ԵՐԵՔ ԳՈՐԾ «ԱՆՈՒՆԴ ՄՈՒՍԱ» ԳՐՔԻՑ

03/03/2015


ԵՐԵՔ ԳՈՐԾ  «ԱՆՈՒՆԴ ՄՈՒՍԱ» ԳՐՔԻՑ

ԱՆՑՈՐԴ

Փողոց, որ անծայր է
եւ օդն արդեն սառը
արեւը անուժ է,
քայլերն էլ դանդաղ…
Խամրած է ծիծաղը
հնչյուն է սեր բառը
իսկ խիճն էլ մի հուշ է
սառած ու անթաղ։

Անցորդ դու մրսել ես
դու բիրտ ես… դու՝ ցածր
ծախում ես հույսերը
գնում ես պատրանք…
Ու կին, որ անսեր ես
դու կին սիրտը կարծր
տենչում ես այդ սերը՝
տալիս ես ապտակ…

Տենչում ես, կառչում ես
արյունդ սառել է
հոգիդ խուլ ու փակ է,
անկիրթ ես, դաժան…
…թերեւս վերջում էլ
լսես այս բառերը՝
Ապրելը… դա թանկ է
քո կյանքն է էժան…

 

ԵՐԿՈՒՍՈՎ ՄԻԱՍԻՐՏ

զույգ ձեռքերդ դե տուր
ու ոտքերդ փետուր
շրթունքներդ, մազերը հանձնիր…
եւ շշուկդ՝ երդում
որ հոգի է թերթում՝
օվկիանում աչքերի քո անծիր…

Քո ժպիտը՝ անվերջ
իսկ ծիծաղը քո երջ-
անկության մի հուժկու փոթորիկ…
պահպանիր ինձ քո մեջ
դողդողա անըդմեջ
իմ շնչով, իմ գրչով կոտորվիր…

երբ գիշերն է իջնում
չեմ հարցնում, թե ինչու
վերանում եմ քեզ հետ միասին
երկուսով ենք թռչում
նույն շնչով, նույն շնչում
միաձայն, միաշունչ, միասիրտ։

 

ԻՆՉԵՐ, ԻՆՉԵՐ, ԻՆՉԵՐ

Առավոտը միայն ահ է.
կգա՞ս այսօր թե չէ…
կգաս… ինչե՞ր կպատահեն
ինչեր, ինչեր, ինչե՜ր

կփաթաթվես, կասեմ մնա
դա սերն է մեր առջեւ…
ովքե՞ր միայն կհասկանան՝
քչեր, քչեր, քչեր…

դու մարդ կոչված այս դեւերից
թողել ես ու փախչել
մնում է քեզ իմ թեւերից
կառչել, կառչել, կառչել

սրտիցս դուրս, տես, այն կողմում
մրսել ես ու թրջվել
կարող ենք մենք իմ անկողնում
շրջել, շրջել, շրջել

սրտիդ տրվում, մարմնիդ տիրում
չկա արդեն ուժ էլ
վաղն էլ կգաս, ես չեմ սիրում
հուշեր, հուշեր, հուշեր։

Գիրքը ձեռք բերել հետեւյալ գրախանութներից…

grakh