ՁՈՆ ՄԻՋԱԿՆԵՐԻՆ

09/08/2015


ՁՈՆ ՄԻՋԱԿՆԵՐԻՆ

Դու, միշտ սիրող եւ ինքնագործ
կամ դու ստեղծող, միջակ, միջակ
չունես շնորհք, տաղանդ ու փորձ
բայց սարերից իջար, իջար…

Եւ բառերդ ծուռ ու խրթին
հոգոցներդ սին, սրտամաշ
բառակույտը քո գործածած
…«կապտաերիզ, զարդածիծաղ, , 
տրտմություն կամ բոժոժապատ»…
ի՞նչ է ուզում հոգիդ ծանծաղ
ու ճակատդ բետոե պատ…

…դու քանդող ես ու ավիրող
եւ ուզում ես լինել հուզած
բայց ճղճիմ ես, ոնց երիզորդ
ու լպրծուն, ոնց մեդուզա,

…ամեն քո ծուռ տողի վերջում
գործածում ես բառը «աղոթք»
մեռելահոտ քամի փչում,
հոգով քո գաղջ, մարմնով հողոտ…

…անվերջ տալիս անունն Աստծո
իբր շարժում հուզմունք ու գութ
լավ է մեկին խեղդել բարձով,
քանց թե կարդա տողերդ բութ։

…ու տգեղ ես, մարմնով, դեմքով
քո կենցաղն է գորշ ու տգեղ
թե բերում է ստեղծածը քո
բառակույտ է, թրիք ու գեղ…

…քեզ կարդում են ինչպես տարափ՝
գեշ օրորդներ դարավոր կույս
տգեղ կանայք վաղ փետրաթափ,
քննադատներ, չասեմ, դու սուս…

…ունեք անգամ գրախոսներ
ձեզ գովում են, քաջալերում
ձեր պես պարարտ, կրտած խոզեր
ձեզ չոլերից ներս են բերում։

Ի՞նչ անուն տալ գրախոսին
որի լեզուն չի ընկնում փաթ.
պետք է լինել տղա բոզի,
որ ձեզ ասել՝ «մի նոր տաղանդ»…

…կազմեք խմբեր, դարձեք աղանդ
իրար սարքեք սանիկ, քավոր
լինել մենակ եւ անտաղանդ
միշտ էլ շատ է վտանգավոր…

…խմբով շրջեք, միշտ իրար հետ
ձեր նախիրով ելեք հարթակ,
որ չբռնեն ձեզ tet a tet –
ու սատկացնեն մի պատի տակ

…հերիք գրես, հերիք խաղաս
հերիք խոսես, հերիք երգես,
հերիք բառեր, գույներ աղաս,
հերիք քեզնով կյանքը հերքես…

…կեղտ արտածես ամեն բառում
խոսքեր թքես անմիտ ու հին
այդպես կյանքը բռնաբարում
քո առջեւ ես բերում մահին

…այ դու սիրող, այ ինքնագործ
որ փոշու պես սարից իջար,
դու որ չունես ոչ ուժ, ոչ փորձ
մոլախոտ ես դու մի անճար,

…որ սողուն ես, բայց ոչ թե օձ
այլ միմիայն մլակ, միջատ
քանզի կյանքում փուչ ես, միջակ
միջակ, միջատ, սարից իջաք…

Վահրամ Սահակյան

09, օգոստոս, 2015 ©