ՀԱՏՎԱԾ «ՎԱՐՁՈՒ ԻՆՔՆԱՍՊԱՆՆԵՐ» ՎԵՊԻՑ

13/04/2015


ՀԱՏՎԱԾ  «ՎԱՐՁՈՒ ԻՆՔՆԱՍՊԱՆՆԵՐ» ՎԵՊԻՑ

Շոգ էր։
Քայլելով անցա բացօթյա, ավելի շուտ բացօթյա դարձրած սրճարանի մոտով։ Անցա ու հետ եկա։ Ավելին՝ անցա, հետ եկա ու նստեցի։ Ոչ միայն նստեցի, այլեւ նայեցի շուրջս։ Ավելի ավելին՝ անցա, հետ եկա, նստեցի ու նայեցի շուրջս, որովհետեւ արդեն անցնելիս տեսել էի սեղաններից մեկի մոտ ներպարփակված, ներտարածված, ավելի շուտ ներսփռված երկու երիտասարդ սարդերի։ Տղա եւ աղջիկ, չնայած մի քիչ շատ կլիներ նրանց այդպես որակելը, որովհետեւ աղջիկն իրականում լոկ ծղրիդի թրթուր էր, իսկ տղան լեռնածերպային խոյ։ Բայց ացնելիս գրավեց երկուսի արտաքին ձեւավորումը, որովհետեւ նրանց հագածը զգեստ չէր, դա չոբանական անտուրաժ էր, դա ուղղակի քամահրանք էր առաջադեմ մարդկության նկատմամբ։ Ու նրանք դա չէին հագել, նրանց դա չէին հագցրել, նրանք դրանով ծնունդ էին առել… եղեգան փողից…
Խոյը հագել էր իր մաշկից էլ նեղ մի բաց դեղին ու կանաչ օձիքներով մայկա, որի վրա գրված էր չորս անհասկանալի տառ՝ DDEA։ Բայց այդ մայկան այնքան խունացած էր ու այնքան քրտնաթոր, որ կարծես սկսում, շարունակում եւ վերջացնում էր խոյի մարմինը, նրա մուգ բոսորագույն թեւերը շարունակվում էին մայկայից fade out եղած։ Խոյը հագել էր մուգ կապույտ շալվար, որ նույնպես չվերջանալով տեղի էր տալիս նրա անպատմանորեն սեւ ու հաստ գուլպաներին, որոնք էլ կարգին չավարտվելով սողոսկած էին դրանից ավելի սեւ ու ավելի հաստ, սուր կոշիկների մեջ։ Եւ այդ ամենը հուլիսին, երբ ստվերում 32 աստիճան է։ Ու նստել էր՝ ոտքերը չռաց, ասես շպագատի մրցումների վերջին, վճռորոշ փուլում։ Սեղանին դրել էր իր ծուռումուռ հեռախոսն ու բաց շագանակագույնը փողամանը, բայց լավ կլիներ, որ ուղղակի դրած լիներ։ Նա անընդհատ խաղում էր դրանց հետ, ինչ-որ բան էր քջջում հեռախոսի մեջ, հետո փողերն էր հանում ու նորից դնում տեղը։ Ինքը մի տեսակ անհանգիստ խոյ էր, ավելի շատ ոչ թե լեռնային, այլ քարանձավային տեսակի, ծերպային խոյի սովորություններով։
Թրթուրը հագել էր ցանցավոր, բայց երկարթեւ բլուզանման պոլի շոր ու խակի գույնի կարճ շրջազգես, որոնց փեշերը երկու ձեռքով գրկել էր։ Գրկել էր, բաց չէր թողնում եւ անընդհատ իջեցնում էր ներքեւ։ Ու էդ պատճառով, անգամ ամենահեռու սեղանից հստակ երեւում էր նրա եւ կորած-մոլորած պորտը եւ կարմրավուն վարտիքի կիսապատռված ռեզինը։ Եւ անգամ ամենահեռու սեղանից լսելի էր նրանց զրույցը։
— Ես չեմ կարա գամ, չեմ կարա, դու չես հասկանո՞ւմ,— վնգստում է թրթուրը։
— Ռիպա (արաաա, թրթուրն անուն էլ ուներ) դու հանգիստ կարաս գաս։
— Հա՞։ Բա օրինակ մամային ի՞նչ եմ ասելու։
— Ի՞նչ պիտի ասես, կասես, որ Լիլոյենց հետ ես էղե, էսքան բան,— վրնջաց խոյը։
