JE BOIS ԵՍ ԽՄՈՒՄ ԵՄ – Ազնավուր

17/07/2013


JE BOIS  ԵՍ ԽՄՈՒՄ ԵՄ – Ազնավուր

(Ազատ թարգմանություն՝ Շառլ Ազնավուրից)

Ես խմում եմ, որ մոռանամ տարիները այն դատարկ,
որ անցկացրինք մենք համատեղ, բայց միայնակ ու անսեր.
ես խմում եմ, որ ձեռք բերեմ գոյատևման մի պատրանք,
և մեռնելու փորձ չեմ անում, քանզի շատ եմ եսասեր։

 

Ես խմում եմ, որ չհիշեմ` փախուստն անմիտ, հետադարձ,
և դատարկված սրտերը մեր։ Հեղուկի մեջ քամելով`
դժոխքի հետ զնգացնում եմ բաժակը իմ և ստիպված
ջրում լյարդիս ցիրոզային բորբոքումը` խմելով։

 

Օր-օրի´ եմ խմում արդեն` սխալների իրական
և ժամերի համար այն նենգ, որ մեզ գազան են դարձնում,
ես խմում եմ սիրո համար` անարժեք ու դիվական,
հաճախ ուրախ, բայց արցունքոտ, իր լռությամբ մահացու։

 

Մեր ձախողված կյանքի համար` կարծես խմում եմ հատո՛ւկ,
(վերհիշելով պահը երդման` ձեռքդ պարզած սուրբ գրքին)…
որովայնի՛դ համար դատարկ, որն այդպես էլ անպտուղ
մնաց։ Քանզի` խառնշտեցիր անկողիններ և երկինք։

 

Ես խմում եմ վիժված բախտիս և կոմպլեքսներիս համար.
մոտենում եմ սեռախաղիդ, սիրածներիդ կենացին,
մի մեծ գավաթ ըմբոշխնում եմ կլիմաքսիդ համար այն,
որը ծպտյալ քեզ է սպասում` ոչ հեռու շրջադարձին։

 

Ամուսնական կյանքի օրհնյալ գավաթներն եմ ես ըմպում,
սկանդալների վախից դրդված` չեմ արաձակում ոչ մի բառ…
Նստվածքն անգամ կուլ եմ տալիս և հիշում ամեն հպում`
պոռնիկների հետ անբաժան… …կենակցումնե՛րը պաղ։

 

Ես խմում եմ նրա համար, Լավագույնն անընդհատ`
քեզ ճարպագունդ դարձնելով` փախչում-դառնում է մի հուշ,
և կատարվող փառքի´ համար… (ինչպես երկու ավտոմատ)
և պրոստատի այն բորբոքման, որ կունենամ վաղ թե ուշ։

 

Եւ հարբում եմ հատկապես, որ լա՛վ խեղդեմ ցավերն իմ,
հեռու վանեմ մեզ զոհողող սառնությունը, առհավետ։
Ներս եմ քաշում ինչպես մի անցք, որ նման է այն մեկին`
ինչ Սատանան, իմ իսկ ձեռքով` ինձ համար է հորատել…

 

…Ես խմում եմ, Տեր Աստված` սովորությունից անբարիշտ,
արբենում եմ, որ հասկանամ, ճի´շտ ըմբռնեմ վերջը
մենությունիս` ավելի շատ, որ մոռանամ քեզ ընդմիշտ,
որ ձանձրացնե՜մ, որ զզվացնե՜մ, համը հանեմ վերջապես։

 Վահրամ Սահակյանի մյուս թարգմանություններն ու բանաստեղծությունները կարդալու համար, սեղմեք ԱՅՍՏԵՂ