ՆՎԵՐ ՎԱՐԴԱՆԻ ՀԻՍՈՒՆՀԻՆԳԻՆ

28/02/2014


ՆՎԵՐ ՎԱՐԴԱՆԻ ՀԻՍՈՒՆՀԻՆԳԻՆ

Դեռ ութսուններից բացեցիր նոր էջ,
յոթանասունից՝ եթե հիշեի,
մարդկանց հոգին ես թարմացնում անվերջ
Վարդան Պետրոսյան դու Եղիշեի։

Դեռ շատ կդիտեն մարդիկ, կկարդան
կծափահարեն՝ թողած ցավ ու դարդ,
թե′ որպես արտիստ, թե′ որպես Վարդան։
…դու որ մարդ էիր ու մնացիր մարդ։

Մեր կյանքը ունի դառնագույն փաստեր,
թե ոնց բարձրացան նրա հատակից՝
հենց քո տարիքի մի քանի աստղեր՝
ու  փշրվեցին փառքի ապտակից։

Կա մի նոր սերունդ՝ անուժ միջակներ,
գրում են, խաղում, նկարում, երգում,
բեմին, էկրանին վխտող միջատներ…
միլիոնով բռակ՝ մեր վերջին բերքում։

Ու մեր սերունդն էլ դուրս եկավ դատարկ,
ծախեցին իրենց հոգին չքավոր,
լիզեցին ամեն շպրտված փշրանք…
…էլ կուսակցական, էլ պատգամավոր…

Ու գերի դարձան հագուստ-կապուստի,
մեկն իրեն դասեց հանճարների շարք,
մեկն ասեց՝ բավ է, անցնեմ հանգստի…
հանդիսատեսին թողելով շշմած…

Դու՝ ամեն վայրկյան անվերջ աճելով՝
տվիր Կոմիտաս, Շառլ ու Վիսոցկի…
Երեւան, Փարիզ…  թե Լոս Անջելոս…
…էլ ի՞նչ մի հայը մյուսից կոծկի…

Դեհ, դեպք պատահեց, լինում է վատթար,
մարդիկ կան կորած, մարդիկ՝ վտարված
ի՞նչ է քո համար մի ավտովթար,
երբ ժողովրդի կյանքն է վթարված։

Բեմը մարտադաշտ, իսկ հողը քեզ հիմք
հանդիսատեսը քեզ գերի անզեն…
ու լինել քո պես  հիսուն, հիսունհինգ…
քսանամյաները միայն կերազեն…

Իսկ Պետրոսյանը՝ Պետրոսյան է միշտ
լինի դա Փարիզ, Գյումրի թե Մարսեյլ,
թե մարդն ինքն իր մեջ շիտակ է ու ճիշտ
հանդիսատեսին չի թողնի անսեր։

 

Վահրամ Սահակյան

27 փետրվար, 2014 

ՄՅՈՒՍ ԳՈՐԾԵՐԸ ԿԱՐԴԱԼՈՒ ՀԱՄԱՐ՝ ՍԵՂՄԵԼ ԱՅՍՏԵՂ։