ԱՌԱՆՑ ԲԱՌԵՐԻ

21/11/2014


ԱՌԱՆՑ ԲԱՌԵՐԻ

Մեռնում է տարին
ծառեր եւ թե օդ
գծում են հեռվում
կիսամեռ կայծեր…
…աշնան նկարին
անոսկոր, անհոդ
ամպերն են գամվում
որ որբ են ու ծեր…

…եւ հանգչեն պիտի
պարուրվեն ձյան տակ
արմատից կառչեն
մոլոր ծառերի…
…ձմեռն էլ գիտի
ձյունով բովանդակ
գրկել ու պահել
առանց բառերի…

…քնում է տարին
դա մենք ենք մտել
աշունը կյանքի
այդ մենք ենք մեռնում…
…կյանքի նկարին
եղյամ է պատել
ծածկել ապակին
թողել մեզ հեռվում…

…ու տարին այրված
կննջի ցրտին
երկար ձմեռում
ձյուներում փրկող…
հետո մի հարված
եւ խելառ մարտին
կարթնանա բեղուն
արեւի ներքո…

…մի՞թե մեզ համար
կան նոր գարուններ
նոր աշուն խելոք
իմաստուն ու վեհ…
…բայց ո՞վ է համառ
սիրով պարուրել
ձգում է թելով
ու ասում է՝ ել…

…նրանից կառչե՞մ
ու դառնամ հրթիռ
աշնանն այս ծանծաղ
դեղնատանջ գույնի…
…Նա ունի աչեր
եւ ունի սրտիկ
ունի նա ծիծաղ
ու սեր նա ունի…

…փաթաթվեմ գրկին
փաթաթվեմ թելով՝
պտտվող հոլի
ու խաբեմ տարուն…
…որ ծնվեմ կրկին
աշնան պես խելոք
ամռան պես մոլի
ու նոր, ոնց գարուն…

…ելնեմ արահետ
ձյուներին դիտեմ
դիմեմ այս ահել
կանգուն ծառերին…
…ննջեմ սիրո հետ
քանի որ գիտեմ
գրկել ու պահել
առանց բառերի…