ԱՆՈՒՆԸ ՄՈՒՍԱ

11/04/2014


ԱՆՈՒՆԸ ՄՈՒՍԱ

Զ-ԻՆ…

Նա այրող, սիրող, երբեմն կոպիտ
մարմնիդ կփարվի
սրտիդ կդիպչի, կթակի հոգիդ
ու կգալարվի։

Ուրախ, կենդանի, մազերը արձակ
տողեր է շարում,
երբեմն լռում, դառնում է արձան,
երբեմն՝ մարում։

Ճեմում է, ժպտում, ծիծաղում, երգում
մի քիչ հուզական,
հեւում ու նվվում, իր սիրած դիրքում
հորիզոնական։

Ու սրտիդ միջից կհանի նոր սիրտ՝
եթե կարկամես,
չկա՞… աղքատ ես, դատարկ ես ու բիրտ
թե կա՝ արքա ես։

Սիրում է, շոյում, տրվում բացարձակ
ասում է՝ հուսա
…նա միշտ կենդանի, մազերը արձակ
անունը մուսա։

 

Վահրամ Սահակյան

10-11 ապրիլի, 2014