ԱՊՐԵԼ ԱՆԹԱՐԹ

29/04/2014


ԱՊՐԵԼ ԱՆԹԱՐԹ

Ապրել մի կյանք, մի ակնթարթ
քի՞չ է, միթե,
ու չլինել գազան ու մարդ,
լինել թիթեռ…

չշռայլել առանձնապես
խոստում, երդում
ու չկանգնել շատերի պես
կյանքի հերթում…

կրել հոգում մի բուռ շնորհք
մի փոքրիկ գանձ
հղկել նրան, սարքել ողորկ,
ու տալ մարդկանց…

տալ ու տրվել, ու վճարել
մեռնել թեկուզ
հետո հարբել ինչպես Չարենց
մինչեւ էգուց…

սիրուն ապրել արագ, սահուն
հոգով անվախ,
սիրել սերը, չապրել ահում
ոնց ալիգարխ…

սիրել մի կին ու դառնալ  կես
շոյել գոնե,
օդն ու ջուրը զննել ինչպես
Կլոդ Մոնե։

ապրել որպես հնչող տավիղ
օդում, ջրում,
տերյանական մթնշաղի
անուրջներում։

Բանաստեղծությունը Վահրամ Սահակյանի
Նկարը Կլոդ Մոնեի