ԿԵՍՕՐ (բանաստեղծություն)

05/11/2015


ԿԵՍՕՐ (բանաստեղծություն)

Մոտ արի, սիրելիս,
վախեցրու մինչեւ իսկ,
ցերեկով հայտնվող ուրվական…
դու անվերջ ուրախ հյուր,
օդային վարագույր,
գուցե պե՞տք չէր սիրել քեզ այդքան։

Փողոցում խառնամբոխ,
ամենուր քեն ու ոխ,
բայց դրանց կտրեցիր, ինձ հասար…
փաթաթվիր դու թեւիս,
այստեղ կա Մայլ Դեվիս,
Վիսոցկի, Շառլ Բոդլեր, Կորտասար։

Փնթիներ, տգեղներ
մեր քաղաքն են հեղել,
իրենց կյանքն են փորձում մեզ բարդել…
ճաշակիր մի կում ջին,
առաջին իմ, վերջին,
ու պառկիր։ Երկնքում ենք արդեն։

Առավոտ չարթնանաս,
ու քեզ չեմ տա վնաս,
կխորհեմ՝ որտեղի՞ց դու եկար,
մի անգամ էլ այսօր
հայտնվեմ քո ներսում՝
հետո նոր միայն սուրճ ու սիգար։

Չարթնանաս, սիրելիս,
քանզի քեզ սիրելիս՝
մարտնչում եմ, պարտվում ու հաղթում,
այս գիշերն էլ փախավ,
առավոտն էլ՝ ավաղ,
եկ կեսօրն էլ մնանք դրախտում:

Վահրամ Սահակյան, ապրիլ, 2014