ԼԻՆԵԼ (Շառլ Ազնավուր)

02/01/2014


ԼԻՆԵԼ (Շառլ Ազնավուր)

Լինել, լինե´լ,
եւ ծնունդը միշտ վերհիշել`
լուսաբացին ճերմակագույն,
ուր կար այրվող մի վառ գիշեր…
Լինել հուշեր։

Լինել, լինե´լ.
լռությունից թռչել հանկարծ,
սրտի հալվող սառույցների`
ցո´լքը լինել համատարած…
Լինել ծնված։

Լինել եւ սե´րմ, լինել պտու´ղ`
անապատում այս չորացած,
լինել որպես ծաղկուն մի ճյուղ`
ջերմ ապրիլյան ծառից ելած…
Լինել կապված։

Լինե´լ նորից.
էությունը գիտակցելով`
լինել անքուն եւ անվարան,
մի սեր լինել արեւալի,
սիրել մինչեւ պահը մահվան`
գուցե նաեւ է´լ ավելի…

Լինե´լ, դառնալ
արձագանքը հին փորձության,
եւ բառ լինել երբեք չօծված,
լուռ ընդունել տանջանք ու ցավ`
այդ խոսքերով չօգտագործված…

Լինել, լինե´լ`
եւ խուսափել դարանակալ
խարդավանքից հանկարծահաս,
հրաբուխներ պատրաստակամ
մարել։ Սանձե´լ ժամանակն այս։
Լինել անհաս։

Լինել… Մեռնել,
որ իրենց պես նորի´ց ծնվեն
երազներն այս անհանգրվան,
մահկանացու´ լինել էլի,
սիրել մինչեւ պահը մահվան,
գուցե նաեւ է´լ ավելի…

Գուցե նույնիսկ փորձել զատել
հոգին մարմնից։ եւ անկաշկանդ`
սիրել մինչեւ պահը վերջին…
Գուցե նաեւ ավելի շատ։

 Շատ ազատ թարգմանությունը Վահրամ Սահակյանի