ՆՐԱՆՔ ԸՆԿԱՆ – Ils Sont Tombés – AZNAVOUR

13/05/2014


ՆՐԱՆՔ ԸՆԿԱՆ – Ils Sont Tombés – AZNAVOUR

Շառլ Ազնավուր

Նրանք ընկան անձայն, չիմանալով ինչու`
այրեր ու կանայք, մանուկներ դեռ չապրած,
Նրանք, որ բոլորն էլ ապրել էին տենչում`
տապալվեցին հողին, ասես մարդիկ հարբած։

Նրանք ընկան այրված, հայացքները աստծուն,
եկեղեցու շեմին, այգիներում ծաղկած,
եւ անապատում անջուր։ Անարցունք`
խառնվեցին փոշուն։ Արյունոտ ու ձաղկված…

Եւ չկար մեկը, հայտներ աշխարհին,
որ մի ազգ է խեղդվում իր իսկ արյան մեջ.
Եվրոպան իր ջազն էր զլում կատաղի,
շեփորով խլացնում մանկանց լացը խեղճ։

Նրանք ընկան անխոնջ, և ոչ ոք չցնցվեց,
մարգարե դարձան առանձ հարության.
իսկ միլիոնավոր դիերը ծածկեց
քամին։ Ավազով և մոռացությամբ։

Նրանք չտեսան աչքերը մահի,
զոհվեցին որպես սավառնող թռչուն,
որին գնդակը թռիչքի պահին
հասնում է, դիպչում, իսկ հետո` հրճվում…

Եւ հազարներով ցած ընկան նրանք,
Եւ միլիոններով քշվեցին անվերջ.
հույսի շողերով աչքերում անհագ`
ներթափանցեցին մութ գիշերվա մեջ։

Բայց նրանք ընկան հավատով այն մեծ,
թե որդիքն իրենց, մահից ազատված`
կշարունակեն մանկությունն իրենց
հույս-երկրներում ողջամիտ մարդկանց։

…Ես մի մասնիկն եմ այդ ժողովրդի,
որ շիրիմ չունի, բայց ավարտ,
որն ավելի շուտ մահը կընդունի,
քան թե աշխարհում կապրի անհավատ…

…Նրանք ընկան հավերժ, ժամանակի հետ
եւ Հավերժությունը իրե´նցը արին,
Մահը չհասցրեց տարիք հարցնել
այդ չգիտակցված քաջության պահին…

Քանի որ նրանք մեղք էին գործել`
կոչված լինելով Զավակներ Հայի։

 

Ազատ թարգմանությունը Վահրամ Սահակյանի

Բոլոր թարգմանությունները կարդալու համար՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