ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ – ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

01/08/2015


ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ – ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տերեւի պես խշշում ու քշվում եմ,
չարություն, բարություն հավաքում
մենությունն ինձ անձայն  ներքաշում է
վերացնում խորտակվող նավակում…

Բայց հիմա առավոտ չէ,  կեսօր է,
ու սիրո ոտնաձայնն է հնչում,
մենությունն ու թախիծը անզոր են
եթե դու ես հոգումս ննջում…

Շոգ է, ցուրտ է, անձրեւ է թե ձյուն է
քամիները քեզնով են լցվել
ինչ սիրուն է այս լուռ մենությունը
որ կիսում ես երբեմն ինձ հետ…

դու կիսում ես ու ես մտածում եմ
կեսօրով իմ հոգով անցավ, ո՞վ
գուցե նա հուշերի առկայծո՞ւմ է,
որ խոսում է հիմա քո ձայնով…

-Քո մարմինը հիմա,- կասի,- Իմն է,
կգրկի, կսիրի ու կայրի,
կսողա, կդողա անկողնում նա
կսեղմի ոտքերով իր վայրի…

Տերեւի պես խշշում ու քշվում եմ
ու լողում երազի առվակով,
փոքրանում, մերկանում եմ աշնան հետ,
խորտակվում հուշերի նավակով։

———————————————————————

զույգ ձեռքերդ դե տուր
ու ոտքերդ փետուր
շրթունքներդ, մազերը  հանձնիր
եւ շշուկդ՝ երդում
որ հոգի է թերթում
օվկիանում աչքերի քո անծիր…

Քո ժպիտը անվերջ
իսկ ծիծաղը քո երջ-
անկության մի հուժկու փոթորիկ…
պահպանիր ինձ քո մեջ
դողդողա անըդմեջ
իմ շնչով, իմ գրչով կոտորվիր…

եւ գիշերն է իջնում
չեմ հարցնում, թե ինչու
վերանում եմ քեզ հետ միասին
երկուսով ենք թռչում
նույն շնչով, նույն շնչում
միաձայն, միաշունչ, միասիրտ

 

———————————————————————————-

 

Առավոտվա, նոր արթնացող
ճառագները ձիգ, լուսե,
քո ճամփեքին կտան մի ցող
քո գալուստը կհյուսեն…

Քո ոտքերով  այդքան  երկայն
քո կրծքերով այնքան պիրկ
իսկ խոսքերը, որոնք թե կան
երկու հատ են՝ սեր ու կիրք…

…Ու կան կանայք, հավերժ անսեր
փակված, մենակ ու թշվառ
դու քո կրքով նրանց կասես,
որ զոհվել են վաղաժամ…

Ու սպասում են՝  ուր որ է, ուր՝
կգա ասպետը հաստատ,
իսկ մարմինը մաշվում է լուռ
հոգուն պատում սարդոստայն…

Իսկ դու թեթեւ, իսկ դու ուրախ
իմ սենյակում ես, որում
մի անկողին, սիրո պուրակ
մի քանի ժամ օրորում…

Ու դեպի ինձ անվերջ թռչող
ես մի մարմին կտենչամ
լինես եկող, լինես փախչող
լինես բարի, լինես չար…

…արեւներին անդրադարձող
շուրթեր, կրծքեր եւ ուսեր…
իմ անկողնուն կտան մի ցող
օրեր, օրեր  կհյուսեն։

———————————————————————

հիվանդ աշունը մեռավ
հետո հերթն է ձմեռվա
բայց արյունդ թող եռա
ամառվա…

արդեն բասը այս ջազի
հեւհեւում է խուլ, հազիվ
հիմա սիրտը քո ազնիվ
թող հուզի…

դրսում, այնտեղ, մշուշում
ո՞վ է քայլում ու խշշում
ով է անվերջ սեր հուշում
ու հիշում

աչքեր, աչքեր ոնց ուլունք
շուրթեր բարակ, շունչ ու ունք
մազեր գանգուր, փայփլուն
ու հլու…

տարին տվեց ու առավ
տարին արդեն մի պառավ
դու ջերմություն մի համառ
դու ամառ։

Արեւահեր աղջնակ
ելած միջից խեցու
օդով գալիս հաճախ
ամպերին ես հեծնում…

ոտքերը քո փետուր
ժպիտը քո եթեր
մարմինը քո դե տուր
մերթ գալարվիր, մերթ՝ ել…

քո վարսերով անհաս
արեւ ես դու։ Սա մեկ,
քանի՞ տարի դու կաս՝
հազիվ թե մի՝ քսանմեկ…

Արեւածին աղջնակ
ելած միջից խեցու…
կենդանության  հանճար
մեղեդիով լեցուն…

համբույրը տուր՝ կզգամ
օդում, ջրում, երգում…
…քանի՞ տարի ես կամ
հազիվ էլ քսաներկու…