— Էն էլ Լիլոյե՞նց, մաման սաղ օրը զանգում ա դրա մորը, ձեւ չի…
— Լիլոյենց չէ, ասա Լուսոյենց մոտ պտի հավքվեք ասենք Ռուզոյենց տանը, ցրի, էլի, ընենց ասա, որ լուսո-ռուզո-լիլո խառնվի։
— Գոռ, ինքն էդ ձեւերը գիտի (պարզվեց, որ խոյն էլ անուն ունի, ում մտքով կանցներ), ինքը որ գործից ուշանում ա, սենց բաներ ա ասում՝ «Դե մի հատ Արուսին վերցրինք, Անոյենց հետ մտանք Վարսոյի վարսավիրանոցը, հետո էն Լիլոն էկավ, մի հատ մտանք Կարինեենց տուն»…
— Հա, բա էդ եմ ասում, եթե հերդ էդ կուտն ուտում ա, ուրեմն դու էլ հենց հմի զանգի էդ նույն բաները հորդ ասա ու ասա, որ մամային ասի, որ չանհանգստանա։
Ի՞նչ ասես։ Մարդիկ օր էին անցկացնում։ Սուտ խոսելով, ստի մասին, ստի անունից ու ստի անունով… Խոսակցություն, որ երեւի էլ ոչ մի ուրիշ երկրում չես լսի։ Այսինքն անպիտան խոսակցություն, փչացած խոսակցություն, կեղտակորույս ու ստոր հոգուց ցփնված խոսակցություն։ Ապրում են էդպես։ Դա ապրելն է։ Ապրել աչքի առաջ, բայց ապրել թաքնված, ապրել բոլորի մեջ, բայց ապրել բոլորից ծպտյալ ու կյանքն անցկացնել ոչ մեկին պետք չեկող գաղտնիքների մեջ։ Ու սատկել, առանց իմանալու, որ իր գաղտնիքները բոլորն էլ գիտեին, բոլորի համար մեկ էր՝ նա կա՞, թե՞ չկա… Լինի դա ծղրիդը, խոյը, ճանճը, բզեզը թե իշամեղուն։
— Հմի դու հորինի, տես ինչ ես ասելու, շուտ…
Ի՞նչ մարդկություն, ի՞նչ պարտականություններ, ի՞նչ անկախություն, ի՞նչ զարթոնք, ինչ ռեժիմ, ինչ հայրենակերտություն, երբ սեղանին էր դրված «բա ինչ պիտի ասենք» գերագույն հարցը։
Չէ, սրանց կյանքը ոչ կյանք է, ոչ մահ, ոչ էլ կլինիկական մահ։ Սրանցն ուղղակի կլինիկական կյանք է։ Մշուշոտ, անհասկանալի եւ բոլորի համար անտեղի։
Բայց ամենագլխավորը դեռ առջեւում էր։ Ինչպես ասում են՝ ծրագրի մեխը դեռ չէր ներկայացվել մայրաքաղաքի թատերասեր հասարակայնությանը։
— Քյասար, մինչեւ ես հատ էթամ զանգեմ-գամ,— նորից վնգստած խոյը,— դու էս արանքում նայի ինչ ես անում, զանգում ես հմի  հորդ ու ինչ-որ քեզ ասի՝ էտի ասում ես իրան ու էթում ենք:
— Գոռ, ցավդ տանեմ, ասենք ասի, ասենք ինքն էլ ասեց գնա, բա հետո մենք գնում ենք ի՞նչ անեք,— նվնվծվծվացրեց թրթոն։
— Արա,— արդեն գոռաց խոյը,— էրկու ժամով Մոսոյից բալնիք եմ վեկալե, էթում ենք մի հատ գեղեցիկ ինչ-որ պետք ա անենք-գանք։
— Բայց Գոռ, ես հոգնել եմ էդ ամեն ինչից ու էն, ինչ-որ ես եմ քեզ ըտենց ձեռով անում, դու էդի կարաս տանը մենակ էլ անես։
Ստեղ փայծաղս կտրվեց իր տեղից ու ընկավ ձախ սանդալիս մեջ։
— Բայց խի՞ ձեռով, այ ախպեր,— թրթուրին իր անունով դիմեց խոյը,— էն օրը լավ էլ շուռ էիր էկել, լավ էլ ընենց մեջն էր…
— Ըտենց ցավում ա, Գոռ, էդ վախտ ըտենց չի ցավում, բայց հետո չեմ կարում քայլեմ, համ էլ որ գնում եմ ֆիտնեսի՝ ոտերս չեն շարժվում, տրեներն ասում ա…
