Վ. Սահակյանի մասին

14/07/2013


Նախ զգուշացնենք ՄԻ ՊԱՐԶ ԲԱՆ։
Վահրամ Սահակյանը ԵՐԲԵՔ քաղաքականությամբ չի զբաղվում, ոչ մեկ կուսակցության կամ խմբավորման անդամ չէ ու երբեք էլ չի եղել։
Եթե կան անձինք, որ ինչ-որ հոդված կարդալով կամ ներկայացում նայելով ասեն, թե իբր Վահրամ Սահակյանը պաշտպանում կամ հայհոյում է այսինչ կամ այնինչ քաղաքական-հասարակական ուժին՝ կնշանակի ասողն իր կյանքում պարզապես չգիտի, թե ԻՆՉ ԲԱՆ Է ԵՐԳԻԾԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ, ԻՆՉ ԱՍԵԼ Է ԵՐԳԻԾԱԲԱՆ։
Յուրաքանչյուր հոդվածում կամ ելույթում երգիծաբանը խոսում է որոշակի բացասական երեւույթի մասին, ծաղրում եւ մերկացնում է այն՝ լինի իշխանական, լինի ընդդիմադիր եւ այլն։
ԱՀԱՎՈՐ ԲԱՆ Է ԿՅԱՆՔՈՒՄ ԼԻՆԵԼ ՄԻԱԲՋՋԻՋ ԵՎ ԲԵՎԵՌԱՑՎԱԾ, ՏԵՍՆԵԼ ՍԵՎԸ ԿԱՄ ՍՊԻՏԱԿԸ։
Երգիծաբանը, գրողը ՆԿԱՏՈՒՄ Է  այն, ինչը ՉԻ ԿԱՐՈՂ ՆԿԱՏԵԼ ՈՉ ԵՐԳԻԾԱԲԱՆԸ, ԸՆԹԵՐՑՈՂԸ, ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ։ Դրա համար էլ աշխարհում կան գրողներ, նկարիչներ, երաժիշտներ եւ կան ընթերցողներ ու հանդիստատես։
Իսկ հանդիսատեսը միայն կարող է միայն ԳՆԱՀԱՏԵԼ արվեստագետին, այլ ոչ զբաղվել նրա գործով կամ ամենուր գովել, չարախոսել կամ մեկնաբանել նրա ստեղծագործությունը։
Եթե որեւէ մեկն այս պարզ բաները չի հասկանում՝ թող հեռանա մեր կայքից։
Եթե որեւ մեկը չի հավանում որեւէ հոդված, ակնարկ կամ պատմվածք՝ թող չկարդա, մենք դենք աշխատում բոլորի համար։
 
————————-
ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ
vvss
 
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
 Վահրամ Սահակյան ծնվել է շատ զգույշ, 196? թվականի սեպտեմբերի 22-ի ժամը 23.50-ից մինչեւ սեպտեմբերի 23-ի 00.12-ը, այսինքն 22 րոպեում։ Այսինքն՝ ճկունություն է ցուցաբերել այնքանով, որ ոչ մի համաստեղության տակ չի ծնվել, ու մինչ այսօր չի պատասխանում՝ «Դուք ԳԱՌ-ասկոպի ո՞ր նշանի տակ եք ծնվել» տափակ հարցին։ Բացի դրանից սեպտեմբերի 22-ը, թե 23-ը գիշերահավասարներ են, այսինքն գիշերն ու ցերեկը հավասար են։
Դա՝ հասկացողի համար։
Ասում են, որ նրա ծնունդը ժամանակի պահանջն էր։ Բայց հեղինակը, որը շատ է տարբերվում մեր այսօրվա անշնորհք կինոռեժիսորներից (մանավանդ՝ ընդդիմադիր դարձած անտաղանդներից) եւ հիվանդ դերասաններից՝ համաձայն չէ այդ մտքի հետ։ Ուղղակի պետք է իմանաս, երբ ծնվես, ինչու եւ ինչպես, այդքան բան։
Ունեցել է բարեկեցիկ մանկություն, երբ ցանկացել է՝ կերել է պաղպաղակ… Երբ ցանկանար՝ կքշեր հեծանիվ, բայց չի ցանկացել…  (Ի միջիայլոց, բոլոր էսօրվա մեծահարուստ կամ պաշտոնյա ռախիդները նման հնարավորություններ մանկության տարիներին չեն ունեցել, դրա համար էլ հիմա մեր ջանից են հանում (չնայած հետո կտեսնենք, թե ով ում ջանից ինչ կհանի)։
