ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՑ՝ ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

02/05/2014


ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՑ՝ ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

-Ո՞վ է նա, այս անվերջ անհանգիստը
դերասան չի, այլ հողմ։ Խենթ է նա…
…բայց հայտնվում էր մեր մեջ այդ արտիստը,
որ ցավից մեր՝ հանկարծ չխենթանանք։

Նա բացում էր սրտի վարագույրը,
ու սփռում ծիծաղի գանձարան,
դառնալով ամենքի սիրած հյուրը՝
իր հոգին դարձնելով կացարան։

Եւ հանկարծ՝ մի բախում,  կյանքը խիստ է,
չներեց ընթացքին եւ թափին…
ու խփվեց ու ցնցվեց այդ արտիստը
փորձության հարվածվեց իր ճամփին։

Եւ նորից մի թատրոն։ Թեեւ նիստ է,
ուր կեղծիքը հեռու չէ ճշտից…
…չի խաղում այս անգամ մեր արտիստը,
երերում ու հեւում է վշտից։

Ու նաեւ երերաց մեր այս հողը,
…մեղադրում, պաշտպանում են համայն
…ոչ նրանք են, ոչ դու տուժող կողմը
տուժողները դա մե′նք ենք միայն։

Ցանկանում ենք փակվի′ վարագույրը
չենք ուզում քեզ տեսնել այդ դերում,
թող մի քիչ հանդարտվի մեր հին հյուրը,
մենք նրան կսպասենք պարտերում։

Նա բախվեց… Ու բախվում է նա միշտ էլ,
ու հայտնվեց խորքերում անձավի…
…մեր արտիստը պարպեց ամբողջ վիշտը
որ ապրենք մենք առանց մի ցավի։

 Վահրամ Սահակյան

2, Մայիսի, 2014