ԱՆՈՒՆԴ Charles Aznavour կարդալ եւ դիտել

05/04/2015


ԱՆՈՒՆԴ  Charles Aznavour կարդալ եւ դիտել


Սկզբում փորձն է, հետո կատարումը-————————

Ազատ թարգմանությունը Վահրամ Սահակյանի

Անունդ լուսե
զուտ բառ չէ, այլ կանչ,
և ամենամեծ զանգակներից էլ
զնգո՛ւն է նրա ձայնը հիասքանչ,
շնչառություն է, շշուկի միջից,
և մութ գիշերվա
կեսին լռելայն`
կանչում է հատուկ ճիչով հոգետանջ։

Անունդ լուսե`
որ կրկնում եմ միշտ,
արձագանքվում է, կտրում է հողից,
հետո սեղմում է հոգիս երկու տակ,
որից սարսռում, ցնցվում եմ դողից։
մաշկիս տակ փռում
օվկիան անհատակ։
Եւ ես չեմ քնում
գիշերվա եզրին
իմ կանչն է մնում,
Իմ սիրո պես հին։

Անունդ լուսե`
կարծես թե վախի, երկյուղի ճահճում`
ուրախություն է անվերջանալի,
ու թեև սեղմում է, տանջում`
սակայն իմ հոգին սնուցում է նա.
տալիս հարություն…
նման է հույսի
աստղի առկայծող,
որն ուղեկցում է ճամփեքին անանց,
ու դարձնում է ինձ
անվերջ սեր հայցող…

Անունը լուսե
այրում է, վառում,
դառնում է մոխիր,
բայց առկայծում է
օրվա արանքում,
գիշեր-ցերեկի
լուռ հերթափոխին,
վերածվում է զուտ
սիրային խոսքի,
երկինքը հատում`
և ինձ հանձնում է,
արյունիդ հոսքին,
հոգիս է քանդում,
դարձնում բանտարկյալ`
գիշերվա և քո
անունի բանտում…

Անունդ լուսե
վերեւ խոյացած դրոշի նման
ծածանվում է միշտ,
հոգիս է քերում,
և գետնին կանգնած երազով ապրող
թշվառիս համար`
գույներ է տալիս ժամանակների
ուղիղ եթերում…

Անունդ լուսե,
որ ցանկանում եմ
գրել պատերին, ծառերին խրոխտ,
երկնքին, ջրին,
կանչ տալ աշխարհի
տանիքներից բյուր,
խենթի պես հանձնել
անձրեւներին հորդ…
բայց նա հանում է,
սուզում է, փրկում,
սառում է, եռում,
որ դու իմ կողմից
կանչված անունով
կորչես իմ գրկում,
կամ էլ հեռանաս բոլորից հեռու…

Անունդ լուսէ,
օդում թափառող,
ինձ հետապնդող հնչյուն է անձայն,
գալիս է հեռվից,
երկնքով անցնում,
թռչում իմ կողքով, բացում է կածան,
փարվում հանկարծ
և ինձ արբեցնում,
կամ ինչպես մի նետ`
դիպչում է սրտիս,
խաղում արյունիս
և մտքերիս հետ…

Անունդ լուսե
հնչում է, շնչում`
շուրթերիս, մարմնիս,
ցանկություններիս,
եւ բնազդներիս
միջով անդադար,
նրբին է եւ ջերմ`
դրդում է վաղվա հանդիպմանը մեր,
և ես հաճույքից
դողում եմ, լողում,
քանզի անունդ
իմ մեջ է հոսում…
իմ մեջ է խոսում,
քանզի կարող եմ,
առանց երկյուղի
ապրել ու մեռնել,
ապրել ու մեռնել`
քո անվան ներսում…