Անցանք առաջ։ Հինգ տարի սովորել է դպրոցում, գրիչ կամ մատիտ բռնել չի սիրել, ավելին չի բռնել։ Բոլորը կարծում էին, որ վերջ՝ էս երեխան ատրճանակ բռնելուց բացի, ուրիշ բան չի բռնի։ Բայց տանը հայտնվեց մի փոքրիկ գրամեքենա, երեխան սկսեց զբաղվել դրանով ու հիմա թե՛ ստեղնաշար է բռնում, թե՛ ատրճանակ, եւ թե՛ МУХА մակնիշի ականանետ… Այնուհետ նրանց ընտանիքը տեղափոխվել է քաղաքի մի ծայրից մյուս ծայրը՝ Աջափնյակից մինչեւ Չարենցի փողոց։ Բայց դպրոցը չի փոխել, քանի որ մայրը այդ դպրոցում էր աշխատում։ Այդ պատճառով էլ նա համարյա դադարել դպրոց հաճախելուց, հիմնականում մնացել է տանը, զբաղվեց ինքնակրթությամբ, կարդացել է, լսել է երաժշտություն, ինչն էլ նրան ինչ-որ կերպ սարքել է մարդանման առարկա։ Դպրոցն ավարտել է համարյա երեքներով… Բայց ի՞նչ անենք։ Մյուս գերազանցիկները հիմա յարմրկաներում (տոնավաճառներում)  վարտիք են ծախում։ Դպրոցն ավարտելուց, ավելի շուտ չավարտելուց հետո՝ չգիտես թե ինչու ընդունվել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը։  Թե ինչ է արել այդ տարիներին՝ չի հիշում։ Մանր-մունր մանրապատումներ էր գրում, իբր թե բեմադրում եւ այլն… Ավելի շատ որպես դերասան, խաղում էր մյուս ուսանողների բեմադրություններում։ Ինստիտուտի միակ առավելությունն այն էր, որ Վահրամ Սահակյանը ծանոթացավ Վարդան Պետրոսյանի հետ, որն էլ թեեւ նկարիչ էր, բայց արդեն իր թատերական ջազ խմբակն էր ստեղծել ինստիտուտի ներսում։ Եվ դրա պատճառով, 1985 թվին նրանք միասին որոշեցին բացել մի երգիծական թատրոն։ Քանի որ «Ոզնի» երգիծական հանդեսի խմբագրությունը շատ օգնեց այդ նորաբաց թատրոնին, այն անվանվեց «Երիտասարդ ոզնիներ», ինչն էլ հետո, 1987 թվականին ստացավ պաշտոնական կարգավիճակ, դարձավ Հայաստանի առաջին տնտհաշվարկային, այսինքն՝ ոչ մի տեղից չսնվող թատրոնը ու կոչվեց «Ոզնիներ»։
Մինչեւ 1992 թվականը Վահրամ Սահակյանը «Ոզնիներ»-ում եղել է դերասան մանրապատումների եւ պիեսների հեղինակ։
92-ին գրել է «Երեւան-Լոս Անջելոս» տեսաֆիլմի սցենարը։ 1992-ից 1994-ը անցկացրել է Փարիզում, ուր Վարդան Պետրոսյանի հետ նկարահանվել են «Ոզնիների» առաջին ֆիլմերը։ Ընթացքում եւ հետո՝ կրկին զբաղվել է տեսաֆիլմեր ստեղծելով։ 1996 թվականին գրել է «Խաթաբալադա» պիեսը։ 1997-ին, Վարդան Պետրոսյանի հետ միասին գրում է «Կես լուրջ, ութ ու կես կատակ» եւ «Մեր քեռին ձեր բակում»  երգիծական շոու-ներկայացումները։ Այդ թվականներից սկսած եղել է «ԱՐ» հեռուստաընկերության հիմնադիրներից մեկը, պատրաստել է «Ոզնի-Շոու» անվանվող հաղորդաշարը։ 1999 թվականին գրել է «Ծերունին եւ սովը» դրաման, որը ցավոք, ինչ-ինչ տեխնիկական պատճառներով կարճ կյանք ունեցավ։