Հիմա էլ կույր աղիքս տեղից պոկվեց եւ սկսեց ծածանվել ջինջ երկնքում։ Սրանք… սրանք էս ինչե՞ր են անում… Էս ինչե՞ր են խոսում… Չէ, դե հասկացա, թե մարմնի որ մասերն են գործի դրվում, բայց ախր… Ախր իմ սեղանին էլ հեռախոս կա… Կա ու նրա էկրանին հստակ երեւում է 2014 թ…
Բայց մեկ է՝ դա չէր։ Դա չէր ծրագրի մեխը։ Մեխը մխվեց ուղիղ հոգուս մեջտեղը, անմիջապես էդ «ոտերս չեն շարժվում» նախադասությունից հետո։ Հենց որ Խոյը «Քյասար զանգում ես ու ասում ես, հեսա գալիս եմ» ասելով հեռացավ ու ծածկվեց սրճարանի հետնամասում՝ թրթուրը սկսեց շատ հետաքրքրությամբ աջ ու ձախ նայել։ Սրճարանում համարյա մարդ չկար։ Հետո  սկսեց ուշադիր նայել սեղանին։ Այնուհետ իր պայուսակից հանեց հեռախոսը ու դրեց սեղանի մեջտեղում դրված խոյի թողած փողամանի վրա։ Էլի նայեց աջ ու ձախ, վերցրեց հեռախոսը, բայց արդեն փողամանի հետ միասին։ Ձախ ձեռքով հեռախոսը պահեց ականջի եւ ուսի արանքը, աջով բացեց փողոմանը։ Բացեց ու սկսեց տնտղել ներսի թղթադրամները։ Այդ ամենը երկար չտվեց, երեւի մի 10 վայրկյան, որից հետո նա փողամանից հանեց երկու թե երեք հազարանոց, ու փակելով դրեց տեղը։ Ամեն ինչ հասկանալի էր, ծղրիդը չէր կարող արագ վերցնել բոլոր փողերը։ Նրան պետք էր հաշվարկել ու իմանալ, թե որ թղթադրամից շատ կա եւ այնպես վերցնել, որ հետո խոյը չնկատի։ Ու վերցրեց։ Անգամ հեռախոսով չխոսեց, որովհետեւ այդ ժամանակ վերադարձավ խոյն ու միանգամից հարցրեց.
— Հը, ասի՞ր ատեցին, էթա՞նք։
— Զանգում եմ՝ անհասանելի ա պապան։ Գոռ, բեր էսօր չեթանք, էլի, խնդրում եմ։ Համ էլ էսօր գլուխս մի քիչ լավ չի, գնամ-պառկեմ, հա՞…
— Արա հորս արեւ, բայց դու ինշշ ոռ խաղցնող աղջիկ ես…
Չէ, խոյ ջան, չէ, ինքը նախ խաղցնող չի, այլ տվող է, երկրորդ, էն ինչ-որ քեզ է երբեմն տալիս, որ զբաղվես՝ ինքը դա տալիս է քո բոլոր հեռու ու մոտ ընկերներին, եղբայրներին, ազգականներին։ Ինքը տալիս է այն, ինչն իրենից չեն հարցնի, երբ քո նման մի խոյանման արարած կամուսնանա հետը։
Չգիտեմ էլ ինչ եղավ… Դրանք գնացին, կորան…
Ու մարդ մտածում է… Ասենք նման ճեղճահոնդոններից մեկն ընկնի Տոկիո, Լոնդոն, Փարիզ, Ամստերդամ կամ թեկուզ ինչ-որ մի Զագրեբ։ Ընկնի ու նման բաներ անի։ Ասի կզանգեմ ու չզանգի, ասի չկարողացա գալ, որովհետեւ պապս բռնեց, հետեւիցս դրեց… Ասի, հա, պիտի ինձ հետեւից հագնես, որովհետեւ աղջիկ եմ… Կհարցնեն՝ բայց մենք գիտենք, որ դու աղջիկ ես, էլ ինչի՞ ես ասում… Ո՞վ ես դու, ոջիլ… Ու հետո, էդ ամենն ասելու եւ անելու հետ միասին՝ մի հատ էլ հանգիստ գողություն անի, առանց ակնթարթ իսկ գիտակցելու, որ գողություն է անում, որ գող է, որ իր արածը հանցագործություն է… Որ իր ապրելը հանցագործություն է…
Ո՞ւր ես, ո՞ւր, Պողոս Պողոսյան… Մեռնելս գալիս է, արտագաղթելս գալիս է, գենոցիդս գալիս է…
