ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆ «Հայության կոչումը»

09/09/2015


ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆ «Հայության կոչումը»

Արդ` հարց է ծագում, մենք` հայերս, կանգնած երկու այդ հսկա աշխարհների` մշակութային Արևելքի և քաղաքակրթական Արևմուտքի միջև` ի՞նչ կերպով պիտի կարողանանք իրագործել մեր պատմական ճակատագիրը:

Պիտի կառչե՞նք մեռնող եվրոպական քաղաքակրթության, թե առաջին պլանի վրա կանգնած` արևելյան մտքի նոր ճառագայթումի և նոր ստեղծագործական թափին հետ, պիտի հանդիսանանք ներուժ մշակութային կենդրոն: Պիտի կրկնե՞նք մեր նախնիքների սխալը, թե գիտակցորեն, հերոսաբար, պիտի կարողանանք` հակառակ մեզ շրջապատող անողոք պայմաններին՛ դրսևորել մեր ազգային եսը, ընդունել պատմությունից մեզ վիճակված խորհրդավոր, հակատրամաբանական ճակատագրական դերը:

Քաջությունը ունենանք խորհելու և նաև քաջությունը ունենանք համարձակելու:

Մեծ մշակույթները առաջ են եկել միշտ էլ հակառակ առարկայական, հակառակ տնտեսական և քաղաքական պայմաններին: Մշակույթը, եթե ուզում եք, հոգեկան արկածախնդրություն է. վսեմ մի խենդություն, որով տիեզերքը գալիս գտնում է իր իմաստը: Մշակույթը պահանջում է մեծ ճիգ, հավատք և զոհաբերություն` առաքինություններ, որով հայ ժողովուրդը լիովին օժտված է: Այլապես կարելի չէ հասկանալ նրա ամբողջ պատմությունը, նրա դարավոր մարտիրոսությունը, նրա թափած արյունի համաշխարհային իմաստը:

Եթե մենք հայերս, կուրորեն ենթարկվենք ներկա քաղաքական պայմաններին, մեզ վիճակված է ռուսական ապագա հսկա տնտեսական կազմակերպության մեջ չնչին արտադրողի դիմազուրկ և աղքատիկ վիճակ:

Երբ այս օրվան հայ համայնավարները` չնայած ժամանակավոր և երևութական զիջումներին` աշխատում են ազգային և կրոնական զգացումը միանգամայն քանդել, հայ գաղթականները ցրել Ռուսաստանում, և երկիրը վերածել տնտեսական միավորի, նրանք գործում են տրամաբանորեն և հավատարիմ իրենց իդեալին: Նրանք ուրանում են մշակութային արժեքները և իբրև բուրժուական դրամատիրական մտքի ծայրահեղ ներկայացուցիչներ, ձգտում են բոլոր տարրերը ձուլել, որոշ արդյունաբերական նպատակների համար: Եվ պետք չէ զարմանալ, երբ հայ վաճառականները և արտասահմանյան հարուստները իրենց ծարավ աչքերը հառում են համակրանքով դեպի համայնավարությունը:

Գայլը ճանաչում է իր ձագին: Այրվող տան փլատակների վրա նրանք տեսնում են ապագա կարելիություններ: Նույն ցեղի և նույն մտայնության մարդիկ` նրանք գիտեն, որ իրենց կռիվը ժամանակավոր է, թյուրիմացությունը կանցնի և ձեռք ձեռքի տված նրանք միասին կաշխատին:

Նրանց աշխարհայացքը նույն տարրերից է կազմված, նյութապաշտ են, ուրանում են վերացականը, հոգեկանը, ուրանում են մշակույթը:

Սակայն, բավական է թեթև հայացք նետել մեր քարտեզի վրա, ըմբռնելու համար, որ մեր երկիրը մեծ արդյունաբերական ապագա չունի: Հայոց աշխարհը, ինչպես Հիմալայի ստորոտը և Հռոմեական բլուրները, գերազանցապես կրոնական է: Աշխարհը խաչաձևող տնտեսական ճանապարհներից դուրս` դրանք հանդիսանում են իբրև խորհրդավոր կետեր, ուր երկրագունդը մի վայրկյան կանգ է առնում և երկար շնչում:

