցիր աննվագ
համբուրեցիր ու բուրեցիր անհամբեր
շվարեցի, պաշարվեցի անշվաք
ու թողեցիր թղթին թաղված լուռ տողեր…

♦ ♦ ♦

Ամպը կապույտով կարոտ կկապի,
ապրիր կարկամած նրա կետերում…
գերիր դու, փերի, փարվիր իմ ափին,
ժպտա անհեթեթ, թեպետ եթերում։

Թեթեւ ու անթեւ թերթերը միթե՝
հույզի եզրերին կսուրան ի զուր,
ու կշշնջան շնչարգել շուրթեր,
երազներ ձրի կտանեն քեզ, ո՞ւր։

Քեզ ո՞ւր կտանեն ճամփեքն այս վերջին,
հասիր քո սիրով, լսիր, ի՞նչ ասեմ…
շրջվիր ու ջերմիր, մի տանջիր, իջիր,
սահիր ու նայիր… ու տես ինչ է սեր։

♦ ♦ ♦

Փակվիր, փակվիր դու երեկո
ոնց բացվել ես՝ փակվիր ջազով
ու նվագիր բասը քո հին
փակվիր այսօր բացված երգով
փակվիր ու թող օրը անզոր
հանգիստ ձուլվի երեկոյին,
որ եռում է, ալեկոծվում
պարզում մթում կորած շողին
լուսավորում ոտքդ ծալած
համբույրներով օրը օծում
բացում համայն մի անկողին
ուր շուրթերիդ ներկը հալած
փոխում է իմ գույնը հոգու
տանում դնում սիրո ծոցում…
ու սրտեր է հանում, պոկում
ու կորցնում կեսգիշերում…
…կեսգիշերում, որ փեշերում
օրորում է սիրտս հոգնած
իսկ դու ջահել, իսկ դու առույգ
տանում ես ինձ կարմիր հագած
տանում հանդարտ, տանում կտրուկ
մեծ աշխարհի փոքրիկ արկած
առնանձնակի, ուրախ, հատուկ
հմայություն համատարած…
որ գալիս ես օրվա վերջին
ու կորում ես մի շաբաթով
ու ճախրում ես ինչպես թռչուն,
նստում կրծքիս, ասում՝ շոյիր
համբույրներով օրը շրջում,
օրը շրջում, երեկոյին
ասում՝ փակվիր դու երեկո
փակվիր, դարձիր ժամեր, հուշեր
թող որ մնանք մենք երեքով
մի ես, մի դու ու մի գիշեր
…ու չես կորի մի շաբաթով…
քանզի եկել, դարձել ես կես
հայտնվել  ես մագաղաթով
եկել ես որ օրը թեքես՝
գրես հատ-հատ,գրես կես-կես
տառեր,  տառեր՝ սիրում եմ քեզ։