Այս բոլոր տարիների ընթացքում գրել է հոդվածներ, էսսեներ, պատմվածքներ, բանաստեղծություններ, որոնք տպագրվել են տարբեր ամսագրերում եւ թերթերում։ Թարգմանել է Շարլ Ազնավուրի, ինչպես նաեւ որոշ ֆրանսիացի հեղինակների չափածո ստեղծագործություններ։ Հիմնել է VdigiStudio տեխնիկապես գերհարուստ ստուդիան, որը հիմա վերանվանվելով   VSS՝  տեխնիկապես եւ որակապես միանգամայն տարբերվում է մյուս ստուդիաներից։ Նկարահանվել են բազմաթիվ հոլովակներ, ֆիլմեր եւ այլն…
2000 թվականին գրել է «Բարեւ, ես մնում եմ» կատակերգությունը (գլխավոր դերում՝ Աշոտ Ղազարյան)։ Այնուհետ, սկսում է աշխատել Mea Culpa («Իմ մեղքը») պիեսի վրա, որը՝  բեմադրվելով՝ 2002 թվականից ներկայացվում է մինչ այսօր։
Նույն ժամանակներում գրվել է նաեւ «Բուրատինո կամ Ժանգոտ Բանալին» պիեսը։ Այն վերջապես բեմադրվեց 2009 թվականին, խաղացվեց 5 անգամ՝ սակայն հետո, դերասանների բացակայության, հիվանդության եւ այլ պատճառներով այն դադարեց ներկայացվելուց։
2002 թվականին լույս է տեսնում «Սեւ աչքեր, ճերմակ սփռոց» սիրավիպակը։ 2005 թվականին լույս է տեսնում «Թերիները» էսսեների եւ հոդվածների ժողովածուն։
2009 թվականին ավարտել է «Ցմահ կախաղան» վեպը։
2010-ից մինչեւ 2012-ը գրել է չորս պիես, որոնք չեն բեմադրվել՝ հիմնականում դերասանների սերիալային զբաղվածության պատճառով։
2014-ին հրատարակել է «ԵՍ ԻՄ ԱՆԿՅՈՒՆԻՑ» բանաստեղծությունների ժողովածուն եւ «ՎԱՐՁՈՒ ԻՆՔՆԱՍՊԱՆՆԵՐ» վեպը։ 2015-ին՝ «ԱՆՈՒՆԴ ՄՈՒՍԱ» բանաստեղծությունների ժողովածուն։ 2015-ից աշխատում է միանգամայն նոր տրակիմեդիայի վրա, որը կներկայացվի 2016-ի սկզբին։ ։
Ապրում է մենակ, վարձած բնակարանում, չունի ոչ մի ունեցվածք, ոչ մի սոցիալական ապահովվածություն, բայց չի նվնվում։
Կուզի՝ կարտագաղթի, չի ուզի՝ էլի կարտագաղթի, բայց հասցնի էսկալացիայի եւ դա չի դարձնի խոսակցության առարկա։
Ընտանեկան վիճակը՝ անհասկանալի։
Մյուս մասնաիտությունը՝ պրոֆեսիոնալ խոհարար՝ իր հնարած եւ իտալական ուտեստներով (ուտողները գիտեն)։
Հոբբիները։
Համակարգիչ (աուդիո-վիդեո մոնտաժ), ինտերնետ եւ այլն… Օգտագործել եւ օգտագործում է միայն եւ միմիայն “Macindosh” տեսակի համակարգիչ։
Երաժշտասեր է (աուդիոֆիլ), լսում է նոր ջազ, դասական եւ այլն, թեեւ ունի CD-ների հսկայական հավաքածու, բայց գերադասում է լսել ՎԻՆԻԼՈՎ, շատ է խոսում երաժշտության որակից, տեխնիկայից, զզվում է, երբ youtube-ից երաժշտություն են լսում։։
Չի սիրում – ցածրախավ անձանց (կեղտոտ արյուն), ժողովուրդ բառը գործածող անասնակերպ «գործիչների»  ու սեւ («հայկական») սուրճ։
Խմում է Էսպրեսո, երբեմն (4 տարին մեկ անգամ),  մաքուր բժշկական սպիրտ եւ ոչ տեղական արտադարության հյութեր։
Ծխում է քիչ։ Գերադասում է կարմիր “Mallboro», բարակ սիգարետներ չի սիրում։
Առայժմ՝ այսքանը։
DSCN7423