ԼԻՆԵԼ Շառլ Ազնավուր

18/03/2015


ԼԻՆԵԼ Շառլ Ազնավուր
Լսել եւ ընթերցել

ԼԻՆԵԼ Շառլ Ազնավուր

ETRE Charles Aznavour

Լինել, լինե´լ,
և ծնունդը միշտ վերհիշել`
լուսաբացին ճերմակագույն,
ուր կար այրվող մի վառ գիշեր…
Լինել հուշեր։

Լինել, լինե´լ.
լռությունից թռչել հանկարծ,
սրտի հալվող սառույցների`
ցո´լքը լինել համատարած…
Լինել ծնված։

Լինել և սե´րմ, լինել պտու´ղ`
անապատում այս չորացած,
լինել որպես ծաղկուն մի ճյուղ`
ջերմ ապրիլյան ծառից ելած…
Լինել կապված։

Լինե´լ նորից.
էությունը գիտակցելով`
լինել անքուն և անվարան,
մի սեր լինել արևալի,
սիրել մինչև պահը մահվան`
գուցե նաև է´լ ավելի…

Լինե´լ, դառնալ
արձագանքը հին փորձության,
և բառ լինել երբեք չօծված,
լուռ ընդունել տանջանք ու ցավ`
այդ խոսքերով չօգտագործված…

Լինել, լինե´լ`
և խուսափել դարանակալ
խարդավանքից հանկարծահաս,
հրաբուխներ պատրաստակամ
մարել։ Սանձե´լ ժամանակն այս։
Լինել անհաս։

Լինել… Մեռնել,
որ իրենց պես էլ չծնվե′ն
կեղծիքներն այս անհանգրվան,
մահկանացու´ լինել էլի,
սիրել մինչև պահը մահվան,
գուցե նաև է´լ ավելի…

Գուցե նույնիսկ փորձել զատել
հոգին մարմնից։ Եւ անկաշկանդ`
սիրել մինչև պահը վերջին…
Գուցե նաև ավելի շատ։

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Վահրամ Սահակյանի