Մեր հոգեկան սնունդը Արարատից է գալիս` չոր ու ցամաք, տնտեսապես անպետք մի լեռ:

Եվ ի զուր չէ, որ հայ ժողովուրդը պատմության մեջ չտեսնված չարչարանք է կրել, միլիոնավոր զոհեր է տվել, ծով արյուն է թափել` այդ լեռը չկորցնելու համար:

Եթե մենք ուրանանք մեր անցյալը, դավաճանենք մեզ, և հետևելով իրապաշտ առաքյալների դավանանքին, ընդունենք քաղաքակրթական շուկայում մեզ վիճակված փոքրիկ խանութպանի դերը, մենք կստորագրենք մեր մահը: Հայաստանը կլինի, ինչպես այսօր, Մոսկվայի առջև դողացող մշտնջենական մուրացիկ, որը պետք ունի դրամագլխի, որպեսզի աշխատի, պետք ունի շուկայի որպեսզի ծախսի, պետք ունի դրական գիտության, որպեսզի մտածի:

Ես ուրանում եմ ծխնելուզային և ստամոքսային այդ Հայաստանը:

Մեր երկիրը այն բախտավոր ծայրերիցն է, որոնք չեն կերակրում, այլ կերակրվում /են/: Այդպես էր Աթենքը, այդպես էր մասամբ Հռոմը և այդպես է Արևելքի մեծ մասը: Ուստի, հայ լինելը պահանջում է մեծ ճիգ, հոգեկան կենդրոնացում, զոհաբերության ոգի, խոր հավատք և առաքելական մոլեռանդություն:

Արևմուտքը խենթացած գազանի նման, քերում է երկրագնդի մակերեսը նոր գանձեր գտնելու համար, և անգիտակցաբար փորում է իր գերեզմանը: XVIII դարից նա ժառանգել է նյութապաշտ իմացականության դյուրին զենքը, որով կարողանում է հաղթել բնության տարրական ուժերին: Նա ուրանում է հոգեկան արժեքների ավանդական շաղկապումը, մարդը իրի է վերածում, ազգությունը` տնտեսական ազդակի ու խորհուրդը` նախապաշարումի: Ու իր ծոցից դուրս եկած լավագույն խորհողները` Շպենգլեր, Կայզերլինգ և շատ ուրիշներ, վկայում են նրա մոտավոր մահը:

Բոլշևիզմը ծնված է ոչ թե, ինչպես շատերը կարծում են, ինչպես առաջ կարծում էի ես ևս, վերջին հարվածը տալու համար մեռնող այս աշխարհին, այլ ընդհակառակը, բռնության ուժով շարունակելու համար նրա հոգեվարքը:

Նոր մշակութային շրջանը սկսվում է Արևելքում: Չմոռանանք, որ քրիստոնեությունը առաջ եկավ Հրեաստանի ամենահետամնաց և աղքատիկ գավառի մեջ, Հռոմեական կայսրության հզորագույն դարում:

Հայոց աշխարհը, արյունի և մահի ողբերգական այդ երկիրը այլևս հղի է բոլոր կարելիություններով: Արարատի աստվածաշնչական ոգին պատրաստ է ճառագայթելու նրա թաքնված ստեղծագործական թափը, հսկա սերմի նման պայթելու վրա է, ու դարը մոտենում է, երբ վերջապես հայ ժողովուրդը պիտի գտնե ինքն իրեն: Լինի այն, ինչ որ է: Կատարի իր դերը, ասե իր խոսքը:

Մեզ վիճակված է ապրել բարձրավանդակի վրա: Մեր դաշտերը և մեր լճերը մագլցում են դեպի լեռը: Վա՜յ մեզ, եթե վար իջնենք, կ’ընկնենք արդի քաղաքակրթության ծխնելույզի տակ, մեքենայի մաս կը դառնանք կամ խանութպան:

Հայաստանում դեռ հովիվներ կան: Նրանք ճանաչում են աստղերը և քաջ գիտեն բոլոր ճանապարհները:

Մշակույթը հովիվների գիտություն է:

—–

«Անցորդը և իր ճամփան» վեպի այն հատվածներից մեկն է, որ գրողը անհրաժեշտ է համարել տպագրելու իբրև առանձին և ինքնուրույն նյութ: