ՈՉ, ԵՍ ՈՉԻՆՉ ՉԵՄ ՄՈՌԱՑԵԼ – ԱԶՆԱՎՈՒՐ

15/03/2015


ՈՉ, ԵՍ ՈՉԻՆՉ ՉԵՄ ՄՈՌԱՑԵԼ – ԱԶՆԱՎՈՒՐ

Ազատ թարգմանություն՝ Վահրամ Սահակյանի

Լսել կարդալով

Մտքովս երբեք
չեր անցնի։ Բնավ,
որ կարող ենք մենք
այսքան պատահմամբ
հանդիպել իրար։

Պահը ծաղրալի
առաջ է բերում
զանազան բաներ.
դադար է առնում
ընթացքում հապճեպ`
ճանապարհը ջինջ…
Ոչ, իհարկե։ Չե´մ
մոռացել ոչինչ։

Խնդրում է հոգիս,
բայց քե´զ եմ ուզում
դիտարկել անկուշտ.
տարի և ամիս
հետքեր են թողնում
դեմքերիս անշուշտ…

Բայց կարծես թե դու
նույնն ես մնացել,
սանրվա´ծքդ է
փոփոխվել մի քիչ…

Ես չեմ մոռացել,
իհարկե, ոչինչ…

…Ամուսնացե՞լ եմ…
Բայց արի մի կողմ
նետենք դա մի պահ։
Ազատությունն իմ`
(դե, մեր մեջ ասած)
կարծես ավելի
սիրելի է ինձ
և համատարած…

Մեր բաժանումից
հետո էլ երբեք,
վերամբարձ ասված`
«ԿՆՈԶՆ ԻՄ ԿՅԱՆՔԻ»
չեմ հանդիպել դեռ…

Գուցե մի բաժակ
խմե՞նք միասին,
խոսենք քո մասին`
թե ոնց ես ապրում,
գո՞հ ես աշխարհից,
ի՞նչ ես երազում,
ինչե՞ր ես տարել
այս քանի տարին`
մենակ, Փարիզում…

Քո ամուսնության
մասին կլռեմ,
իսկ ծնողների՞դ…
ուզում ես նորի՞ց
բերանս բացել…

Օհ, ո´չ։ Ոչ մի բան
ես չեմ մոռացել։

Ճակատագիրը
նորից կանգնեցրեց
մեզ իրար առաջ.
ամեն ինչ չէ´որ
տանում է իր հետ
ժամանակը այս
անպարտաճանաչ։

Պատկերդ կրկին
մտնում է հոգիս,
որից ելնում է
հիմա ամեն ինչ.
Ոչ, իհարկե։ Չե´մ
մոռացել ոչինչ։

…Եվ այն տարիքում,
երբ զենքի տեսակ`
սի´րտ էի կրում…
հայրդ քեզ համար
թեկնածու գտավ`
իրեն շատ հարմար,
խելացի, հլու…

Ցանկանում էի
թեկուզ քո բանտում
տեսնել քեզ նորից…
Եւ ուղարկեցի
նամակներ բազում…
գեթ մի պատասխան
չստացա քեզնից…

Հիմա, երբ կարծես
մի ամբողջ դար է
անցել-գնացել`
բայց տե՞ս` ես ոչինչ
դեռ չեմ մոռացել…

Համարյա բոլոր
եղանակները
մեզ սե´ր են նետել.
աշունները թաց,
ձմեռները խիստ`
կարծես հենց մե´նք ենք
մեր ձեռքով կերտել,

Իսկ գարունը ձիգ
երկար կպահի
մեր հին քսան տարին,
ու կսիրի մեզ…

…օհ, ոչինչ, ոչինչ
չեմ մոռացել ես…

Երեկոն լռեց…
սրճարանները
փակվում են արդեն։
Կուղեկցեմ ես քեզ…
Սա ի՞նչ է… Կարո՞տ…
հին օրերի պես
կգրկեմ։ Կարծես
հենց ձեր դռան մոտ։

Փոխվել եմ, այո,
գուցե ավելի´
խենթ եմ դարձել ես…
Թե համաձայն ես`
այնքա՜ն կուզեի հանդիպել նորից,
եթե, իհարկե, դու չես առարկի,
(և կուրախանամ, անշուշտ ես որից)
Եթե ազատ ես…
Հարմար ես գտնում…
Թե ինձ տեսնելու
միտք է քո հոգում
նորից արթնացել…
…Եթե դու ինձ պես`
ոչինչ ու ոչինչ
դեռ չես մոռացել։