ԵՐԵՔ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ – Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

10/11/2015


ԵՐԵՔ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ – Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

ԱՊՐԵԼ ՄԻ ԿՅԱՆՔ

 

Ապրել մի կյանք, մի ակնթարթ
քի՞չ է, միթե,
ու չլինել գազան ու մարդ,
լինել թիթեռ…

Չշռայլել առանձնապես
խոստում, երդում
ու չկանգնել շատերի պես
կյանքի հերթում…

Կրել հոգում մի բուռ շնորհք
մի փոքրիկ գանձ
հղկել նրան, սարքել ողորկ,
ու տալ մարդկանց…

Տալ ու տրվել, ու վճարել
մեռնել թեկուզ
հետո հարբել ինչպես Չարենց
մինչեւ էգուց…

Սիրուն ապրել արագ, սահուն
հոգով անվախ,
սիրել սերը, չապրել ահում
ոնց ալիգարխ…

Սիրել մի կին ու դառնալ կես
շոյել գոնե,
օդն ու ջուրը զննել ինչպես
Կլոդ Մոնե։

Ապրել որպես հնչող տավիղ
օդում, ջրում,
տերյանական մթնշաղի
անուրջներում։

 

ԷԴՊԵՍ ԱԶՆԻՎ Է

Առանց բնի ու տանիքի,
կապրենք հազիվ մենք,
թող միշտ մի բան չհերիքի՝
էդպես ազնիվ է…

Անկախ ժամից ու տարիքից,
սերը կասի հեզ՝
— Տրվիր դու ջերմ այս ալիքին,
թող նա տանի քեզ։

Ու երբ հասնես այն բարիքին,
որ երազել ես
կզգաս հանկարծ՝ այդ տարիքում
վաղուց անզեն ես…

 

ԲԱՌԵՐ ԻՐԱՐ ՀՊՎՈՂ

Ամպը կապույտով կարոտ կկապի,
ապրիր կարկամած նրա կետերում…
գերիր դու, փերի, փարվիր իմ ափին,
ժպտա անհեթեթ, թեպետ եթերում։

Թեթեւ ու անթեւ թերթերը միթե՝
հույզի եզրերին կսուրան ի զուր,
ու կշշնջան շնչարգել շուրթեր,
երազներ ձրի կտանեն քեզ, ո՞ւր։

Քեզ ո՞ւր կտանեն ճամփեքն այս վերջին,
հասիր քո սիրով, լսիր, ի՞նչ ասեմ…
շրջվիր ու ջերմիր, մի տանջիր, իջիր,
սահիր ու նայիր… ու տես ինչ է սեր։

                         ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