Չկա, ոչ ոք չկա… Անգամ Պողոս Պողոսյանը չկա…
Իսկ ո՞վ կա։ Իսկ ի՞նչ կա։ Որեւէ մեկը կա՞, որ գոնե հիշում է, թե ինչ բան է շիտակ ապրելը։ Մնացե՞լ է մեկը, որ հասկանում է՝ այ սա սուտ է, այ սա ճիշտ է։ Հասկանա,  գա ու  կնոջն ասի՝ «Գիտես ինչ, ես ուրիշին եմ սիրում, նոր էլ իր հետ էի, արի բաժանվենք։ Այլ ոչ թե մտնի տուն ու ձեռի հետ ասի՝ «Տղերքով մի քիչ նստել էինք օֆիսում, ուշացա»։ Կամ կինը մի նման բան ասի։ Ասի՝ «Գիտե՞ս ինչ, մենք չենք համապատասխանում իրար, դու իմ հետ նորմալ սեքս չես անում, ես չեմ բավարարվում, արի բաժանվենք, թե չէ էսպես չի լինի, ես չեմ կարող ում հետ ասես պառկել՝ միայն սեքսի համար»: Չեմ հասկանում՝ սա ավելի դժվար է, քան տասնամյակներով տանջվելն ու տանջելը՞։ Ախր էս ցածրարյուն թերմացքները դեռ ոչինչ, նրանք բնավ առնչություն չունեն մեզ հետ։ Բա ի՞նչ ասես նույն հսկա կեղծիքն իրար հետեւից շարող դերասանի, գրողի, մտավորականի մասին, որ «Հանուն մեր ազգի» եւ «Պայքարենք մեզ հարստահարող ալիգարխների դեմ» ելույթներից հետո մտնում ու դուրս չի գալիս հենց նույն ալիգատորների հետույքը, ինչ է, թե իրեն բենզինի փող են շպրտում։
Իրենք չգիտե՞ն, որ աշխարհում գոյություն ունի մի այսպիսի բառ, մի ածական՝ անկեղծ։ Թե՞ միայն սիրում են «Անկեղծ ասած» արտահայտությունը, այսինքն՝ հիմա անկեղծ, մինչ այդ ծայծեծայր սուտ էր։
Էս ո՞նց եղավ, որ էս տարածքում բնակիչների մի մասը դարձավ ստախոս, մյուս մասն էլ ոչինչ չդարձավ, որովհետեւ ուղղակի ժառանգական ապուշ էր։ Ինքն ապուշ, ծնողներն ապուշ, որդիներն ապուշ։ Ինքն ինչ-որ իշխող կուսակցական ոջիլ-հոմոնիստ, հայրը նախկին կերած-խմած կումունիստ, տղան էլ իր նման թուլեքի հետ ջիպի ղեկին լռված էշի տղա։ Կամ էլ՝ սերիալում ծուռտիկ ատամները բացող-փակող բակտերիա, այսինքն ժառանգական ու անվերջանալի ապուշ, անիմաստ ու գարշելի կյանք, ապուշություն առանց սահմանների։
Իսկ մարդկային ապուշությունը շատ նման է կարճատեսությանը։ Կարճատես, առանց ակնոցի։ Նա աղոտ է տեսնում այն ամենը, ինչն իրենից մեկ մետր հեռու է, չգիտի ինչ կա իր շրջապատում։ Նույնն էլ ապուշ մարդը։ Նա չգիտի, թե ով կա, ինչ կա իրենից մի քիչ հեռու։ Նա հանգիստ խոսում է, վայրահաչ է տալիս, փող է աշխատում, խաբում է, ծախում է, դավաճանում է։ Ամբողջ կյանքը, ծայրեծայր։ Դե արի ու հիմա նրա մասին ասա՝ ո՞նց կարող է նման բան թույլ տալ իրեն։ Բայց նա գիտի՞, որ ինքն ինչ-որ բաներ թույլ է տալիս։ Նա ապրում է ուղղակի։
Չգիտեմ… Հոգնեցի, գարշեցի, նզովեցի,  գնացի մտա նկուղս ու դուրս չեկա երկար ժամանակ։
Որքան ժամանակ անցավ, որքան անիմաստ տասնամյակներ եկան անցան, որքան դեմքեր փոխվեցին։ Ու դրանից հետո…

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ՝

ժժժժ